Գնումներ, գնումներ. սրճեփներն ու կորոնավիրուսին դիմակայելու ԱՆԻՖ-ի օրինակը
Տեղի է ունեցել Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ԱՆԻՖ) ամենամյա տնօրենների խորհրդի նիստը: Պաշտոնական հաղորդագրությունից տեղեկանում ենք՝ առաջիկա օրերին էլ ԱՆԻՖ-ը հանրությանը կներկայացնի կազմակերպության համապարփակ հաշվետվությունը և կամփոփի 2019-2021թթ. գործունեության արդյունքները։
Սակայն մինչ կազմակերպությունը կներկայացնի նախորդ երեք տարիների իր համապարփակ հաշվետվությունը, 168.am-ը որոշեց անդրադառնալ Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի՝ մայիսի 5-ին հրապարակված 2022 թ. ընթացքում իրականացվելիք գնումների պլանի մի քանի դրվագների:
Այսպիսով, ֆոնդը ընթացիկ տարում նախատեսել է հետևյալ ծախսերը՝
համացանցային ծառայությունների համար՝ 360.000 դրամ,
կորոնավիրուսի թեստավորման ծառայությունների համար՝ 200.000 դրամ,
կորոնավիրուսի թեստավորման տնայցի ծառայությունների համար՝ 200.000 դրամ,
կորոնավիրուսի թեստավորման և գրասենյակ այց ծառայությունների համար՝ 500.000 դրամ:
Ինչպես տեսնում եք՝ ֆոնդում ամեն բան նախաձեռնվել է կանխարգելելու կորոնավիրուսը, ու դրա համար առանձնացվել է ընդհանուր առմամբ 900.000 դրամ:
Հաջորդ ծրագիրը, որի համար նախատեսվել է ծախսել շուրջ 799.000 դրամ, տեսածրագրի պատրաստման ծառայությունն է,
8 միլիոն 280.000 դրամ՝ աուդիտորական ծառայությունների համար,
6 միլիոն 525.000 դրամ՝ առողջության ապահովագրման ծառայությունների համար,
30 միլիոն դրամ՝ գրասենյակային տարածքների վարձակալության համար, և այլն:
Ընդհանուր առմամբ՝ ընթացիկ տարում ԱՆԻՖ-ը կծախսի շուրջ 123 միլիոն դրամ:
Նկատենք, որ ընդամենն օրեր առաջ էլ հայտնի էր դարձել, որ «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲԸ-ն իր կարիքների համար սրճեփ սարքի ձեռքբերման նպատակով մեկ անձից գնման ընթացակարգով ձեռք է բերել 245.000 դրամ արժողությամբ սրճեփ-սարք: Ի դեպ, ապրիլի 12-ի մեկ այլ պայմանագրով ֆոնդը դարձյալ գնել էր բազմաֆունկցիոնալ սրճեփ սարք՝ այդ սրճեփի համար պետական միջոցներից վճարելով 80.000 դրամ:
Հիշեցնենք՝ «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի»՝ ԱՆԻՖ-ի տնօրենը ՀՀ նախկին արտգործնախարար Վահան Փափազյանի որդի, Արմեն Սարգսյանի սանիկ Դավիթ Փափազյանն է, իսկ տնօրենների խորհրդի նախագահը՝ Տիգրան Ավինյանը:
Օտարերկրյա ներդրումներին աջակցելու նպատակով 2019 թվականի ապրիլին Նիկոլ Փաշինյանի կառավարությունը ստեղծեց «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲԸ-ն։
Ավելին՝ այս ֆոնդի ստեղծումից մեկ ամիս անց Գործադիրն ընդունեց որոշում, որով «ՀՀ ներդրումների և արտահանման խթանման» ծրագրի իրականացման համար նախատեսվող 1072.1 մլն դրամ դրամաշնորհից 240 մլն դրամը տրամադրվեց այդ ֆոնդին՝ առանց մրցույթի:
Ըստ հիմնավորման՝ ընկերության նպատակն էր՝ լինել ՀՀ ներդրումային հետաքրքրությունների առաջմղման առանցքային խողովակ՝ ռազմավարական ներդրումային ծրագրերի կառավարման, տնտեսության գերակա հռչակված ոլորտներում իրականացվող նախաձեռնություններում ներդրումների ներգրավման, ինչպես նաև ընդունելի ռիսկեր պարունակող գործարար ձեռնարկներում մասնակցության միջոցով:
Իսկ օրերս տեղեկացանք, որ կառավարության որոշմամբ՝ նույն այդ «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի» (այսուհետ՝ ԱՆԻՖ) բաժնետոմսերի 100%-ը ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից փոխանցվել է ՀՀ վարչապետի աշխատակազմին:
Ըստ ՀՀ կառավարության՝ հաշվի առնելով ԱՆԻՖ-ի բազմավեկտոր գործունեությունը և կատարվող աշխատանքների բնույթը՝ անհրաժեշտություն է առաջացել սեփականության իրավունքներն ուղղակիորեն փոխանցել ՀՀ վարչապետի աշխատակազմին:
Արդյոք երեք տարի շարունակ նմանատիպ ամենամյա ծախսերից հետո երկրում աճե՞լ է ներդրումային գրավչությունը՝ հարցի պատասխանը թողնում ենք ընթերցողի դատին: