«Բրյուսելում քննարկման ենթակա հարցերի մեջ առավելապես ընդգրկված են եղել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների հստակեցման վերաբերյալ հարցեր». Վլադիմիր Վարդանյան
ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ երեկ Բրյուսելում կայացած Փաշինյան-Ալիև հանդիպմանը և ձեռք բերված պայմանավորվածություններին։
Անդրադառնալով սահմանազատման վերաբերյալ ստեղծվելիք հանձնաժողովին, որի մասին՝ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելն իր միկրոբոլոգում էր գրել, Վլադիմիր Վարդանյանն ասաց, թե դրա մասին տեղեկացել են երեկ, բավականին ուշ, այդ պատճառով մանրամասներից չի կարող խոսել։
«Ըստ էության կողմերը որոշակի պատրաստակամություն են հայտնել առաջ շարժվել այդ ուղղությամբ։ Դեռ վաղ է խոսել որոշակի հստակություններից, բայց կարծես թե ընդհանուր մոտեցում և ընդհանուր ցանկություն կա՝ գնալ առաջ բանակցությունների շրջանակներում։ Դուք հարց եք տալիս, որը պահանջում է որոշակի հստակություն, այդ հստակությունը կլինի ոչ հիմա, որովհետև հանդիպումը երեկ ուշ երեկոյան է ավարտվել, պարզապես ընդհանուր համաձայնություններ են ձեռք բերվել»,- նշեց Վլադիմիր Վարդանյանը։
Դիտարկմանը, որ այս հայտարարության մեջ որևէ հիշատակում չկար Արցախի մասին, իշխանական խմբակցության պատգամավորը պատճառաբանեց, թե բազում հայտարարություններում, հիշատակումներում ընդգծվել է Արցախի ժողովրդի իրավունքների հետ կապված հարցեր, և ընդգծվել է, որ սա հարց է, որը պետք է կարգավորվի, որ կա ժողովուրդ, և այդ ժողովուրդն ունի իրավունքներ, որոնք պետք է իրացվեն։
«Տվյալ պարագայում խոսքը գնացել է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների և նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունների, ըստ էության, կատարման և վստահության մթնոլորտի ձևավորման մասին։
Բանակցությունները երկու գրավական ունեն հաջողությամբ պսակվելու, այդ գրավականներից մեկը ճկունությունն է և այնպիսի իրավիճակի չստեղծումը, որը կարող է խոչընդոտել գործընթացները։ Տվյալ պարագայում ներկայացվել են առաջարկներ, կոնտր առաջարկներ Հայաստանի կողմից, Մինսկի խումբը դրանց մասին տեղեկացված է, գործընթացը շարունակվելու է։ Երբ խոսվում է փոխվստահության մթնոլորտի ձևավորման մասին, անվտանգության որոշակի մթնոլորտ ձևավորելու մասին, սա ենթադրում է նաև որոշակի միջոցառումների ձեռնարկում, որոնք հետագայում հնարավորություն կտան խուսափելու որևէ տեսակի միջադեպից։ Սա չափազանց կարևոր է»,- ասաց Վլադիմիր Վարդանյանը։
Ըստ նրա, եթե խոսում են հայ-ադրբեջանական հարաբերությունները բնականոն հուն տեղափոխելու մասին, պետք է հստակ տարբերակել խնդիրները։
«Արցախում տեղի ունեցածը դատարպարտվել է Մինսկի խմբի բոլոր համանախագահ երկրների կողմից, և ըստ էության որոշակի պահանջներ են ներկայացվել ադրբեջանական կողմին։ Բրյուսելում քննարկման ենթակա հարցերի մեջ առավելապես ընդգրկված են եղել հարցեր, որոնք վերաբերում են Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների հստակեցմանը»,- եզրափակեց Վլադիմիր Վարդանյանը։