«Եթե այս պահին ամեն ինչ մեր դեմ է, միանշանակ է՝ մենք մեր երկրում ամուր կառչած պետք է ապրենք». Տեր Ներսես քահանա Ասրյան

Չնայած Արցախում ստեղծված դժվարին իրավիճակին, արցախցիները շարունակում են ամուր կառչած մնալ Հայ Առաքելական եկեղեցուց և հոգևոր կյանքից։

Ստեփանակերտի սուրբ Աստվածածին մայր եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Ներսես քահանա Ասրյանի խոսքով՝ մարդիկ որքան նեղ վիճակում են, այնքան ավելի շատ են մոտենում Աստծուն։

«Պայմանական ասած՝ հրադադարի հաստատումից ի վեր, ես եկեղեցում ամենօրյա ծառայության եմ, առավոտից երեկո, գրեթե 12 ժամ այստեղ եմ լինում։ Այս ընթացքում ինձ մոտ եկել են հազարավոր մարդիկ տարբեր խնդիրներով։ Անշուշտ, կապը եկեղեցու հետ այժմ ավելի մեծ է։ Ցավոք, որոշ պարագաներում դա պայմանավորված է ողբերգական հանգամանքներով՝ հարազատ կորցրած մարդիկ կան, անհայտ կորածների հարազատներ կան։ Միանշանակ, կապը եկեղեցու հետ ավելի է մեծացել»,- 168.am հետ զրույցում ասաց քահանան։

Պատերազմից հետո եկեղեցում տեղի ունեցած պսակադրությունները բազմապատիկ անգամ գերազանցել են մինչև պատերազմը եղածներին, ինչը, իհարկե, ուրախացնում  է։

«Ես սա գնահատում եմ՝ որպես շատ դրական երևույթ, այսինքն՝ ապրելու կամքը մեր մեջ ամուր է, փառք Աստծո, և՛ ընտանիքներ ստեղծելու, և՛ սեփական երկրում ապրելու, որովհետև հազվագյուտ զույգեր են, որ ամուսնանում են դուրս գնալու համար։ Հիմնականում տեղում ապրող մեր երիտասարդներն են, որ ընտանիքներ են կազմում։ Վստահաբար, պսակադրությունները շատ են, նույնը նաև վերաբերում է մկրտություններին։ Այս պարագայում որևէ խնդիր լինել չի կարող, այսինքն՝ այս իրավիճակը որևէ կապ չունի մկրտվելու հետ»,- հավելեց քահանան։

Թե ի՞նչ պետք է անել ստեղծված իրավիճակում, Տեր Ներսես քահանա Ասրյանն իր բանաձևն ունի՝ ապաշխարել. սխալները սրբագրելու ճանապարհը հոգևոր լեզվով կոչվում է ապաշխարություն։

«Մենք մեր մեղքերից պետք է ապաշխարենք, իսկ ապաշխարությունն այսպես նստել ու լացելը չէ։ Մենք հիմա անցնում ենք Մեծի Պահոցի շրջանը, որը պահք պահելու շրջան չէ։ Սա հոգևոր որոշակի ինքնամաքրման, ինքնավերականգնման, Աստծուն մոտենալու շրջան է, որը հիմնական չորս ազդակներ ունի։ Պահեցողություն, որը միայն միս չուտելը չէ, առհասարակ զսպվածությունն է ամեն մի ցանկության նկատմամբ։ Ապաշխարությունը՝ սեփական մեղքերի համար զղջալ, մաքրվել և վճռական լինել և այլևս մեղքերը չկրկնել։ Ողորմությունը, այսինքն՝ գթասրտությունը, բարություն գործելը, նյութականն օգտագործելով՝ նոր բարիքներ ստեղծել, միմյանց ձեռք մեկնել։ Աղոթքը, այսինքն՝ մեր մշտական կապն Աստծո հետ։ Անհավատ մարդու համար սա նույնն է՝ ինչ որ, ասենք, խուլը երաժշտություն լսի։ Բայց վստահեցնում եմ, եթե կարողանանք ազգովի անցնել այս ճանապարհը՝ մեր շատ խնդիրներ ինքնին արդեն կվերանան, որովհետև մեր շատ խնդիրների արմատներ մեր մեջ են, այլ ոչ թե մեզանից դուրս գտնվող կենտրոններում կամ թշնամիների ձեռքում։  Մեր հիմնական խնդիրն այս պահին մասնատվածությունն է, փոխադարձ մեղադրանքները, ատելությունը, այս կամ այն բևեռի կողմնակից լինելը։ Կամ, օրինակ, արտաքին տարբեր ուժային կենտրոնների կողմնակիցներ լինելը, քան սեփական երկրի, սեփական պետականության մասին մտածող հասարակություն։ Պետք է կարողանանք այս սխալ ճանապարհից հետ կանգնել՝ սիրել մեր երկիրը, մեր ունեցածը ճիշտ գնահատել և փորձել ամուր կառչել այդ ամենին»,- ընդգծեց քահանան։

Արդյո՞ք այսօր մարդիկ պատրաստ են հետ կանգնել քահանայի մատնանշած ճանապարհից և ընտրել ճիշտ ճանապարհը։

Ըստ քահանայի՝ անձամբ խոսում է հազարավոր մարդկանց հետ, բայց բոլորը նույնը չեն, նրանց մոտեցումները և ընկալունակության աստիճանները տարբեր են։

Հասարակության պայմանական բաժանում անելով՝ տեր Ներսես քահանան նկատեց՝ հասարակության մի հատվածն ամբողջովին զգում է այս ողբերգության ամբողջ բեռը, թե՛  սեփական կյանքում, թե՛ գիտակցական մակարդակում։ Իսկ մյուս հատվածի համար այնպիսի տպավորություն է, որ որևէ բան չի եղել։

«Եթե լրահոսում տագնապալի լուրերը բացակայում են կամ կրակոցներ մի պահ չեն լինում, մտածում են՝ ոչինչ չի եղել և կարելի է անցնել իրենց պատկերացրած բնականոն կյանքին։ Ցավալի ու դժվար է հասարակության այս երկու հատվածներն իրար կամրջելը։ Սա 30 տարվա մեծագույն բացթողում է դաստիարակության ոլորտում։ Այսինքն՝ մենք մեր ժողովրդին, հասարակությանը ճիշտ ճանապարհով չենք տարել, մենք՝ նկատի ունեմ բոլորիս, ովքեր ունեն այդ գիտակցությունը, ովքեր ինչ-որ պահի միացել են ճանապարհն առաջնորդելու առաքելությանը։ Փոխարենը՝ դա արել են ուրիշները, և ըստ էության մեր հասարակությանը վեր են ածել հեշտ խաբվող, նյութապաշտ և այսպիսի ցավալի իրավիճակի։ Մեր քայլերից է կախված, թե ինչ կլինի, ինչո՞ւ են ասում՝ պատմությունը կրկնվում է, կրկնվում է, որովհետև մարդիկ նույն սխալներն են կրկնում։

Եթե կրկնենք այն սխալները, որոնց հնարավորություններն ըստ էության գրեթե չունենք, բնականաբար, խոսել ստեղծված իրավիճակից դրական ելքով դուրս գալու մասին՝ կեղծ լավատեսություն է։ Բայց եթե իսկապես կարողանանք ուշքի գալ, համախմբվել, փորձել սխալներից հետ կանգնել և, ամենակարևորը՝ մեր խոսքն ու գործն իրար համապատասխանեցնենք… որովհետև մի կողմից՝ կեղծ ռազմահայրենասիրական պաթոս ենք տեսնում, մյուս կողմից՝ ազատական արժեքների անվան տակ ուղղակի պոպուլիզմ, երկուսն էլ փուչ են։

Կրկնում եմ՝ եթե այս ամենից կարողանանք ձերբազատվել, ապա ելքը դրական կլինի, հույս էլ կլինի, իսկ ամենակարևորը հույսն է՝ մեր հետագա ճանապարհն անցնելու համար։ Վստահ մեկ բան կարող եմ ասել՝ մենք պետք է շարունակենք ապրել մեր երկրում։ Մեր ամենավերջին հույսը, որ մենք ինչ-որ հանգրվանում կկարողանանք հօգուտ մեզ որևէ բան փոխել, անգամ, եթե այս պահին ամեն ինչ մեր դեմ է, միանշանակ է՝  մենք մեր երկրում՝ ամուր կառչած պետք է ապրենք։ Այստեղից դուրս եկանք՝ կորած ենք, հետո ստեղծագործություններ կգրենք, այսպես ասած՝ էժանագին հայրենասիրությամբ»,- եզրափակեց Տեր Ներսես քահան Ասրյանը։

Տեսանյութեր

Լրահոս