«Պետք է շարունակենք զիջել. սա է Փաշինյանի տրամաբանությունը». Աննա Կարապետյան
«Բանակցային գործընթացի տրամաբանությունը հասկանալու համար կարևոր է նախ հասկանալ, թե 2020թ. նոյեմբերի 10-ին որ կողմն ինչ դիրքավորում որդեգրեց և ինչ խնդիրներ էր հետապնդում»,- «Արցախի արդի մարտահրավերները․ Բերձորի հանձնում, նոր պատերա՞զմ» թեմայով քննարկմանը նշեց «Հայացք» վերլուծական կենտրոնի տնօրեն Աննա Կարապետյանը:
Նրա խոսքով, Ադրբեջանը պատերազմի ավարտից ի վեր իր առաջ դրել է երկու հիմնական խնդիր. առաջին՝ մարսեցնել պատերազմի փաստը, որպես էդպիսին, որովհետև բոլորի համար ակնհայտ էր և այդ թվում՝ համանախագահողների կողմից արձանագրվել էր, որ հենց Ադրբեջանն է եղել Արցախի դեմ ագրեսիան սանձազերծողը, և երկրորդ՝ հանրային ընկալումներում մարսեցնել պատերազմի ելքը:
«Ցավոք, պիտի արձանագրենք, որ ընդհանուր առմամբ Ադրբեջանին առ այսօր հաջողվում է լուծել իր առջև դրած խնդիրները: Դրա առաջին ցուցիչն այն է, որ պատերազմից հետո, ըստ էության, ոչ Ադրբեջանը, ոչ նրան ակնհայտորեն ու բազմակողմանի աջակցող Թուրքիան որևէ միջազգային պատժամիջոցի, սանկցիայի կամ գոնե քաղաքական գնահատականի չարժանացան միջազգային հանրության կողմից: Դա ազդակ էր Ադրբեջանին, որ պատերազմը մարսված է և կարելի է հանդես գալ պահանջողի կոշտ դիրքերից: Ավելին, Ադրբեջանն այսօր ակտիվորեն միջազգային հանրությանը ներգրավում է պատերազմի արդյունքում իր ազդեցության տակ անցած տարածքների վերականգնման տնտեսական ծրագրերին:
Ինչ վերաբերում է մյուս խնդրին՝ պատերազմի ելքը մարսեցնելուն, այստեղ Ադրբեջանը հստակ ռազմավարություն որդեգրեց, որոնցից առաջինն ամեն գնով ձերբազատվելն է Մինսկի խմբի համանախագահության ձևաչափից, ինչը հասկանալի է, որովհետև համանախագահությունը ինստիտուցիոնալ հիշողություն կրող մարմին է, որը հստակ ամրագրել է, որ իր ներքո կարգավորման գործընթացը պետք է ապահովի Հելսինկյան 3 հիմնարար սկզբունքների իրացումը, որոնցից մեկն ինքնորոշման իրավունքն է: Հետևաբար՝ Ադրբեջանն ամեն գնով ցանկանում է ազատվել այս ձևաչափից, որպեսզի ազատվի նաև այս սկզբունքից:
Մյուսը՝ Ադրբեջանը կտրականապես հրաժարվում է քննարկել Արցախի կարգավիճակի հարցը և բազմիցս հայտարարել է, որ արցախյան հակամարտությունը այլևս կարգավորված է, դրա մասին նույնիսկ խոսել տեղին չէ, հետևաբար՝ պետք է խոսենք բացառապես Ադրբեջան-Հայաստան հարաբերությունների կարգավորման, խաղաղության պայմանագիր կնքելու մասին, և ողջ գործընթացը տանում է հենց այդ տրամաբանությամբ: Ցավոք, պետք է արձանագրենք, որ միջազգային հանրության բառակազմում այս մոտեցումները աստիճանաբար տեսնում ենք, և դրա վկայություններից մեկը նոր ձևավորված ձևաչափն է՝ Ադրբեջան, Հայաստան, Եվրամիություն, որով ընթանում են բանակցությունները:
Եթե առաջին հանդիպումից հետո տարածված հայտարարության մեջ խոսվում էր հակամարտության հաղթահարման անհրաժեշտության մասին, ապա երկրորդ հանդիպումից հետո հայտարարության մեջ ընդհանրապես Արցախ, արցախյան հակամարտություն չէր հիշատակվում: Խոսվում էր բացառապես Ադրբեջան-Հայաստան պայմանագրի և երկխոսության մասին: Արդեն 3-րդ հայտարարության մեջ մենք տեսանք Ղարաբաղի հայության իրավունքներին վերաբերող խնդիր»,- մանրամասնեց Աննա Կարապետյանը:
Խոսելով Հայաստանի բանակցային հայեցակարգի մասին, փորձագետը նշեց, որ Հայաստանն ի սկզբանե որևէ հայեցակարգ չձևավորեց:
Նրա խոսքով, պատերազմի ավարտից ի վեր, բացի, այսպես կոչված, ամեն գնով խաղաղություն կառուցելու, խաղաղության դարաշրջան բացելու մոտեցումից, մենք չլսեցինք, թե ինչ է ակնկալում ու պահանջում հայկական կողմը բանակցային գործընթացից: Լսում էինք խաղաղության օրակարգի մասին խոսակցությունները և հայտարարությունների մակարդակով անդրադարձ գերիների վերադարձի մասին, կարգավիճակի հարցի մասին՝ առանց ինքնորոշման իրավունքի, չդրվեց նաև դեօկուպացիայի խնդիր, որովհետև պատերազմից հետո այնպիսի տարածքներ անցան Ադրբեջանի վերահսկողության տակ, որոնց մասին երբևէ չի բանակցվել:
«Այսօր Լաչինի միջանցքում տեղի ունեցողն ընդհանուր առմամբ և Հայաստանի ղեկավարի հռետորաբանությունը լիովին տեղավորվում է այն ամբողջ ձեռագրի համատեքստում, որ մենք տեսնում ենք նոյեմբերի 10-ից ի վեր: Այսինքն՝ խախտվում է նոյեմբերի 10-ի պայմանավորվածությունը, Հայաստանի իշխանությունը սկզբից ասում է, որ իրենք դեմ են դրան, հետո արդեն սկսում են սեփական ժողովրդին ահաբեկելով, որ կլինի պատերազմ, ստիպել, որ մենք պետք է զիջենք: Նիկոլ Փաշինյանի վերջին ասուլիսը, ըստ էության, նույն տրամաբանության մեջ էր: Ադրբեջանը պատրաստվում է պատերազմի, իսկ մենք պետք է զիջենք Աղավնոն, Բերձորը և երրորդ գյուղը, որտեղ Փաշինյանը վստահ էլ չէր՝ բնակիչներ կա՞ն, թե՞ ոչ: Պարտությունը նոյեմբերի 10-ին չի դադարել, այն հետևողականորեն քայլ առ քայլ շարունակվում է»,- արձանագրեց Աննա Կարապետյանը:
Աննա Դեմիրճյան