Մարտ ամսին աշխատավարձը բարձրացրել են, ապրիլին՝ իջեցրել

Իշխանությունները համառորեն առաջ են տանում այն թեզը, թե աշխատավարձերը Հայաստանում մեծ տեմպերով ավելանում են և ավելի արագ, քան գնաճն է։ Սրա նպատակն է՝ ցույց տալ, որ մեր երկրում սոցիալական վիճակը ոչ թե վատացել է, այլ լավացել։

Վատացե՞լ է, թե՞ լավացել, սպառողները լավ գիտեն։ Բայց դա չի խանգարում, որ իշխանությունները կրկին ու կրկին հայտարարեն աշխատավարձերի ռեկորդային ու աննախադեպ աճերի մասին։

«2022թ. ապրիլին միջին աշխատավարձը 2021թ. ապրիլի համեմատ՝ աճել է 21 հազար դրամով, իսկ 2018թ․ ապրիլի համեմատ՝ 60 հազար դրամով»,- ասում է Նիկոլ Փաշինյանը։

Հասկանալու համար, թե ինչ է տեղի ունեցել աշխատավարձերի հետ, դիմենք պաշտոնական վիճակագրությանը։

Պաշտոնական տվյալներով՝ այս տարվա հունվարին՝ նախորդ տարվա հունվարի համեմատ, միջին աշխատավարձը Հայաստանում ավելացել է 6,2 տոկոսով։ Փետրվարին՝ նախորդ տարվա փետրվարի համեմատ, աճը կազմել է 7,8 տոկոս։ Արդեն մարտին աճի տեմպն անակնկալ «թռել» է՝ նախորդ տարվա համեմատ հասնելով 14,7 տոկոսի։ Տպավորություն է, որ մարտին Հայաստանում մասսայական աշխատավարձ են բարձրացրել։

Ապրիլին աշխատավարձի աճի տեմպը դարձյալ ընկել է և դադարել երկնիշ լինելուց։

Մարտի համեմատ՝ միջին աշխատավարձը նույնիսկ նվազել է. ոչ ավել, ոչ պակաս՝ 10 հազար դրամով։ Բայց այդ մասին Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի ասում։

Մարտին միջին աշխատավարձը, պաշտոնական վիճակագրության համաձայն, կազմել էր 227 հազար դրամ, ապրիլին կազմել է 217 հազար դրամ։

Ի՞նչ է տեղի ունեցել աշխատավարձի հետ մարտին, մնում է գաղտնիք։

Հայտնի է, սակայն, որ մարտի թռիչքը տեղի է ունեցել հիմնականում մասնավոր ոլորտի հաշվին։ Այդ ամսին պետականում միջին աշխատավարձը նախորդ տարվա համեմատ ավելացել է՝ 4,2, մասնավորում՝ 18 տոկոսով։

Նախկինում էլ մասնավորում աշխատավարձերն ավելի արագ էին աճում, քան պետականում, բայց մարտին փոփոխությունը շատ կտրուկ է եղել։

Եթե փետրվարին՝ նախորդ փետրվարի համեմատ, մասնավոր հատվածի միջին աշխատավարձերը, ըստ պաշտոնական վիճակագրության, ավելացել էին 9,2 տոկոսով, ապա արդեն մարտին՝ 18 տոկոսով։ Աճի տեմպը կրկնակի ավելի բարձր է եղել։

Թե ի՞նչն է հանդիսացել նման աճի պատճառը, պատասխանը դժվար է գտնել պաշտոնական վիճակագրության մեջ։ Կարելի է միայն ենթադրել, որ դա պայմանավորվել է հիմնականում ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքով որոշ բիզնեսների ու դրանց աշխատակիցների Հայաստան տեղափոխվելով։

Խոսքը, բնականաբար, IT ոլորտի ընկերությունների ու ծրագրավորողների մասին է։ Սա այն ոլորտն է, որտեղ աշխատավարձերը միջինից մի քանի անգամ բարձր են։ Առավել ևս՝ բարձր է տեղափոխված բիզնեսի պարագայում։ Ու դա իր ուղղակի ազդեցությունն է ունեցել միջին աշխատավարձի ցուցանիշների վրա։ Բայց դրանով չի որոշվում աշխատավարձերի տեսքով մեր քաղաքացիների ստացած եկամուտների իրական աճը։

Անշուշտ, կան ոլորտներ, որտեղ աշխատավարձերը բարձրացել են ու շարունակում են բարձրանալ։ Բայց այդպիսի ոլորտների թիվը Հայաստանում շատ քիչ է։

Ընդհակառակը՝ աշխատողների հիմնական մասի աշխատավարձերը ոչ միայն՝ վերջին մեկ, այլև՝ վերջին մի քանի տարիներին գրեթե չեն բարձրացել՝ չնայած արձանագրվող բարձր գնաճին։ Խոսքը նաև պետական հատվածի աշխատավարձերի մասին է։ Պետական հատվածում պաշտոնապես միջին աշխատավարձի աճը հիմնականում 4-5 տոկոսի սահմաններում է։

Մասնավորում համեմատաբար բարձր է, բայց դա շատ քչերի վրա է տարածվում։

Աշխատողների մեծ մասի եկամուտները մնացել են անփոփոխ կամ շատ քիչ են ավելացել։ Մյուս մասինը համեմատաբար ակտիվ է աճել, նաև իշխանությունների կողմից այդքան գովերգվող համահարթ եկամտային հարկի ներդրման արդյունքում։ Դրա հետևանքով էլ ավելի է խորացել տարբերությունն աշխատող քաղաքացիների եկամուտների միջև։

Կան մի խումբ աշխատողներ, ովքեր զբաղված են ՏՏ, հանքարդյունաբերություն, ֆինանսներ, վերջին շրջանում՝ նաև լոգիստիկա և մի շարք այլ ոլորտներում, որտեղ իսկապես աշխատավարձերը բարձր են ու շարունակում են բարձրանալ։ Բայց դա չի նշանակում, թե դրանով մեր երկրում սոցիալական իրավիճակը բարելավվում է կամ աղքատությունը կրճատվում է։

Ընդհակառակը՝ խորացել է սոցիալական բևեռացումը։ Համահարթ եկամտային հարկի կիրառմամբ ու ոլորտային առանձնահատկություններով պայմանավորված՝ հասարակության որոշ մասի մոտ տեղի է ունեցել եկամուտների ավելի արագ աճ, իսկ մյուս մասի եկամուտները չեն ավելացել կամ շատ դանդաղ են ավելացել, ինչն արձանագրվող բարձր գնաճի պայմաններում հանգեցրել է երկրում աղքատության մակարդակի խորացման։ Ստացվել է այնպես, որ մի կողմից՝ միջին աշխատավարձի բարձր աճ ունենք, մյուս կողմից՝ աղքատության խորացում։

Սա եկամուտների անհամաչափ բաշխման հետևանք է, որին նպաստել է իշխանությունների իրականացրած հարկային քաղաքականությունը։

Այլ կերպ, դրանով խրախուսել են բևեռացումը։

Սա է այս իշխանությունների բերած սոցիալական արդարությունը։ Աշխատավարձի այն «ռեկորդային» աճերը, որոնց մասին շատ հաճախ խոսում են ու ներկայացնում՝ որպես աննախադեպ ձեռքբերում, իրականում աշխատող քաղաքացիների մեծ մասին չի վերաբերում։ Շատերն են այսօր աշխատում ու ստանում ընդամենը 100 հազար դրամ աշխատավարձ։

Այնպես որ, աշխատավարձերի աճերի, հատկապես ռեկորդային աճերի մասին խոսելիս, լավ կլինի տարանջատել նաև, թե աշխատող քաղաքացիների ո՞ր մասի մոտ ի՞նչ և ինչքա՞ն փոփոխությունն է տեղի ունեցել։ Այդ դեպքում կպարզվի, որ այդ փոփոխություններից շատ քչերն են օգտվել։ Դրա վկայությունն է նաև այն, որ երկրում խորանում է աղքատությունը։

Մինչև իշխանափոխությունն աղքատ էր բնակչության 23 տոկոսը, 2020թ. դրությամբ աղքատ է եղել 27 տոկոսը։ 2021թ. սպասումը 30 տոկոսից բարձր է։

Սա է 4 տարում իշխանության իրականացրած սոցիալական ու տնտեսական քաղաքականության արդյունքը։ Իսկ թե այդ ընթացքում, պաշտոնական ու ոչ պաշտոնական տվյալներով՝ ինչպե՞ս է փոխվել միջին աշխատավարձը, դա հասարակությանը շատ քիչ է հետաքրքրում։ Աշխատավարձերի աճերի մասին մարդիկ դատում են ոչ թե նրանով՝ ինչ կասեն Նիկոլ Փաշինյանն ու պաշտոնական վիճակագրությունը, այլ նրանով, թե ինչպես են փոխվել իրենց աշխատավարձերը։ Այստեղ է, որ շատերն ուրախանալու առիթ ուղղակի չունեն։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս