Բաժիններ՝

Ճարտարապետ Հրաչյա Գասպարյանին շնորհվել է «Երևան քաղաքի պատվավոր շինարար» կոչում

Երևանի քաղաքապետի որոշմամբ ճարտարապետության բնագավառում ունեցած ձեռքբերումների և ներդրած նշանակալի ավանդի համար ճարտարապետ Հրաչյա Գասպարյանին շնորհվել է «Երևան քաղաքի պատվավոր շինարար» կոչումը։

Շնորհավորելով ճարտարապետին՝ քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը շնորհակալություն է հայտնել նվիրված աշխատանքի ու եկեղեցիների վերականգնման գործում ներդրած ավանդի համար: Այս մասին հաղորդում է Երևանի քաղաքապետարանը:

Հարկ է նշել, որ Հրաչյա Գասպարյանի նախագծերով և հսկողությամբ վերականգնված ու կոնսերվացված բազմաթիվ գործերը ոչ միայն Հայաստանում, այլև սփյուռքում ճարտարապետական հայտնի կոթողներ են։ Դրանցից հատկապես մեծ կարևորություն ունեն՝ Հովհաննավանքի, Սաղմոսավանքի, Կեչառիսի, Հաղպատի, Ամաղուի Նորավանքի համալիրների մասնակի և ամբողջական վերկանգման աշխատանքները:

Նշվածների շարքում մեծ խորհուրդ ունի Անիի Մայր տաճարի վերականգման նախագիծը՝ Թորոս Թորամանյանի չափագրած նյութի հիման վրա, որը 1993թ. արժանացել է մրցանակի:

Առանձնակի նշանակություն ունեն նաև ճարտարապետի նախագծմամբ նորակառույց՝ Ջավախքի Ս. Աստվածածին, Աշտարակ քաղաքի Ս. Սարգիս, Մարտիրոս գյուղի Ս. Աստվածածին, ինչպես նաև Մալաթիա-Սեբաստիա, Չարբախ, Մարմարաշեն, Բերձոր, Վաղուշեն և այլ համայնքների եկեղեցիները։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս