Գնաց ու վե՞րջ… Պատասխաններ տալու ժամանակը

Վերջին ժամանակաշրջանում Հայաստանի վրա ամենադրական հետք թողած իրադարձությունը Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի (ՔԱԿ) նախագահ Տաթևիկ  Ռևազյանի հրաժարականն էր։ Ինչ-որ պահի սկսեց թվալ, որ այսքան տառապանքներ և ստորացումներ ապրած ավիացիայի ոլորտը վերջապես վերածնվելու է։

Եվ, իրոք, վաստակավոր մարդու՝ Միհրան Խաչատրյանի նշանակումը վերջին 4 տարիների խայտառակությունից հետո հասարակության կողմից ընդունվեց որպես շատ դրական և խոստումնալից քայլ։ Նրանից ակնկալվում է, որ ամեն ինչ կանի հայկական ինթնաթիռների համար Եվրոպայի օդը բացելու ուղղությամբ, որից մեզ հաջողությամբ զրկեց Տաթևիկ Ռևազյանը:

Այս պահին ավիացիոն հանրության մեջ ամենից շատ շրջանառվող հարցը մեկն է՝ արդյո՞ք տրվելու են համարժեք պատասխաններ այն ամենի համար, ինչ կատարվեց ոլորտում վերջին 4 տարվա ընթացքում, թե՞ ոչ, արդյո՞ք Պետական վերահսկողական ծառայությունը (ՊՎԾ), Ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ) և այլ համապատասխան մարմիններ պատրաստվում են լայնամասշտաբ ուսումնասիրություններ իրականացնել «սիրուն աղջկա» արած-չարածների վերաբերյալ։

Մի փոքր հետհայացք գցելով անցյալ 4 տարիներին՝ անկեղծորեն չես կարողանում հավատալ՝ 21-րդ դարի տեղեկատվական հասանելիության այս դարաշրջանում ինչպես մեր հասարակությունը հանդուրժեց այն խայտառակությունները, ինչի միջով անցավ այս ոլորտը։

Պաշտոնավարման առաջին իսկ օրվանից արտաքինից հեզ, Էդմոն Մարուքյանի ասած «սիրուն աղջիկը», ըստ ՔԱԿ աշխատակիցների, ցուցադրեց իր կոնֆլիկտային և դեստրուկտիվ էությունը՝ պառակտելով և բարոյազրկելով ռազմավարական նշանակության մի կառույց, որը մշտապես եղել է ցուցադրության արժանի: Արդյունքում՝ մի շարք արժանապատիվ և պրոֆեսիոնալ աշխատակիցներ հեռացան ոլորտից։ Այս մասին բազմիցս անդրադարձ է կատարվել մամուլում։

Այնուհետև Տաթևիկ Ռևազյանն անցավ իր ամենասիրած գործին, այն է՝ շրջագայել աշխարհով մեկ և խայտառակել Հայաստանը նաև մեր սահմաններից դուրս։

Հիշեցնենք միայն նրա ասիական և եվրոպական, հարկատուների գրպանից վճարված, շաբաթներ տևող թանկարժեք ուղևորությունները։

Հիշեցնենք նաև, որ հերթական ուղևորությունից հետո այդ «սիրուն աղջիկը» հպարտորեն ներկայացրեց պաշտոնական հաշվետվություն այն մասին, թե ինչ կոնստրուկտիվ հանդիպում և առանձնազրույց էր ունեցել Ադրբեջանի ավիացիայի ղեկավարի հետ՝ տեղյակ չպահելով ՀՀ ԱԳՆ-ին։ Թե ինչով ավարտվեց այս դրվագը, ինչ «արդյունքներ» գրանցեց, մնաց անորոշ, ինչի մասին էին խոսել, ևս մնաց մութ։

Շարունակելով ադրբեջանական թեման՝ անշուշտ, չի կարելի մոռանալ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի այն ստորացուցիչ արտահայտությունը, որտեղ նա մեր պետությունը համեմատեց տրագիկոմեդիայի հետ՝ մեջբերելով հայկական օդանավի՝ Իրանում «հանկարծակի» հայտնվելու փաստը։

Սա այն ժամանակն էր, երբ Հայաստանի ավիացիան ապրում էր իր ամենածանր ու ամոթալի էջերից մեկը, երբ ոլորտի մասնագետների աչքերի մեջ կարելի էր կարդալ միայն հուսալքվածություն և ամոթ։ Ամբողջ աշխարհի մամուլը ողողված էր այս նորությամբ, իսկ Տաթևիկ Ռևազյանը շարունակում էր վայելել իր կյանքը՝ առանց որևէ պատասխանատվության և խղճի խայթի։

Հիշեցնենք, որ այս խայտառակ պատմությունը ևս չունեցավ ոչ մի հետևանք: Հատկանշական է նաև 44-օրյա պատերազմի օրերին Տաթևիկ Ռևազյանի գործունեությունը, որն աչքի ընկավ մի շատ հետաքրքիր փաստով: Այդ ժամանակ նա իր ամուսնու և երեխայի հետ ապրում էր երկրի Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի (ՔԱԿ) աշխատասենյակում՝ բնականաբար, աշխատակազմի մոտ ստեղծելով աննկարագրելի լարվածություն։

168.am-ի տեղեկությունների համաձայն՝ նրա ամուսինը սպորտային համազգեստով շրջում էր պետական այս կառույցի միջանցքներով, որոշ դեպքերում՝ կնոջ անունից հանձնարարականներ տալիս աշխատակիցներին, ուներ ազատ ելք ու մուտք դեպի հատուկ վերահսկելի գոտիներ, որտեղ մարդկանց մուտքը խիստ սահմանափակ է, և, անշուշտ, պատերազմի այդ լարված օրերին հսկողությունը պետք է որ կրկնակի լիներ։

Մեկ այլ հատկանշական դրվագ էր հայ զբոսաշրջիկներին ՀՀ վերադարձնելու փաստը, երբ կառավարությունը Տաթևիկ Ռևազյանի ուղղորդմամբ կրկին հարկատուների հաշվին ծախսեց աննախադեպ գումարներ, այնինչ դա կարելի էր իրականացնել 4-5 անգամ ավելի էժան գներով՝ տրամադրելով այդ գումարը հայկական ընկերություններին, այլ ոչ թե ինչ-որ անհասկանալի ծագում ունեցող արաբա-հունական կասկածելի ընկերության։ Ավելորդ չլինի նշել, որ այս դեպքը ևս անտեսվեց՝ չստանալով որևէ պատշաճ արձագանք իրավապահ մարմինների կողմից։

Անշուշտ, հայկական քաղաքացիական ավիացիայի պատմական ամենամեծ խայտառակությունը տեղի ունեցավ 2020թ. հունիսին, երբ արգելվեց մեր ավիաընկերությունների մուտքը եվրոպական օդային տարածք։ Այս փաստի մասին խոսվել է բազմիցս։

Նիկոլ Փաշինյանի և Տիգրան Ավինյանի հովանավորյալ Տաթևիկ Ռևազյանը փորձ արեց պատասխանատվությունը դնել սկզբում՝ ավիաընկերությունների, այնուհետև՝ «նախկինների», նույնիսկ՝ իր իսկ աշխատակիցների վրա, բայց, միևնույն է, ինչպես ասում են, պատմությունը գրվում է փաստերով, իսկ փաստը մեկն է՝ գիտելիքի պակասի, չհիմնավորված ինքնավստահության և սանձարձակ ամենաթողության պատճառով մեր երկրի քաղավիացիայի ոլորտը հայտնվեց այս անդունդում։

Այսպիսով՝ ինչպես արդեն նշել էինք, մասնագիտական հանրությունը սպասում է ոչ միայն այս և նման մի շարք այլ հարցերի պատասխաններին, և աշխատանքից «հերոսի» դիրքավորմամբ հեռանալը ու միևնույն ժամանակ ինչ-որ այլ պաշտոն ստանալու ակնկալիքը, անշուշտ, չպետք է լինի այս պատմության վերջակետը։ Պետք է լրջագույն մասնագիտական ստուգումներ իրականացնել ոչ միայն պետական հսկայական միջոցների մսխման, այլև պետության ռազմավարական  և անվտանգային նշանակության համակարգը հիմնահատակ քանդելու պատճառները բացահայտելու համար:

Տեսանյութեր

Լրահոս