Ո՞ւմ և ի՞նչ նպատակով էր գումար տալիս ՔՊ-ական սադրիչ Թաթուլ Ասիլյանը
Երեկ 168.am-ը տեղեկացրել էր, որ դեպի Գյումրի ճանապարհին՝ Հոռոմի խաչմերուկի մոտ, իշխանությունների կազմակերպած սադրանքներին մասնակցել էր նաև Նիկոլ Փաշինյանի գլխավորած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մի անդամ, ով ներկայացել էր՝ որպես այդ կուսակցության անդամ, նախկին ոստիկան: Լրագրողներն անգամ հարցեր էին ուղղել նրան, որին նկատել էին դեռևս Գյումրի տանող ճանապարհին՝ Հոռոմի խաչմերուկում կազմակերպված սադրանքի գործողությունների ժամանակ:
Հիշեցնենք, որ իշխանությունները սադրիչ խմբեր էին կենտրոնացրել Գյումրի տանող ճանապարհին՝ Հոռոմի խաչմերուկում, որոնք խոչընդոտում էին, որպեսզի ընդդիմության նախապես հայտարարված ավտոերթի մասնակիցները չկարողանան հասնել Գյումրի: Սադրիչ խմբերին կոորդինացնում էր Նիկոլ Փաշինյանի կուսակցության ներկայացուցիչ, նախկին ոստիկան ներկայացող Թաթուլ Ասիլյանը, որը համաժողովրդական պայքարի գրեթե բոլոր ակցիաներին որոշ խմբերի հետ սադրանքներ է հրահրում:
Նա ներկա է եղել ընդդիմության և Վանաձորի ակցիաների ժամանակ, ինչպես նաև Երևանում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակի և այլ ակցիաների ժամանակ:
Ֆեյսբուքում նա՝ Թաթուլ Ասիլյանը, իր էջում ինքնախոստովանական տեսանյութեր է ներկայացրել, որոնցում ակնհայտորեն երևում են նրա գործողությունները: Հուսանք՝ ոստիկանությունը գործողություններ կձեռնարկի՝ օգտվելով ներկայացվող տեսանյութերից և լուսանկարներից:
Ի դեպ, նա ինքն իրեն նաև ներկայացնում է որպես իշխող թիմի, վերնախավի ներկայացուցիչ: Հավելենք, որ նշյալ անձի ուղիղ հրահանգով Ֆեյսբուքում կեղծ օգտատերերի միջոցով տարածվում են սադրող այդ տեսանյութերը:
Գյումրու հանրահավաքի ավարտից քիչ անց Թաթուլ Ասիլյանին նկատել են Գյումրու քաղաքապետարանի հրապարակի մոտ գտնվող «Ամերիա» բանկի բանկոմատի մոտ գումար հանելիս:
Կարճ ժամանակ անց վերջինս մոտեցել է մի տղամարդու և գումար տվել նրան:
Թե ի՞նչ գումար էր, և ի՞նչ նպատակով ու ի՞նչ ծառայության դիմաց էր ՔՊ-ական սադրիչը գումար տալիս լուսանկարի տղամարդուն, թող պարզեն իրավապահները: Տարածքում բազմաթիվ տեսախցիկներ կան, և ցանկության դեպքում ոստիկաններն ու դատախազությունը, նաև Ազգային անվտանգության ծառայությունը րոպեների ընթացքում կարող են նույնականացնել գումար վերցնող և տվող տղամարդկանց:
Ոստիկանությանն այդ գործում օգնելու համար տեղեկացնենք՝ լուսանկարներն արվել են երեկ՝ 16:00-ի սահմաններում: