Բաժիններ՝

Դանիել Վարուժանի նամակը մորը՝ Թագուհի Պաղտիկյան-Չպուքքեարեանին

«1903թ., նոյեմբեր, Վենետիկ»

Անուշակ մայրիկ,

Ձեր ձեռնագրով՝ Ձեր նամակը ինծի անակնկալ մ’եղաւ, քաղցր անակնկալ մը: ասկէ վերջ պիտի գրեք, այնպես չէ՞, քանի որ Ձեր սրտէն՝ ալ մէ՜կ կտորը միայն պանդխտութեան մեջ է:

Մեծ ջանքով մը գրերնիդ կարդացի. թուղթը՝ մեյ մը աջ դարձնելով, մէյ մը ձախ, և քիչ մըն ալ մարգարէանալով. այս ջանքը քաղցր էր ինձի, ինչպես Ձեր յիշատակը քաղցր է, և ինչպես դուք ամենաքաղցր էք:

Իմ գալուստս կ’երազէք, հէ՞. աղօթք ըրէք, սիրելի մայր, աղօթք ըրէք. ա՛յդ ալ կ’ըլլայ:

Եղբօրս կրթութիւնը հօրս թողուցէք, դուք միայն սիրեցէք զինքը և խնամեցէք: Երջանի՜կ է այն մանուկը՝ երբ կրթող հայր մ’ունի և խնամող մայր մը, ըսածս գիտեմ:

…. Մնաք բարով, սիրելիներ. Ձեր ծիծաղի և արցունքի ժամերուն մեջ զիս մի մոռնաք:

Մնաք բարով՝

Ձերդ

«Դ. Չպուքքեարեան»

Այս լուսանկարում Դանիել Վարուժանի հայրն է` Գրիգոր Չպուգքարյանը, «կրթված և գրագետ մարդ մը», Թագուհին, «միջահասակ, շնորհալի և ժպտերես… ճերմակ մորթով, երկար մազերով… մի կին», և ինքը Դանիելը` աջ կողմում: Ո՞վ է ձախ կողմում կանգնած երեխան, դժվարանում եմ ասել, քանի որ Դանիելի կրտսեր եղբայրը` Վահանը ծնվել է բավականին ուշ` 1900 թվականին, իսկ այստեղ Դանիելը 5-6 տարեկան է` մոտավորապես 1890 թվականի լուսանկար է: Այնուհետև հայրը մեկնելու Պոլիս, ուր երկար տարիներ կաշխատի «Խավյար խանին մեջ», իսկ մայրը Դանիելի հետ կմնա Բրգնիքում: 8-10 տարվա բաժանումից հետո Թագուհին Դանիելի հետ կմեկնի Պոլիս: «Կարոտից մղված թե որդուն ուսման տալու մտահոգությամբ` Գրիգո՞րն է Պոլիս կանչում կնոջն ու զավակին, թե՞ ջարդերի պատճառով ամուսնուց լուր չստացող, տագնապած կինն է մեկնում Պոլիս` հետը վերցրած որդուն, հայտնի չէ»:

Վազգեն Գաբրիելյան, «Դանիել Վարուժան», Երևան, 2009, էջ 12-13

Հրապարակման է պատրաստել azg.am-ը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս