Հանրահայտ իտալական պիցցա «Կապրիչոզա»
Բաղադրիչներ
1. Ալյուր – 175 գ
2. Աղ – 1/4 թ/գ
3. Շաքարավազ – 1 թ/գ
4. Չոր դրոժ – 1 թ/գ
5. Տաք ջուր – 125 մլ
6. Ձիթայուղ – 1 ճ/գ
Միջուկի համար՝
1. Շամպինիոն – 15 հատ
2. Սոխ – 2 հատ
3. Սերուցք – 40-50 գ
4. Կարմիր քաղցր պղպեղ – 1 հատ
5. Ձիթապտուղ
6. Եգիպտացորեն
7. Տոմատի մածուկ
8. Պինդ պանիր – 150-200 գ
9. Չորացրած ռեհան
Պատրաստման եղանակը
1. Տաք ջրում լուծել դրոժը և թողնել 10 րոպե: Ավելացնել ձիթայուղը, խառնել: Ալյուրը մաղել, համեմել աղով, լցնել շաքարավազ, ռեհան, խառնել: Ալյուրի մեջ ջուր լցնել և խմոր հունցել:
2. Խմորը հունցել 2-3 րոպե: Տեղավորել թասի մեջ, վրան ձիթայուղ քսել: Թասը ծածկել թաղանթով և 40-60 րոպե դնել տաք տեղում, քանի խմորը չի մեծացել 2 անգամ: Կարելի է դնել 50 աստիճան տաքացրած ջեռոցում, այդպես ավելի արագ կբարձրանա:
3. Սունկը բարակ շերտատել և շոգեխաշել սոխի հետ միասին՝ ավելացնելով սերուցք: Թողնել կրակին այնքան, մինչև հեղուկը գոլորշիանա:
4. Ալյուր շաղ տված յուղաթղթի վրա պատրաստի խմորից պիցցայի կլոր շերտ գրտնակել, եզրեր ձևավորել: Իսկ ավելի լավ է խմորը չգրտնակել, այլ կլոր շերտ ձևավորել ձեռքերով: Վրան վրձնով ձիթայուղ քսել:
5. Շերտը պատել նաև տոմատի մածուկով, ավելացնել սունկը, պղպեղը, եգիպտացորենը և ձիթապտուղը:
6. Վրան քերած պանիր և ռեհան շաղ տալ և 30 րոպե դնել 190-200 աստիճան տաքացրած ջեռոցը: Մատուցել տաք վիճակում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը