Ադրբեջանի գլխավոր նպատակն է, որպեսզի Բերձորն անցնի ադրբեջանական վերահսկողության տակ. Տիգրան Աբրահամյան
«Ադրբեջանն արագացված տեմպերով շարունակում է Լաչինի միջանցքի այլընտրանքի կառուցումը». արդեն մի քանի շաբաթ է՝ այս տեղեկությունն ակտիվ տարածվում է ադրբեջանական լրատվամիջոցներում:
Ի դեպ, մեկ ամիս առաջ էլ տեղեկացանք, որ Խնձորեսկ համայնքի հարակից՝ ադրբեջանական վերահսկողության տակ անցած տարածքում, ադրբեջանցիները հենակետ են տեղադրել, այդ հատվածում նաև մաքսակետ են կառուցում։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ այս առնչությամբ հստակ ձևակերպում կա. «Հայաստանի Հանրապետությունը մինչև 2020 թվականի նոյեմբերի 15-ը Ադրբեջանի Հանրապետությանն է վերադարձնում Քելբաջարի շրջանը, իսկ մինչև 2020 թվականի դեկտեմբերի 1-ը՝ Լաչինի շրջանը: Լաչինի միջանցքը (5 կմ լայնությամբ), որը կապահովի Լեռնային Ղարաբաղի կապը Հայաստանի հետ և միևնույն ժամանակ չի շոշափի ք. Շուշին, կմնա Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ առաքելության վերահսկողության տակ»:
«Ադրբեջանն այս փուլում Բերձորից դեպի Կոռնիձոր հատվածում, այսինքն՝ գործող ճանապարհին զուգահեռ՝ նոր ճանապարհ է կառուցում: Երկրորդ փուլը ենթադրելու է Բերդաձորից դեպի Ստեփանակերտ ճանապարհի կառուցումը: Հատկապես այս ճանապարհը բավականին ծանր ու բարդ ռելիեֆով է անցնում, ինչը շատ ավելի ծանր իրավիճակ է ստեղծելու Հայաստանի և Արցախի կապի ապահովման տեսանկյունից, քան մենք ունենք»,- 168.am-ի հետ զրույցում նշեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:
Նա տեղեկացրեց նաև, որ ադրբեջանական կողմը պաշտոնապես ժամկետ է սահմանել՝ հուլիսի 1, և նախատեսում է մինչև այդ ժամկետը ճանապարհի մեծ հատվածի անցումը տեղափոխել այլընտրանքային ուղի:
«Առաջին փուլի աշխատանքներին կհաջորդեն երկրորդ փուլի աշխատանքները. դրա հետ կապված որոշ հարցեր քննարկվել են, նաև որոշակի, որքան ես եմ հասկանում, լուծումներ են փորձում գտնել, որովհետև բավականին բարդ ռելիեֆով են անցնելու:
Իրականության մեջ, նոյեմբերի 9-ին հայտարարությամբ սահմանված այդ կետերից մեկը, որը վերաբերում էր Հայաստանն Արցախին կապող այլընտրանքային ճանապարհին, Ադրբեջանը փորձում է ամեն գնով կյանքի կոչել»,- հավելեց պատգամավորը:
Ի պատասխան հարցի, թե ինչ է լինելու Բերձոր քաղաքի ճակատագիրը՝ Տիգրան Աբրահամյանը նկատեց. «Քաղաքը շրջանցելու է: Եվ հենց Ադրբեջանի գլխավոր նպատակն է, որպեսզի Բերձորն անցնի ադրբեջանական վերահսկողության տակ, որովհետև ճանապարհի փոփոխությունից հետո փոփոխություն է կատարվելու ռուսական խաղաղապահ զորախմբի տեղակայումների հարցում և, բնականաբար, ծառայությունն իրականացվելու է այլընտրանքային ճանապարհին»: