Բրյուսելը փորձեց մենաշնորհել Խաղաղության համաձայնագրի նախապատրաստման գործընթացը

Նիկոլ Փաշինյանի ռուսական այցից հետո Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը շփումներ է ունեցել ինչպես Փաշինյանի, այնպես էլ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետը։

Չնայած հանգամանքին, որ այս օրերին Երևանում էր Հարավային Կովկասի ու Վրաստանի ճգնաժամային հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը, ով բանակցություններ էր վարում ապրիլի 6-ին Բրյուսելում կայացած եռակողմ բանակցությունների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ուղղությամբ, ԵԽ նախագահն անձամբ է Փաշինյանի ռուսական այցից հետո զրույցներ ունեցել Փաշինյանի ու Պուտինի հետ։

ՀՀ կառավարության փոխանցմամբ, զրուցակիցները քննարկել են ապրիլի 6-ին Բրյուսելում տեղի ունեցած հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքին, տարածաշրջանում ստեղծված իրավիճակին, Հայաստան-ԵՄ հարաբերությունների օրակարգին վերաբերող մի շարք հարցեր: «Շառլ Միշելը ևս մեկ անգամ ընդգծել է ԵՄ հանձնառությունը՝ նպաստելու Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսությանը»,- նշում է ՀՀ կառավարությունը։

Ռուսական Կրեմլինի փոխանցմամբ, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը հեռախոսազրույցի ժամանակ, ի թիվս ուկրաինական ընդարձակ թեմատիկայի ու Մարիուպոլի, ուկրաինական այլ բնակավայրերի հումանիտար միջանցքների տրամադրման հարցի, քննարկել են Ղարաբաղի հարցը՝ վերահաստատելով Երևանի, Բաքվի և Մոսկվայի միջև եռակողմ պայմանավորվածությունների կատարման կարևորությունը, հաշվի առնելով Պուտինի ու Միշելի կոնտակտները Փաշինյանի ու Ալիևի հետ։

«Շոշափվել է նաև Լեռնային Ղարաբաղում կայունության և անվտանգության ապահովման թեման, այդ թվում՝ հաշվի առնելով Վլադիմիր Պուտինի և Շառլ Միշելի վերջին շփումները Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ։ Վերահաստատվել է 2020 թվականի նոյեմբերի 9-ին, 2021 թվականի հունվարի 11-ին և նոյեմբերի 26-ին Ռուսաստանի Դաշնության, Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև ձեռք բերված եռակողմ հիմնարար պայմանավորվածությունների հետևողական իրագործման կարևորությունը»,- նշված է հաղորդագրության մեջ։

ՌԴ նախագահը Եվրոպական խորհրդի ղեկավարին տեղեկացրել է տնտեսական ու տրանսպորտային կապերի վերականգնմանն ուղղված ծրագրերի իրականացման, հայ-ադրբեջանական սահմանի սահմանագծման գործընթացի մեկնարկի, Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները նախապատրաստելու ուղղությամբ ձեռնարկվող քայլերի մասին։

Ռուս արևելագետ Վիկտոր Նադեին-Ռաևսկին մեզ հետ զրույցում նշեց, որ Ռուսաստան-Արևմուտք սառը պատերազմական հարաբերությունների ընթացքում ակնկալվում էր, որ աշխարհաքաղաքական մրցակցությունը նոր տեսք կունենա տարբեր ռեգիոններում։ Ըստ նրա, սովորաբար կովկասագետները հպարտությամբ էին նշում, որ չնայած ՌԴ-Արևմուտք սրացումներին, ԵԱՀԿ ՄԽ-ն պահպանում է իր կենսունակությունը։

«Մինչ պատերազմն Ուկրաինայում իրավիճակը Հարավային Կովկասում ուներ հետևյալ տեսքը՝ ՌԴ-Արևմուտք հարաբերությունները լարված են, բայց Արևմուտքը ճանաչում է ՌԴ դերը, ազդեցությունը, հաշվի է առնում այն ու համագործակցում ՌԴ-ի հետ՝ որպես երկրորդ շարքի միջնորդ պետություն։ Հիմա այս կոնֆիգուրացիան փոխվել է, քանի որ Արևմուտքը չի ճանաչում ՌԴ-ի այդ դերը և դիրքավորվում է՝ որպես գլխավոր արտաքին խաղացող։ Այլ քննարկման հարց է՝ կհաջողվի՞, թե՞ ոչ, սակայն այդ հավասարակշռությունը խախտվել է, և արտաքին խաղացողները ներկայումս իրար միջև պարզում են միմյանց ազդեցության շրջանակները, դերերը Հարավային Կովկասում։

ԵՄ-ն համեմատաբար նոր խաղացող է այստեղ իր այդ դերով, և կարծում եմ, դատելով վերջին երկու շաբաթվա զարգացումներից, դիվանագիտական հայտարարություններից, ՌԴ-ն փորձում է դուրս գալ պատժամիջոցների առաջին հարվածի ալիքից ու շոկային վիճակից, որից օգտվում են բոլորը, այդ թվում՝ գլխավորապես Թուրքիան։

Այս իրավիճակում այլևս խիստ կասկածում եմ ու վստահորեն չեմ կարող նշել, թե միջնորդներից ով է զբաղվելու Խաղաղության պայմանագրի նախապատրաստմամբ։ ԵՄ-ն կարծես փորձում է այդ գործընթացն ամբողջությամբ մենաշնորհել, բայց այդպես չի կարող լինել։ Նույնիսկ պատերազմական իրավիճակում ՌԴ-ն չի թողնելու դիվանագիտությունը և իր ազգային անվտանգային շահերը, որոնք Հարավային Կովկասում էական են։ Այս դեպքում, ըստ էության, Ռուսաստանի և ԵՄ-ի միջև չկան բովանդակային տարաձայնություններ, կան տարաձայնություններ ազդեցությունների բաշխման հարցի շուրջ»,- ասաց վերլուծաբանը՝ շարունակելով, որ ԵՄ-ն փորձում է Հարավային Կովկասում իր «կշիռը» փոխել, սակայն ՌԴ-ն իր հերթին՝ ցույց տվեց, որ ինքն է զբաղվելու Ղարաբաղյան կարգավորմամբ։

Խոսքը, նրա կարծիքով, վերաբերում է նաև Խաղաղության համաձայնագրին։

«Թե որքանո՞վ կհաջողվի՝ կախված է նաև կողմերից, քանի որ նրանք կարող է բանակցեն Բրյուսելում, հատկապես, երբ Բրյուսելը նաև ֆինանսական ներարկումներով է գրավում, բայց ՌԴ-ն դեռ ունի համապատասխան գործիքակազմ ու լծակներ։ Ինչպե՞ս կարող են պատկերացնել, որ հնարավոր է առանց ՌԴ-ի Ղարաբաղյան կարգավորման փաստաթուղթ քննարկել, դա գրեթե անհնար է, ու եթե նույնիսկ նման բան սկսվի, ՌԴ-ն դա արգելափակելու կամ իր հովանու ներքո տեղափոխելու համար լայն արսենալ ունի։ Ուստի կարծում եմ՝ վերջին օրերի շփումներն ուղղված են գործընթացում այդ հստակությունները մտցնելուն, քանի որ մինչ սա այն ավելի տարերային բնույթ էր կրում»,- նկատեց նա։

Տեսանյութեր

Լրահոս