Բաժիններ՝

Ինչքան ջերմաստիճանը բարձրանա, ինչքան մենք ունենանք քար և փոշի, օձերը շատանալու են Հայաստանի Հանրապետությունում, մասնավորապես՝ Երևանում. բնապահպան

Դեռ մի քանի տարի առաջ մասնագետները զգուշացնում էին մեր երկրի զգալի մասին անապատացման մասին, որի հետևանքն էր նաև եղանակի տաքացմանը զուգահեռ՝ օձերի, հատկապես՝ թունավոր օձերի քանակի ավելացումը։

Հայաստանի Հանրապետությունում 2021 թվականին արձանագրվել է օձի խայթոցի 111 դեպք, որից 10.8%-ը՝ Երևան քաղաքում, իսկ 89.2%-ը՝ մարզերում: Ամենաշատ դեպքերն արձանագրվել են Արմավիրի (25 %) և Արարատի (20 %) մարզերում: Այս մասին տեղեկացնում են Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից: Միաժամանակ, դեպքերի 86.5%-ն արձանագրվել է տղամարդկանց շրջանում, իսկ 13.5%-ը՝ կանանց շրջանում: Դեպքերի 91%-ը գրանցվել է՝ մեծահասակների, իսկ 9%-ը՝ 0-18 տարեկան բնակչության շրջանում:

Բնապահպան Սիլվա Ադամյանից հետաքրքրվեցինք՝ սա անկանոն շինարարության հետևա՞նք է, թե՞ պատճառը շոգերն են, վերջինը նշեց, որ սա կոմպլեքս իրավիճակ է՝ պայմանավորված նաև գլոբալ կլիմայական փոփոխություններով:

«1980-ական թվականներին հայրս, ով հայտնի գիտնական էր, թռչնաբան, մասնակցել է Չերյոմուշկայի (Աջափնյակ) կանաչապատմանը, բարելավմանը, և երբ սկսել են կանաչապատել՝ այդ խնդիրը կանգ է առել: Ծիծեռնակաբերդի հատվածում ոչինչ չի եղել. քարեր էին, կիսաանապատային վիճակ՝ օձեր և մողեսներ, և այս իրավիճակից դուրս են բերել: Իհարկե, մեր լանդշաֆտին հատկանշական է նման իրավիճակ, բայց այսպիսի ակտիվացումը, հատկապես քաղաքային պայմաններում, կապված է և՛ ուրբանիզացիայի, և՛ կանաչ տարածքներին ուշադրություն չդարձնելու հետ: Մեր քաղաքը դարձել է մի մեծ փոշու արենա: Պետք է ընդլայնվի այգիների գոտին: Գազոններ տնկելը չի նշանակում, որ կանաչապատում են: Մոնումենտի ամբողջ լանջին պետք է ծառեր տնկեինք: Դա մեր պաշտպանիչ գոտին է: Ամբողջը կտրեցին, շենքեր սարքեցին: Այդպես է նաև քաղաքի մնացած հատվածներում: Ուրբանիզացիայի հետևանքով սողուններն ավելանում են, և դա շարունակվելու է: Ինչքան ջերմաստիճանը բարձրանա, ինչքան մենք ունենանք քար և փոշի, լինելու է օձերի քանակի շատացում Հայաստանի Հանրապետությունում, մասնավորապես՝ Երևանում»,- մեզ հետ զրույցում ասաց Սիլվա Ադամյանը:

Հավելենք, որ օձի խայթոցից խուսափելու համար անհրաժեշտ է իմանալ մի քանի պարզ կանոն: Զով օրերին օձերը սիրում են պառկել քարերին և տաքանալ, իսկ շոգ եղանակին թաքնվում են քարերի տակ՝ ստվերում:

Եթե զբոսնում եք այնպիսի վայրերով, որտեղ օձերի առկայության հավանականությունը մեծ է, հագե՛ք երկարաճիտ կոշիկներ և ոչ՝ սանդալներ կամ կտորից կոշիկներ: Վերցրե՛ք երկար փայտ՝ թփերը հրելու համար: Եթե տեսնում եք օձին հարձակման դիրք ընդունած, ապա կանգնե՛ք և դանդաղ հետ քաշվե՛ք: Եթե, այնուամենայնիվ, օձը խայթել է, տուժածին անհրաժեշտ է ցույց տալ շտապ բուժօգնություն: Առաջին հերթին արձակե՛ք վերնաշապիկի կոճակները, օձիքը և գոտին, կապե՛ք կծած վերջույթը: Ձեռքի վնասվելու դեպքում այն պետք է անշարժացնել այնպես, որպեսզի քայլելիս չշարժվի: Եթե վնասվել է ոտքը, պետք է պատրաստել ինքնաշեն պատգարակ, որպեսզի ոտքը լինի բարձրացված: Խայթոցի շրջանը պետք է մշակել կալիումի պերմանգանատի լուծույթով, տուժածին որքան հնարավոր է շատ ջուր տալ, կարելի է ընդունել նաև որևէ հակահիստամինային միջոց, ապա պետք է տուժածին շտապ հասցնել մոտակա բժշկական հաստատություն, որտեղ նրան կներարկեն հակաօձային շիճուկ:

Առաջին բուժօգնության դեպքում հակացուցված է վերքից արյուն արտածծելը, խայթոցի տեղը այրելը կամ կտրվածքներ անելը: Ալկոհոլային միջոցների օգտագործումը կտրականապես արգելվում է, քանի որ այն ուժեղացնում է օձի թույնի ներծծումը և դրա թունավոր ազդեցությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս