«Մեր հայրենիքը փորձադաշտ չէ. մեր քաղաքացին փորձաճագար չէ»․ Արա Զոհրաբյանը՝ Հայաստանում գործող բիոլաբորատորիաների վտանգի մասին

Մի խումբ քաղաքացիներ կեսօրից բողոքի ակցիա էին իրականացնում  Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մոտ՝ ընդդեմ բիոլաբորատորիաների գործունեության:

«Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության նախագահ Արա Զոհրաբյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ Հայաստանում պաշտոնապես գործող 8 բիոլաբորատորիաներ ֆինանսավորում է ԱՄՆ-ի կառավարությունը, և  դրանք գործում են նաև Հայաստանի մարզերում, ապա ներկայացրեց իրենց բողոքի դրդապատճառները․

«Խոսում են, որ այս լաբորատորիաներում կենսաբանական զենք է պատրաստվում, այդ զենքի նյութերն են մշակվում։ Պարզ է, որ հանրության մեծ մասը սրան լուրջ չի վերաբերվել, հիմա էլ լուրջ չի վերաբերվում։ Ուկրաինայում էլ նույն վիճակն էր, խոսում էին ԱՄՆ-ի կողմից ֆինանսավորվող լաբորատորիաների մասին, և մարդիկ նույնիսկ 1 տարի առաջ կազմակերպում էին ստորագրահավաք, որպեսզի այդ լաբորատորիաները փակվեն, Ուկրաինայի բնակիչները կրկին անլուրջ էին վերաբերվում։

Վերջին շրջանում մենք տեսանք, որ այս ռազմական բախումների արդյունքում Ռուսաստանի Դաշնության բարձրաստիճան պաշտոնյաները փաստերով հայտարարեցին, որ այդ լաբորատորիաներում նաև կենսաբանական վտանգավոր նյութեր են պատրաստվել․․․»։

Զոհրաբյանն անդրադարձավ նաև Վրաստանում գործող բիոլաբորատորիաներին և դրանց հետևանքներին, ապա վերադառնալով Հայաստանում գործող բիոլաբորատորիաներին՝ ներկայացրեց, թե ինչ նպատակով են դրանք ֆինանսավորվում։

«Առաջին հայացքից տպավորություն է, որ օտարերկրյա մեր գործընկերներն իրոք լավ բան են անում, փորձում են մեզ օգնել, որպեսզի արդիականացվի մեր լաբորատորիաները՝ լավ աշխատելու համար, բայց գլխավոր հարցը՝ ինչո՞ւ է առողջապահական ոլորտի լաբորատորիան ֆինանսավորվում ԱՄՆ-ի ռազմական գերատեսչության կողմից։ Ֆինանսավորումը և հովանավորումը կատարվում է, ոչ թե, օրինակ՝ ԱՄՆ-ի առողջապահական գերատեսչության կողմից, այլ ռազմական գերատեսչության կողմից, ինչո՞ւ։

Արդյոք այս ծրագիրն իր մեջ ունի՞ ռազմական բաղադրիչ։ Ես կարծում եմ, որ այս հարցի պատասխանը պետք է մեզ հուշի, որ մենք իրոք գործ ունենք նման հիմնավոր կասկածի հետ․․․»։
Արա Զոհրաբյանն ասաց, որ այս երևույթը պետք է մերժեն, և ներկայացրեց մերժման 3 պատճառ․

«Պատճառ առաջին՝ այս լաբորատորիաները վտանգ են ներկայացնում հանրային առողջության համար։ Կարող են փորձարկումներ կատարել մարդկանց վրա, ինքներս էլ չիմանանք։ Ավելին ասեմ, այս լաբորատորիաները նաև ակտիվ զբաղվել են COVID-ի հետ կապված հետազոտություններով, մենք չգիտենք՝ դրա հետ կապված ինչեր են տեղի ունեցել, առավել ևս չե՛նք վստահում առողջապահական այս համակարգին։

Երկրորդ՝ կենսաբանական զենքի մշակումն ու արտադրությունը և սրանց առնչվող գործողությունները արգելված են միջազգային պայմանագրերով և Հայաստանի Հանրապետության Քրեական օրենսգրքով։ Հայաստանի Քրեական օրենսգիրքը սա համարում է ծանր հանցագործություն։

Երրորդ՝ այս կենսաբանական զենքի հնարավոր թիրախ հանդիսացող պետությունը կամ պետությունները, երբ տեսնեն, որ Հայաստանը թողնում է իրենց դեմ լաբորատորիաներ գործարկեն, և այստեղ ինչ-որ անհասկանալի բաներ են կատարվում, կարող են անառողջ հետաքրքրություններ ունենալ Հայաստանի նկատմամբ, ինչպես Ուկրաինայի դեպքում մենք տեսանք վերջին ռազմական բախումը․․․»։

Արա Զոհրաբյանն ընդգծեց՝ պետք է թափանցիկ և հաշվետու հետաքննություն սկսվի այս լաբորատորիաների գործունեության վերաբերյալ.

«Մեր հայրենիքը փորձադաշտ չէ, Հայաստանի արժանապատիվ քաղաքացին փորձաճագար չէ․․․»։

Տեսանյութեր

Լրահոս