Աննա Հակոբյանի միջոցառումը «Արմենպրես»-ի աչքերով

Աննա Հակոբյանը ապրիլի 7-ին՝ Մայրության և գեղեցկության տոնի առթիվ կառավարական առանձնատան բացօթյա հարթակում հյուրընկալեց Ապրիլյան և 44-օրյա պատերազմներում զոհվածների հարազատների:

Աննա Հակոբյանը շնորհակալություն հայտնեց Հայաստանի բոլոր մարզերից և Երևանից միջոցառմանը ներկա հարազատներին՝ հրավերն ընդունելու համար: Նա շեշտեց, որ մայրերի դերը բոլորի կյանքում շատ մեծ է, ու պետք է յուրաքանչյուր զոհվածի մայր առաջինը պահանջի հասարակությունից հարգել իրենց որդիների հիշատակը՝ ապրելով այնպես, որ արժանի լինեն իրենց որդիների թափած արյանը:

«Շատ ուրախ եմ, որ արձագանքեցիք իմ հրավերին և եկաք միասին նշելու Մայրության և գեղեցկության տոնը: Այստեղ մայրեր են, գեղեցիկ կանայք են, գեղեցիկ փոքրիկ աղջիկներ են, և ես չեմ պատկերացնում ավելի լավ միջավայր, որովհետև մենք իրար հետ ենք և կարող ենք ազատ խոսել, շփվել: Ես կարծում եմ, որ եթե մեր մայրերը ուժեղանան, դրանից մեր երկիրն էլ կուժեղանա»,- ասաց նա:

Աննա Հակոբյանը իր ելույթում ընթերցեց Մայրության և գեղեցկության տոնի առթիվ վարչապետի ուղերձը և ավելացրեց, որ այն չպետք է ընդունել որպես հերթական շնորհավորանք, այլ որպես ուղերձ, որը պետք է ընդունել, ըմբռնել և ապրել այդպես:

«Իմ ուղերձը հետևյալն է՝ մեր երկրում կան շատ անարդարություններ, և մենք սիրում ենք մեզանից հեռացնել այն, ինչը բարդ է, խնդիր է, սիրում ենք ստեղծել տարբեր խմբեր, եթե գոյություն ունի որևէ հարց, սիրում ենք մեղադրել ուրիշներին, բայց պետք է ընդունենք, որ մեղավոր ենք բոլորս: Այսօր իմ խնդրանքը հետևյալն է՝ մենք մեր անմահացած հերոսներին մեր ամեն օրվա ապրածով պետք է ցույց տանք, որ արժանի ենք իրենց: Եվ ես բոլոր մայրերին խնդրում եմ դառնալ երկիրը բոլոր սխալ ուղիներից դուրս հանող, դեպի ճիշտ և դեպի զարգացող ուղի դնելու պայքարի առաջամարտիկը, որովհետև մայրերը իրենք են ծնել հերոսներին և իրավունք ունեն իրենց բարձունքից պահանջել հարգել և արժանի լինել իրենց կորստին և իրենց հերոսների հիշատակին»,- եզրափակեց նա:

Տեսանյութեր

Լրահոս