«Հայրենիք» կուսակցությունը դիմում է միջազգային հանրությանն ու իրավապաշտպան կազմակերպություններին

Մայիսի 18-ին վաղ առավոտից մեկնարկած բողոքի խաղաղ ակցիաների ընթացքում ոստիկանական ուժերի կողմից աննախադեպ բիրտ ու անհամաչափ ուժ է կիրառվել ցուցարարների նկատմամբ: Ապօրինի կերպով բերման ենթարկված քաղաքացիների զգալի մասը, որոնց շարքերում քիչ չեն նաև կանայք և տարեցները, ակնհայտ բռնության է ենթարկվել, կան տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ ստացած բազմաթիվ քաղաքացիներ:

Առանձնահատուկ ուշադրության է արժանի ՀՀ ԱԺ ընդդիմադիր պատգամավորների նկատմամբ բիրտ ուժի կիրառումը, որն այսօր արդեն աննախադեպ դրսևորումներ ստացավ: Ոստիկանության հակաօրինական գործողությունների փաստերն արձանագրված և փաստագրված են բազմաթիվ լրատվամիջոցների կողմից:

Անգամ արձանագրվել է դեպք, երբ քաղաքացին բարձրախոսով ոստիկանությանն իրազեկել է խաղաղ ակցիայի ավարտի մասին, սակայն նույնիսկ դրանից հետո ոստիկանները ֆիզիկական բիրտ ուժ կիրառելով մայթերից քաղաքացիներին ապօրինի բերման են ենթարկել ոստիկանության բաժիններ:
«Հայրենիք» կուսակցությունը խստորեն դատապարտում է բողոքի խաղաղ ակցիաներ իրականացնող քաղաքացիների և անձեռնմխելիությամբ օժտված ԱԺ պատգամավորների նկատմամբ ոստիկանության նման կեցվածքը:

Ակնհայտ է, որ իրավապահ համակարգը կոնկրետ հանձնարարականներ է ստացել ամեն գնով սեփական աթոռը պահել փորձող այս իշխանություններից, իսկ նման գործելաոճն իշխանությունների՝ հոգեվարքի մեջ գտնվելու հերթական ապացույցն է:

«Հայրենիք» կուսակցությունը մայիսի 18-ին տեղի ունեցած դեպքերի առնչությամբ դիմում է ոստիկանության ծառայողներին՝ կոչ անելով ձեռնպահ մնալ հակաօրինական գործողություններ կատարելուց, գործել բացառապես օրենքի և օրինականության շրջանակներում:

«Հայրենիք» կուսակցությունը դիմում է նաև միջազգային հանրությանն ու իրավապաշտպան կազմակերպություններին՝ այդ թվում ՀՀ-ում գործող միջազգային կառույցներին և դիվանագիտական ներկայացուցչություններին՝ ակնկալելով հստակ գնահատականներ:

Հետևողական ենք լինելու բռնության յուրաքանչյուր դեպքի բացահայտման ուղղությամբ, իսկ ՀՀ քաղաքացու, խաղաղ ցուցարարի նկատմամբ ապօրինի գործողություններ կատարողները պատասխան են տալու օրենքի ողջ խստությամբ։

«Հայրենիք» կուսակցություն
18 մայիսի 2022թ․

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031