Ռուսաստանը բաց է ԱՄՆ-ի հետ անկեղծ երկխոսության համար. ՌԴ ԱԳՆ
Մոսկվան բաց է ԱՄՆ-ի հետ անկեղծ եւ փոխհարգալից երկխոսության համար, կապուղիները պահպանվում են նույնիսկ ներկայիս պայմաններում: Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ-ի Հյուսիսային Ամերիկայի դեպարտամենտի փոխտնօրեն Սերգեյ Կոշելյովը:
Նա հիշեցրել է, որ Ուկրաինայի շուրջ տեղի ունեցողը մեծապես դարձել է այն բանի հետեւանք, որ «ԱՄՆ-ը եւ ՆԱՏՕ-ն մերժել են մեր մտահոգությունները, անվտանգության իրավաբանորեն պարտավորեցնող երաշխիքներ տրամադրելու պահանջները»: Այսօր, հավելել է դիվանագետը, ԱՄՆ-ի վարչակազմի հետ փոխգործակցության հիմնական ուղղությունների շուրջ երկխոսություն գոյություն չունի: «Մեր կողմից կարող եմ ընդգծել, որ մենք բաց ենք անկեղծ եւ փոխհարգալից երկխոսության համար այն աստիճան, ինչ աստիճան որ դրան պատրաստ է ԱՄՆ-ը»,-հայտարարել է Կոշելյովը՝ հանդես գալով ԱԳՆ-ի Դիվանագիտական ակադեմիայի կողմից կազմակերպված կլոր սեղանի շրջանակներում, որն անցկացվել է «Ճգնաժամը ռուս-ամերիկյան հարաբերություններում» թեմայով:
«ԱԳՆ-ում մենք կարծում ենք, որ ցանկացած հակամարտային իրադրություն ավարտվում է բանակցություններով: Մեր քաղաքականությունն առաջ տանելու համար ներգործության այլ գործիքակազմ, բացի բանակցությունների սեղանի շուրջ մեր դիրքորոշումները պաշտպանելուց եւ իրավաբանորեն պարտավորեցնող փաստաթղթեր մշակելուց, մենք չունենք: Հանգուցային գործիքակազմը կապուղիներն են ՌԴ-ի եւ ԱՄՆ-ի միջեւ: Ցանկանում եմ ձեզ հավաստել, որ նմանօրինակ կապուղիներ գոյություն ունեն արտաքին քաղաքական գերատեսչությունների գծով»,-ընդգծել է դիվանագետը:
Նա հիշեցրել է, որ Մոսկվան եւ Վաշինգտոնն արդեն շփումների պատմական փորձ ունեն առճակատման պայմաններում, որն աշխատել է սառը պատերազմի տարիներին:
«Մենք սկսել ենք տարբեր սոցիալ-քաղաքական համակարգեր ունեցող պետությունների խաղաղ գոյակցության սկզբունքներից»,-հավելել է Կոշելյովը: «Մենք պահպանում ենք այն բանի հույսը, որ նորմալ հարաբերություններին վերադարձը կկայանա: Անշուշտ, նման աշխատանքը պահանջում է շարժում՝ երկու կողմից, բացառապես փոխադարձ հարգանքի եւ շահերի պահպանման սկզբունքների վրա… Ինչ էլ որ տեղի ունենա, Ռուսաստանը եւ ԱՄՆ-ը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամներ են, որոնց վրա է դրված միջազգային խաղաղությանն ու անվտանգությանը զորակցելու հատուկ պատասխանատվությունը»,-ամփոփել է դեպարտամենտի փոխղեկավարը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: