ԲԴԽ անդամների մասնակցությամբ խոսակցության մանրամասները բացարձակապես անընդունելի և դատապարտելի են․ Հայտարարություն

2022 թվականի հունիսի 20-ին Բարձրագույն դատական խորհրդի՝ լիազորությունները կասեցված նախագահ Ռուբեն Վարդազարյանի և փաստաբանի հրավիրած ասուլիսի ընթացքում հրապարակվել է Ռուբեն Վարդազարյանի, ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանի եւ ԲԴԽ անդամ Ստեփան Միքայելյանի միջև զրույցի ձայնագրությունը:

Հրապարակված զրույցը տեղեկություններ է պարունակում Ռուբեն Վարդազարյանի շուրջ հարուցված քրեական գործերի հնարավոր դրդապատճառների, քրեական արդարադատության իրականացմանը և քրեական գործերի քննությանը միջամտելու առերևույթ փաստերի վերաբերյալ, ինչը խիստ մտահոգությունների տեղիք է տալիս ինչպես քրեական վարույթն իրականացնող մարմինների անկախության և անաչառության, քրեական արդարադատության արդյունավետության, այնպես էլ դատական իշխանության և դատավորների անկախության և հեղինակության ապահովման համատեքստում:

Բարձրագույն դատական խորհրդի՝ դատարանների և դատավորների անկախության երաշխավորի առաքելությունը պահանջում է, որ Բարձրագույն դատական խորհուրդը և դրա անդամները պետք է դատական իշխանության անաչառության, անկախության և արդյունավետության արտացոլանքը հանդիսանան, վայելեն ինչպես համակարգի ու հանրության վստահությունը, այնպես էլ հանդես գան որպես արդարադատության սիմվոլ։ Բարձրագույն դատական խորհրդի անդամները իրենց հանրային կերպարով, գործունեությամբ և խոսքով պետք է վստահելի և օրինակելի լինեն ողջ հասարակության համար:

Մինչդեռ, հրապարակված ձայնագրությունը հերթական անգամ ապացուցում է, որ դատական համակարգի խնդիրներն սկսվում են այն մարմնից, որի նպատակն ու առաքելությունը այդ խնդիրների լուծումն է, մարմին, որն ի դեմս իր նախագահների ավելի շատ ասոցացվում է հանրային պարսավանքի ու ամոթի հետ։

Բարձրագույն դատական խորդհրի անդամների մասնակցությամբ խոսակցության մանրամասները բացարձակապես անընդունելի և դատապարտելի են: Նման հանգամանքներում, Խորհրդի հետագա գործունեությունը անհնար է հրապարակված խոսակցությանը մասնակից անձանց անդամակցությամբ: Դատական իշխանության և արդարադատության շահերից է բխում նրանց անհապաղ հրաժարականը: Այդ անձանց հետագա պաշտոնավարումը ունակ է էլ ավելի մեծացնել Բարձրագույն դատական խորհրդի ու դատական իշխանության նկատմամբ տիրող խորը հանրային անվստահությունը:

Միաժամանակ, հերթական անգամ արձանագրում ենք, որ դատական և իրավական համակարգում նման դրսևորումները ՀՀ իշխանությունների կողմից վեթինգի և անցումային արդարադատության տապալման և չիրականացման արդյունք են: Քաղաքացիական հասարակության և իրավաբանական համայնքի ներկայացուցիչների կողմից բազմիցս բարձրացվել է դատական և իրավապահ համակարգում վեթինգի և լյուստրացիայի անհրաժեշտության մասին, ինչն իրականացնելու քաղաքական կամք գործող իշխանությունները չունեցան:

Կարևորելով Բարձրագույն դատական խորհրդի բնականոն գործունեության ապահովումն ու դատական իշխանության նկատմամբ հանրային վստահության բարձրացումը և առողջ ընկալումների ձևավորումը՝ պահանջում ենք

Բարձրագույն դատական խորհրդի՝ հրապարակված խոսակցությանը մասնակից բոլոր անդամների անհապաղ հրաժարականը,

Իրականացնել հրապարակված խոսակցության ընթացքում դրա մասնակիցների հայտնած տեղեկությունների օբյեկտիվ, լրիվ և արդյունավետ քննություն,

Իրականացնել Ռուբեն Վարդազարյանի վերաբերյալ քննվող և չհարուցված քրեական գործերի օբյեկտիվ, լրիվ և արդյունավետ քննություն,

Ապահովելով պատշաճ օրենսդրական կարգավորումներ՝ իրականացնել դատական և իրավական համակարգում համընդհանուր վեթինգ՝ առաջինը սկսելով Բարձրագույն դատական խորհրդի գործող կազմից:

Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների ՀԿ
Հելսինկյան քաղաքացիական ասամբելայի Վանաձորի գրասենյակ
Բաց հասարակություն հիմնադրամներ- Հայաստան
Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ
Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն
Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ
Իրազեկ քաղաքացիների միավորում

Տեսանյութեր

Լրահոս