Բաժիններ՝

Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն ու ՊԵԿ-ի պարզաբանումը

Պետական եկամուտների կոմիտեն որոշել է որոշ պարզաբանումներ ներկայացնել www.168.am կայքում ս.թ. ապրիլի 27-ին հրապարակված` «Կառավարության նիստում բոլորը լուռ հետևում են, թե ինչպես է Նիկոլ Փաշինյանը կեղծ տվյալներ հրապարակում» հոդվածի վերաբերյալ։ Միտումնավոր շրջանցելով եկամտային հարկի մուտքերի վերաբերյալ կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանի հնչեցրած հայտարարության մանրամասները, ՊԵԿ-ը փորձել է ծաղկաքաղի միջոցով արդարացնել վարչապետին՝ անուղղակիորեն հաստատելով այն, ինչ ասված է հոդվածի վերնագրում։

Բայց մինչ դրան անդրադառնալը՝ նախ ներկայացնենք ՊԵԿ պարզաբանումը ամբողջությամբ.

«2022 թվականի ապրիլի 27-ին www.168.am կայքում հրապարակված «Կառավարության նիստում բոլորը լուռ հետևում են, թե ինչպես է Նիկոլ Փաշինյանը կեղծ տվյալներ հրապարակում» վերնագրով հոդվածի առնչությամբ ՀՀ պետական եկամուտների կոմիտեն անհրաժեշտ է համարում պարզաբանել որոշ իրողություններ:

Եկամտային հարկի մուտքերի վերաբերյալ ՀՀ վարչապետի հնչեցրած տվյալների կեղծ լինելու և իրականությանը չհամապատասխանելու մասով հոդվածում առկա ձևակերպումների առնչությամբ հայտնում ենք, որ ՀՀ պետական բյուջե 2018 թվականին եկամտային հարկի մասով հավաքագրվել է շուրջ 361 միլիարդ դրամ, իսկ 2021 թվականին` շուրջ 458 միլիարդ դրամ: Այսինքն` տարբերությունը կազմում է շուրջ 97 միլիարդ դրամ, ինչպես հնչեցվել է ՀՀ վարչապետի կողմից ՀՀ կառավարության նիստի ընթացքում:

Իր պաշտոնական կայքում  հարկատեսակների մասով «ՊԵԿ-ի կողմից վերահսկվող եկամուտներ» աղյուսակում ՊԵԿ-ը հրապարակում է պետական բյուջեի եկամուտ համարվող ցուցանիշները, որի մեջ, ինչպես նշված է նույն աղյուսակի ստացման մեթոդաբանությունում, ներառված չեն հավաքագրված և հարկ վճարողներին վերադարձված հարկային եկամուտների և պետական տուրքի գումարները:

Մասնավորապես՝ ՊԵԿ պաշտոնական կայքում 2018 թվականի համար հրապարակված տեղեկանքի «Եկամտային հարկ» տողում արտացոլված է 357 միլիարդ դրամ, իսկ 2021 թվականի համար հրապարակված  տեղեկանքում` 426 միլիարդ դրամ: Նշված երկու ցուցանիշները ստացվում են եկամտային հարկի գծով հավաքագրված եկամուտներից նվազեցնելով (հանելով) պետական բյուջեից փոխհատուցվող եկամտային հարկի գումարները, որոնք 2018 թվականին կազմել են շուրջ 5 միլիարդ դրամ, իսկ 2021 թվականին` 32 միլիարդ դրամից ավելի, ինչպես նշվել է ՀՀ վարչապետի խոսքում: Այսինքն, եկամտային հարկի գծով 2018 թվականին հավաքագրվել է 361 միլիարդ դրամ, որից վերադարձվել 5 միլիարդ դրամ, իսկ 2021 թվականին հավաքագրվել` 458 միլիարդ դրամ և վերադարձվել` 32 միլիարդ դրամ: Արդյունքում, եկամտային հարկի մասով պետական բյուջե է հաշվեգրվել  2018 թվականին` 357 միլիարդ դրամ, իսկ 2021 թվականին` 426 միլիարդ դրամ  եկամուտ:

Հետևաբար եկամտային հարկի տվյալների խեղաթյուրման մասով պնդումները հիմնազուրկ են: Այս թեմայով առավել ճշգրիտ  վերլուծություններ կատարելու համար անհրաժեշտ է հաշվի առնել «հավաքագրված հարկ», «վերադարձված հարկ» և «եկամուտ ճանաչված հարկ» հասկացությունները:

Աշխատատեղերի և աշխատավարձերի վերաբերյալ հոդվածում առկա ձևակերպումների մասով հայտնում ենք, որ ՀՀ վարչապետի կողմից հնչեցված ցուցանիշներն ամբողջությամբ համապատասխանում են հարկ վճարողների կողմից եկամտային հարկի և սոցիալական վճարի ամսական հաշվարկներով հայտարարագրվող ցուցանիշներին: Դրանց համեմատության արդյունքում 2022 թվականի մարտ ամսվա հաշվարկով հայտարարագրված ցուցանիշները կարելի է բնորոշել «ռեկորդային». դրանք  զիջում են միայն 2021 թվականի դեկտեմբեր ամսվա հաշվարկով հայտարարագրված ցուցանիշներին»։

Այն, ինչ ասվում է ՊԵԿ պարզաբանման մեջ եկամտային հարկի վճարների հետ կապված, իրականում այդպես է։ Հետվերադարձված գումարներով հանդերձ, մուտքերի աճը 97 մլրդ դրամ է։

Այլ հարց, թե ինչ էր հայտարարում կառավարության նիստում վարչապետը։

Որպեսզի պարզ լինի, կրկին մեջբերենք Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը եկամտային հարկի մուտքերի վերաբերյալ։

«Մենք 2021 թվականին, 2018 թվականի համեմատ 97 մլրդ դրամով ավել եկամտային հարկ ենք հավաքել։ Ընդ որում, այստեղ հաշվարկված չէ եկամտային հարկի վերադարձը։ 2021թ. մենք վերադարձրել ենք 31 մլրդ դրամից ավել եկամտային հարկ, 2018թ. վերադարձվել էր 5 մլրդ»,-հայտարարել էր Նիկոլ Փաշինյանը։

Ուշադրություն դարձրեք՝ իր խոսում Նիկոլ Փաշինյանը հատուկ ընդգծում է, որ 97 միլիարդի մեջ հաշվարկված չէ եկամտային հարկի վերադարձը։ Այնինչ՝ իրականում այդպես չէ. 97 մլրդ դրամի մեջ մտնում է նաև եկամտային հարկի վերադարձը։

Իսկ եթե չենք հաշվարկում եկամտային հարկի վերադարձը, ինչպես հայտարարում է Նիկոլ Փաշինյանը, ապա ստացվում է ոչ թե 97 միլիարդ, այլ շուրջ 70 մլրդ դրամ։

Բայց կառավարության նիստում այդպես էլ չգտնվեց մեկը, որ ուղղեր վարչապետին և կանխեր իրականության խաղաթյուրումը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս