Հանրային ծառայողին ստրուկի վերածելու հերթական նախաձեռնությունը․ yerkir.am

Մեր պետության համար օրհասական այս շրջանում պետության և սեփական ժողովրդի անվտանգությունն ապահովելու, երկիրը թշնամու հարձակումներից պաշտպանելու, պետական և ազգային շահերից բխող արտաքին քաղաքականություն վարելու փոխարեն կառավարության համար իրենց կողմից «ժողովրդավարության բաստիոն» հռչակված երկրում և այդ ժողովրդավարությունը միայն իրենց լոկալ շրջանակներում կիրառելու տեսանկյունից գործող իշխանության համար շարունակում է առաջնային լինել խոսքի ազատության տոտալ ճնշման նոր գործիքակազմի հնարումն ու ներդրումը: Այս մասին գրում է yerkir.am-ը։

Պարզվում է՝ կառավարությունն իր ողջ «իրավաստեղծ ու օրինաստեղծ ներուժի» կիրառմամբ կրկին զարկ է տվել իրավական նիհիլզմին՝ այս անգամ ներխուժելով հանրային ծառայության ոլորտ: Բանից պարզվում է, որ ՀՀ «հպարտ» քաղաքացուն «ժողովրդավարության բաստիոն» Հայաստանում լիարժեք «երջանիկ» ապրելու համար աղի և սննդիկով ջերմաչափի օգտագործումը արգելելուց բացի խանգարում է նաև սեփական կարծիք ունենալը և, հատկապես, սեփական կարծիքի արտահայտումը: Այդ իսկ պատճառով ՀՀ քաղաքացու «դարդուցավով ապրող» Կառավարությունը «e-draft.am» իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում շրջանառության մեջ է դրել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի «Հանրային ծառայողների վարքագծի տիպային կանոնները հաստատելու մասին» որոշման նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ), որի 1-ին կետով հաստատված հավելվածի «Հանրային ծառայողների վարքագծի պարտադիր կանոններ» 2-րդ բաժնի «Քաղաքական չեզոքություն և քաղաքական զսպվածություն» գլխում, ի թիվս մարդու սեփական կարծիքն արտահայտելու սահմանադրական իրավունքի սահմանափակման այլ դրույթների, նշվում է, օրինակ, որ «Հանրային ծառայողը պարտավոր է զերծ մնալ… սոցիալական էջերում քաղաքական որևէ կուսակցության օգտին կամ դրա դեմ գրառումներ կատարելուց, նմանատիպ գրառումներ հավանելուց կամ տարածելուց» կամ «Հանրային ծառայողը պարտավոր է… հրապարակայնորեն չարտահայտել իր քաղաքական տեսակետները» և այլն (Նախագիծն ամբողջությամբ հասանելի է հետևյալ՝ https://www.e-draft.am/projects/4098/about հղմամբ): Այս երկու դրույթներն ինքնին բավարար են Նախագծի հետապնդած միակ նպատակի՝ նոր ճնշումների, սպառնալիքների ազդեցությամբ մարդուն անհատական, առավել ևս պետականության կորստի այս օրերին ազգային դիմագիծ ունենալուց զրկելուն: Այդ իսկ պատճառով էլ մշակվել է կարծիքի արտահայտման ազատության սահմանադրական իրավունքի ոչ իրավաչափ սահմանափակումներով լի այս Նախագիծը:

Մինչդեռ, մարդու կարծիքի արտահայտման ազատության հիմնարար իրավունքը և այն իրացնելու հիմնական միջոցները իրական ժողովրդավարական հասարակության գոյության և զարգացման կարևոր նախապայման են, այդպիսով ունեն ինչպես միջազգային իրավական, այնպես էլ սահմանադրաիրավական սկզբունքային նշանակություն։ Կարծիքի արտահայտման ազատությունը, որպես մարդու անօտարելի հիմնական իրավունք, ամրագրված ու երաշխավորված է ինչպես ՀՀ Սահմանադրությամբ, այնպես էլ ՀՀ-ի կողմից վավերացված միջազգային իրավական փաստաթղթերով: Մասնավորապես, ՀՀ Սամանադրության 42-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի իր կարծիքն ազատ արտահայտելու իրավունք: Այս իրավունքը ներառում է սեփական կարծիք ունենալու, ինչպես նաև առանց պետական և տեղական ինքնակառավարման մարմինների միջամտության և անկախ պետական սահմաններից` տեղեկատվության որևէ միջոցով տեղեկություններ ու գաղափարներ փնտրելու, ստանալու և տարածելու ազատությունը: Այնուհետև, նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ կարծիքի արտահայտման ազատությունը կարող է սահմանափակվել միայն օրենքով` պետական անվտանգության, հասարակական կարգի, առողջության և բարոյականության կամ այլոց պատվի ու բարի համբավի և այլ հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով:

Միևնույն ժամանակ, ՀՀ Սահմանադրությամբ մարդը ճանաչված է բարձրագույն արժեք, որից էլ հետևում է պետության պարտականությունը՝ հարգել, ապահովել և պաշտպանել մարդու իրավունքներն ու ազատությունները: Հանրային իշխանությունը սահմանափակված է մարդու և քաղաքացու հիմնական իրավունքներով և ազատություններով՝ որպես անմիջականորեն գործող իրավունք (ՀՀ Սահմանադրություն, 3-րդ հոդված): Հիմնարար այս սկզբունքի հետ անքակտելիորեն կապված է մարդու արժանապատվության անօտարելիության սկզբունքը, որը հանդիսանում է մարդու բոլոր իրավունքների և ազատությունների հիմքը, կանխորոշում է իրավունքների և ազատությունների ինչպես բովանդակությունը, այնպես էլ դրանց իրացման սահմանները:

Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրով (19-րդ հոդված), Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայով (10-րդ հոդված), Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրով՝ կից կամընտիր արձանագրությամբ (19-րդ հոդված) ևս երաշխավորված է կարծիքի ազատ արտահայտման իրավունքը: Բացի այդ, կարծիքի արտահայտման ազատության երաշխավորման միջազգային և տարածաշրջանային համապատասխան չափորոշիչներ են սահմանված ԵԱՀԿ շրջանակներում ստանձնած հանձնառություններում (օր.՝ ԵԱՀԿ Մարդկային չափանիշի խորհրդաժողովի Մոսկվայի և Կոպենհագենի խորհրդակցությունների, համապատասխանաբար՝ 3.10.1991թ. և 29.06.1999թ. ընդունված փաստաթղթերը), Եվրոպայի խորհրդի քաղաքական մարմինների կողմից ընդունված հանձնարարականներում (օրինակ՝ ԵԽ Նախարարների կոմիտեի՝ Լրատվամիջոցների կողմից նախընտրական քարոզարշավի լուսաբանման հետ կապված միջոցների մասին թիվ R 99(15) հանձնարարականի՝ վերանայված թիվ CM/Rec(2007)15 հանձնարարական) և այլն:

Մասնավորապես, Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածում կարծիքի ազատ արտահայտման իրավունքի երաշխավորումից զատ նախատեսվում են նաև այս իրավունքին միջամտելու ինչպես ձևերը՝ «ձևականություններ, պայմաններ, սահմանափակումներ կամ պատժամիջոցներ», իրավաչափ նպատակը՝ «պետական անվտանգության, տարածքային ամբողջականության կամ հասարակության անվտանգության, անկարգությունները կամ հանցագործությունները կանխելու, առողջությունը կամ բարոյականությունը, ինչպես և այլ անձանց հեղինակությունը կամ իրավունքները պաշտպանելու, խորհրդապահական պայմաններով ստացված տեղեկատվության բացահայտումը կանխելու կամ արդարադատության հեղինակությունն ու անաչառությունը պահպանելը», այնպես էլ պայմանները՝ «նախատեսված են օրենքով և անհրաժեշտ են ժողովրդավարական հասարակությունում» բացառապես նշված իրավաչափ նպատակի ապահովման համար:

Վերը նշվածից հետևում է, որ կարծիքի արտահայտման ազատության սահմանադրական իրավունքին այս միջամտությունը պետք է դիտարկվի հետևյալ չափանիշների համատեքստում. 1) արդյո՞ք միջամտությունը նախատեսված է օրենքով, 2) արդյո՞ք միջամտությունը հետապնդում է իրավաչափ նպատակ, 3) արդյո՞ք ընտրված միջոցը բավարար և անհրաժեշտ է ժողովրդավարական հասարակությունում հետապնդվող իրավաչափ նպատակին հասնելու համար: ԱՌԱՋԱԴՐՎԱԾ ԵՐԵՔ ՀԱՐՑԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆՆ ԱՆԵՐԿԲԱՅՈՐԵՆ «ՈՉ» Է:

Հարկ է նշել, որ Սահմանադրության 78-րդ հոդվածը սահմանում է, որ՝ հիմնական իրավունքների և ազատությունների սահմանափակման համար ընտրված միջոցները պետք է պիտանի և անհրաժեշտ լինեն Սահմանադրությամբ սահմանված նպատակին հասնելու համար: Սահմանափակման համար ընտրված միջոցները պետք է համարժեք լինեն սահմանափակվող հիմնական իրավունքի և ազատության նշանակությանը:

Այսպիսով, միանշանակ պետք է փաստել, որ կարծիքի արտահայտման ազատությունը ոչ միայն մարդու իրավունքների ու ազատությունների, այլև հանրային շահերի համակարգում սկզբունքային կարևորության բաղադրիչ է, որի երաշխավորումը սահմանադրաիրավական և միջազգային իրավական պահանջ է։ Անդրադառնալով կարծիքի արտահայտման ազատության սահմանադրաիրավական բովանդակությանը` ՀՀ Սահմանադրական դատարանը կարևորել է այդ ազատության երաշխավորումը ոչ միայն անձի սուբյեկտիվ իրավունքների իրացման, այլև հանրային իրավական հարաբերությունների կարգավորման շրջանակներում՝ արձանագրելով որ. «…Հանրային տեղեկատվության մատչելիությունը ժողովրդավարության և հանրության առջև պատասխանատու պետական կառավարման թափանցիկության էական նախապայմաններից է։ Հասարակական կարծիքի միջոցով իրականացվող ժողովրդավարական վերահսկողությունը խթանում է պետական իշխանության գործողությունների թափանցիկությունը և նպաստում պետական մարմինների ու պաշտոնատար անձանց հաշվետու գործունեությանը» (ՍԴՈ-1010,06.03.2012թ.): Այնուհետև մեկ այլ որոշման շրջանակներում ՀՀ Սահմանադրական դատարանը փաստել է, որ «…Մարդու իրավունքների և հիմնական ազատությունների պաշտպանության մասին 1950 թվականի կոնվենցիան, Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին 1966 թվականի դաշնագիրը և միջազգային մյուս համապատասխան փաստաթղթերը, յուրաքանչյուրի՝ ազատորեն արտահայտվելու, այդ թվում սեփական կարծիք ունենալու, տեղեկություններ և գաղափարներ ստանալու և տարածելու ազատությունն ամրագրելով, դրա իրականացման կարևոր երաշխիք են դիտում պետական մարմինների միջամտության բացառումը:» (ՍԴՈ–278, 11.01.2001թ.)։

Ակնհայտ է, որ Նախագծով նախատեսված սահմանափակումները սահմանադրականության տեսանկյունից չեն կարող գնահատվել որպես համարժեք սահմանափակվող այնպիսի հիմնարար իրավունքի նշանակությանը, ինչպիսին է կարծիքի արտահայտման ազատությունը: Այն չի կարող գնահատվել որպես Սահմանադրության 75-րդ հոդվածի իմաստով հիմնական իրավունքի և ազատության արդյունավետ իրականացման անհրաժեշտ կառուցակարգ կամ պիտանի և անհրաժեշտ՝ Սահմանադրությամբ սահմանված որևէ նպատակի հասնելու համար:

Իրավական պետությունում Նախագծի հեղինակները պարտավոր էին հաշվի առնել Սահմանադրությամբ, միջազգային իրավական ակտերով ամրագրված վերոգրյալ կարգավորումները, այդ առթիվ առկա Սահմանադրական դատարանի դիրքորոշումները և արդյունքում չներկայացնել նման Նախագիծ, սակայն «Ժողովրդավարության բաստիոն» և «երջանկության օրրան» Հայաստանի Հանրապետությունում պատկերն այլ է: Անհեթեթ մի պատկեր է, որտեղ հիմնական իրավունքի սահմանափակումը կատարվում է ենթաօրենսդրական մակարդակում, մինչդեռ Սահմանադրության ուղղակի պահանջ է սահմանափակումը բացառապես օրենքով կատարելը, այնուհետև նախատեսվող սահմանափակումները համաչափ չեն և չեն բխում ինչպես ներպետական օրենսդրության, այնպես էլ միջազգային իրավունքի ժողովրդավարական սկզբունքների էությունից, ոչնչացնում են մարդու հիմնական իրավունքի բովանդակությունը: Մինչդեռ, հիմնական իրավունքների ու ազատությունների սահմանափակումներ միայն օրենքի մակարդակում նախատեսելիս Սահմանադրությամբ ամրագրված չափորոշիչներն ու ուղենիշերը պետք է լինեին առաջնորդող, որոնք հստակ ամրագրված են Սահմանադրության 75-րդ, 76-րդ, 78-րդ, 79-րդ և 80-րդ հոդվածներում և 81-րդ հոդվածի 2-րդ մասում:

Ցավոք, ինչպես տեսնում ենք՝ վաղուց զարկ է տրված իրավական նիհիլիզմի նշաձողի աննախադեպ բարձրացմանը եվ իրավական պետության նշաձողի գահավիժող իջեցմանը:

Տեսանյութեր

Լրահոս