Նավալնու աջակիցը ոստիկանությանը մեղադրում է ՌԴ պահանջով իր ընկերներին ձերբակալելու մեջ, նախկին փոխնախարարը պարզաբանում է պահանջում
Այսօր ՀՀ Աշխատանքի և սոցիալական ապահովության նախկին փոխնախարար Գեմաֆին Գասպարյանը ֆեյսբուքյան իր էջում տեղադրել էր մի սքրինշոթ ու ՀՀ ոստիկանությունից պարզաբանում կամ հերքում էր պահանջել դրա բովանդակության վերաբերյալ:
Գրառումը Twitter-ում մոտ երկու ժամ առաջ կատարել էր Տանյա Շչուկինա անունով հավանաբար ՌԴ մի քաղաքացի:
Ըստ այդ գրառման՝ ՀՀ ոստիկանությունը Երևանում ձերբակալել է իր ընկերուհուն ու ընկերոջը: Ինքն էլ թաքնվում է քաղաքից դուրս:
«Եթե ինձ վերադարձնեն ՌԴ, ինձ սպասում է բանտ կամ մահ՝ Պուտինի մասին կատակների, հակապատերազմական դիրքորոշման և Ալեքսեյ Նավալնու հետ համագործակցության համար»,- գրել է կինը՝ հավելելով, որ իր ընկերներին պահում են ոստիկանական բաժանմունքում ու պահանջում իր կոնտակտներն ու գտնվելու վայրը:
Մեկնաբանությունների հատվածում Տանյա Շչուկինան ըստ էության ներկայացրել էր այն պատճառը, ըստ որի՝ իր ընկերն ու ընկերուհին բերման էին ենթարկվել ոստիկանություն:
Նշվում է, որ ինքը ինչ-որ ծեծկռտուքի վերաբերյալ բացատրություն պիտի տա՝ իհարկե, հերքելով ծեծկռտուքի փաստը: Ապա նշել էր, որ իր փաստաբաններն արդեն մեկնել են ոստիկանության Էրեբունու բաժին:
Ոստիկանությունից իրավիճակի վերաբերյալ 168.am-ի հարցին ի պատասխան՝ ասացին, որ հարուցված քրեական գործի շրջանակներում հրապարակման մեջ նշված անձինք բերման են ենթարկվել ոստիկանության Էրեբունու բաժին և ներկայացվել նախաքննական մարմին։
Մենք կհետևենք այս բավականին ուշագրավ պատմության զարգացումներին ու կտրամադրենք հավելյալ տեղեկատվություն:
Հիշեցնենք, որ նախկին փոխնախարարը «Բաց հասարակությունների հիմնադրամի» (Սորոսի հիմնադրամ) հայաստանյան մասնաճյուղի գրանտների շահառու է: Գեմաֆին Գասպարյանը 2013-2019թթ. հիմնադրել և ղեկավարել է «Բուն» գիտամշակութային հիմնադրամը, որի ներքո մինչ օրս էլ գործում է «Բուն TV» գիտամասնագիտական առցանց ալիքը: Նրա ղեկավարած հիմնադրամը պարբերաբար դրամաշնորհներ է ստացել: Դրանցից երկուսը նշենք՝ 2014 թվականին՝ մոտ 15.000 դոլար՝ ԼԳԲՏ թեմայով, իսկ 2017թ.-ին՝ 68 հազար դոլար՝ Ապրիլյան պատերազմի թեմայով, և այլն: