ՆԱՏՕ-ն չի պատրաստվում զորքեր և օդուժ ուղարկել Ուկրաինա. Ստոլտենբերգ
Հյուսիսատլանտյան դաշինքը չի նախատեսում իր զորքերը և օդուժն ուղարկել Ուկրաինա։ Այս մասին հայտնում է «Ինտերֆաքսը»՝ վկայակոչելով ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հայտարարությանը։
«Դաշնակիցները համաձայն են, որ մենք չպետք է ՆԱՏՕ-ի զորքեր ուղարկենք Ուկրաինա և չպետք է ՆԱՏՕ-ի ինքնաթիռներ ուղարկենք Ուկրաինայի օդային տարածք»,- ասել է նա։
Նա ընդգծել է, որ դաշինքը այդ դիրքորոշմանն է, քանի որ «պատասխանատու է Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև պատերազմը կանխելու համար»։
Միևնույն ժամանակ, ըստ Ստոլտենբերգի, ՆԱՏՕ-ի դաշնակից երկրների արտգործնախարարները ապրիլի 6-7-ին կայանալիք հանդիպման ժամանակ կքննարկեն, թե ինչ այլ աջակցություն կարող են ցուցաբերել Ուկրաինային։
«Իմ խնդիրն է ոչ թե խորհուրդ տալ, այլ իմ և ՆԱՏՕ-ի խնդիրն է աջակցություն ցուցաբերել Ուկրաինային»,- հավելել է նա՝ հիշեցնելով, որ դաշինքը Կիևին տրամադրում է ռազմական, ֆինանսական և հումանիտար օգնություն։