«Դու լկտիաբար ստում ես». Նաիրա Զոհրաբյանը՝ Նիկոլ Փաշինյանին

«Նիկոլ Փաշինյանը երեկ վտանգավոր հայտարարություն արեց, հաստատեց, որ Բերձորը, Աղավնոն և Սուս գյուղը հանձնելու են Ադրբեջանին»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց քաղաքական գործիչ Նաիրա Զոհրաբյանը։

«Այսինքն՝ 3 բնակավայր առաջիկայում հանձնվելու է, դա չի լինի հուլիսի 1-ին, բայց կլինի հուլիսի մեջ, որովհետև շրջանցող ճանապարհի ասֆալտապատումն ավարտում են։ Փաշինյանի ամենացինիկ հայտարարությունը՝ մարդիկ հանձնելու են իրենց տները, մարդիկ դուրս են գալու իրենց բնօրրաններից, և գիտե՞ք՝ ինչ է ասում Նիկոլ Փաշինյանը, ցիտում եմ՝ «Էն մյուս կապը, որ արբեջանցիները տալու են մեզ, ավելի արագընթաց և որակյալ կապ է լինելու»։ Դա նույն բանն է, որ գան, քեզ տնից հանեն, ասեն՝ ոչինչ, դրա փոխարեն ես քեզ Այֆոն-14 եմ տալու։

Ի դեպ, ինքը ստում է, երբ ասում է, որ այս պահին Բերձորում, Լաչինում բնակչություն չկա։ Դու ստո՛ւմ ես, Նիկո՛լ, քո հայտարարությունից հետո ես զանգել՝ ճշտել եմ, հենց այս պահին Լաչինում 250 մարդ է բնակվում, Աղավնոյում՝ 197, ու դու երեկ լկտիաբար ասում ես, որ Լաչինում բնակչություն չկա, Աղավնոյի բնակչության հարցն էլ Արցախի կառավարությունը կլուծի, բայց ոչինչ, որ դուք տնավեր եք լինելու, ոչինչ, որ դուք լքելու եք ձեր տունը, ձեր օջախը, որտեղ ծնվել է ձեր զավակը։ Նիկոլ Փաշինյանը դրա փոխարեն Այֆոն-13 կնվիրի․․․»,- ասաց Զոհրաբյանը։

Անդրադառնալով Փաշինյանի այն հայտարարությանը, թե ԵԱՀԿ Մինսկի խումբն է պահանջել, որ Արցախի կարգավիճակի վերաբերյալ նշաձողը իջեցվի, Զոհրաբյանն ասաց․

«Դու լկտիաբար ստում ես, որովհետև անգամ պատերազմից հետո եղել է Ռուսաստանի նախագահի հայտարարություն, 2021 թվականի հունվարին եղել է ռուս համանախագահ Իգոր Պոպովի լայնածավալ հարցազրույցը, եղել է Մակրոնի հայտարարությունը, եղել է ԱՄՆ Պետդեպի հայտարարությունը, ԱՄՆ դեսպանի հայտարարությունը, որ պատերազմով Լեռնային Ղարաբաղի խնդիրը չփակվեց, ԵԱՀԿ Մինսկի խումբը պետք է շարունակի երեք հիմնարար սկզբունքների հիման վրա՝ ուժի չկիրառում, տարածքային ամբողջականություն և ազգերի ինքնորոշման իրավունք։ Այնպես որ, ԵԱՀԿ Մինսկի երկրները, տվյալ դեպքում՝ Ռուսաստանը, Ֆրանսիան և ԱՄՆ-ը քեզանից չէին կարող պահանջել՝ իջեցնել Արցախի ինքնորոշման նշաձողը»։

Խոսելով «ասուլիսի» ընթացքում Փաշինյանի՝ բանակցային փաթեթի վերաբերյալ արված հայտարարությունների մասին, Նաիրա Զոհրաբյանն ասաց.

«Ասում է՝ հա, ես բան չեմ ասում, այդ բանակցային փաթեթներում կարգավիճակ բառը գրված է եղել, բայց դուք հասկանո՞ւմ եք՝ կարգավիճակ ի՞նչ է նշանակում, կարող է՝ այդ բանակցային փաթեթում գրված կարգավիճակը նշանակում է՝ կարգավիճակ Ադրբեջանի կազմում։ Այսպիսի մանիպուլյացիա՞, ԵԱՀԿ Մինսկի խումբն այս 30 տարվա ընթացքում բազմաթիվ համանախագահներ է ունեցել, որոնցից որոշները մեռել են, հիմա նրանք իրենց գերեզմանում շարժվեցին։ Մարդիկ բանակցել են կոնկրետ կարգավիճակի վերաբերյալ՝ միջանկյալ կարգավիճակ, որից հետո պետք է լիներ միջազգային հանրության կողմից երաշխավորված և միջազգային հանրության կողմից ընդունվելիք հանրաքվե, բայց էս մարդն ասում է՝ Լևոնը, Ռոբերտը, Սերժը ֆռռացրել են ձեզ, այդ կարգավիճակ բառը նշանակել է՝ կարգավիճակ Ադրբեջանի կազմում։

Դիմում եմ Իլհամ Ալիևին, առաջարկում եմ ձեզ պաշտոնանկ անել ձեր Արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովին, նա չի կարողանում այնպես մեկնաբանել բանակցային փաթեթը, չի կարողանում այնպես մեկնաբանել 1993 թվականի ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի 4 բանաձևերը․․․

Երեկ Նիկոլն ասաց՝ չէի ուզում ասել, բայց էս էլ ասեմ։ Մենք դա միշտ նրբորեն շրջանցել ենք, բայց կարդացե՞լ եք ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի 93 թվականի 4 բանաձևերը։ 15 տարի ես Ստրասբուրգում լսել եմ,  թե ինչպես էր ադրբեջանական պատվիրակության ղեկավարն իրեն ճղում, ասում այն բանաձևերը, բայց նրանցից ոչ մեկը չկարողացավ այնպես հիմնավորել այդ բանաձևերի հակահայ բնույթը, ինչպես դա երեկ արեց Նիկոլ Փաշինյանը։

Ուստի, Իլհամ Հեյդարովիչ, առաջարկում եմ՝ պաշտոնանկ անել Բայրամովին և Նիկոլ Փաշինյանին նշանակել Ադրբեջանի Արտաքին գործերի նախարար, որովհետև, Սամադ, կներես, դու այդպես չէիր կարողանում 15 տարի Ստրասբուրգում հիմնավորել ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի 4 բանաձևերը, որ դրանք ուղղակիորեն նշանակում են, որ Արցախն Ադրբեջանինն է, որ Հայաստանն ագրեսոր է, ինչպես դա երեկ արեց Նիկոլ Փաշինյանը։

Կարծում եմ, որ ի դեմս Արտաքին գործերի նախարար Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանը կկարողանա Հայաստանից նորանոր տարածքներ զավթել և հիմնավորել այն, ինչ ասում է Ալիևը, բայց լավ չի հիմնավորում, որ Զանգեզուրն էլ է ձերը, Էրիվանն էլ է ձերը, Սևանն էլ ձերն է։ Առաջարկում եմ առաջարկս քննարկել Միլի Մեջլիսի առաջիկա նիստերից մեկում․․․»։

Տեսանյութեր

Լրահոս