Բաժիններ՝

Կառավարությունն անգործության է մատնված՝ կարծելով, թե «ցունամին» Հայաստանի տնտեսությանը կշրջանցի. Տնտեսագետ

12-ամսյա գնաճը կմոտենա 4 % ցուցանիշին, տնտեսական աճի կանխատեսումները 5.3 %փոխարեն՝ իջեցվել են մինչև 1.6 տոկոսի. սրանք առկա իրողությունների համատեքստում ԿԲ վերջին կանխատեսումն են:

Հետաքրքրական է, որ Կառավարությունը 2022 թ.-ի համար կանխատեսել էր 7 %տնտեսական աճ. ստացվում է՝ գործադիրում արդեն պետք է սկսեն հետհաշվարկը:

Տնտեսագետ Սուրեն Պարսյանը, 168.amի հետ զրույցում հիշեցնելով Կառավարության հավակնոտ սպասելիքները՝նկատեց. «Բոլորը, այդ թվում՝ ԿԲ-ն, կասկածի տակ էին դնում իրենց նախանշած 7 տոկոսը. հանրությանը մոլորեցնող, չհիմնավորված սպասումներ առաջացնող հերթական թիվն էին հայտարարել:

2022 թ.-ի համար ԿԲ-ն ավելի համեստ, իրատեսական կանխատեսում էր արել՝ 5.3 % տնտեսական աճ, բայց հաշվի առնելով, որ ռուս-ուկրաինական հակամարտությունը մեծ ցնցումներ է առաջացրել համաշխարհային շուկայում, այդ թվում՝ Հայաստանում,այդ ցուցանիշն արդեն իրատեսական չէր, և ԿԲ-ն վերանայել է իր կանխատեսումը»:

Անդրադառնալով տնտեսական նոր մարտահրավերներին դիմակայելու ԿԲ քայլերին՝ տնտեսագետը նշեց, որ վերաֆինանսավորման տոկոսադրույքի՝ 1.25 տոկոս բարձրացումը թանկացնում է վարկային միջոցները բիզնեսի և հանրության համար: Ըստ նրա՝ ԿԲ դրամավարկային քաղաքականությունը չի համապատասխանում ՀՀ կառավարության հարկաբյուջետային, տնտեսական քաղաքականությանը:

«Կառավարությունը նախանշել էր 7 տոկոսանոց տնտեսական աճ, ԿԲ-ն դրան հակառակ՝ բարձրացնում է վարկային տոկոսադրույքները շուկայում, այսինքն՝ դրա հետևանքով էլ ավելի է նվազելու տնտեսական ակտիվությունը:

Ես վստահ եմ, որ Կենտրոնական բանկի և Կառավարության կանխատեսումները մոտակա ամիսներինդարձյալ վերանայվելու են: ԿԲ-ի համար, տեսնելով,որ կառավարությունը ձախողել է իր տնտեսական քաղաքականությունը՝հատկապես գյուղատնտեսության առումով, 1.6 % կանխատեսումը կդառնա նույնիսկ լավատեսական կանխատեսում, քանի որ մոտակա ամիսներին մենք խնդիր ենք ունենալու գյուղմթերքի արտահանման առումով:

Անցյալ տարի 210 հազար տոննա բանջարեղեն և միրգ ենք արտահանել, իսկ այս ռուբլու փոխարժեքի պայմաններում՝ մեր արտահանումը դեպի ՌԴ, որը կազմում է մեր ընդհանուր արտահանման28 տոկոսը,դրված է հարցականի տակ:

Մեր ծիրանը, օրինակ, ռուսական շուկայում թանկանալու է3-4 անգամ՝ այն դեպքում, երբ ՌԴ-ում ավելացել է գործազրկության մակարդակը, նվազել են մարդկանց եկամուտները: Կոնյակի, ծխախոտի, պահածոների գներն աճելու են ռուսական շուկայում. մենք ինչպե՞ս ենք կարողանալու մեր արտահանման խնդիրը լուծել: Սրա հետևանքով գյուղատնտեսության ոլորտը մեծ կորուստներ կարող է ունենալ այս տարվա ընթացքում»,- մանրամասնեց Սուրեն Պարսյանը՝ հավելելով, որ թեև ԿԲ-ն դեռևս նշում է արդյունաբերության անկման մասին, այդուհանդերձ հաջորդ՝ ամենամեծ անկում գրանցող ոլորտը լինելու է գյուղատնտեսությունը:

Նա հիշեցրեց՝ գյուղոլորտում գործունեություն է ծավալում հանրապետության աշխատուժի մեկ երրորդը, ապա նաև արձանագրեց, որռուբլու արժեզրկման հետևանքով ականատես ենք լինելու ներքին սպառման նվազման. «Եթե, օրինակ, ՌԴ-ից շաբաթական 10 հազար ռուբլի էին ուղարկում իրենց ընտանիքին, ինչը նախկինում կազմում էր 70 հազար դրամ, այժմ կազմում է 30-40 հազար դրամ: Այսինքն՝ ՌԴ-ից գումար ստացող ընտանիքների առևտուրը մոտ 50 տոկոսով կրճատվելու է»:

Տնտեսագետը շեշտեց, որ տարին ցնցումային է լինելու, մինչդեռ կառավարությունը, որը պետք է հակաճգնաժամային ծրագիր մշակեր, ուղղակի անգործության է մատնված՝ մտածելով, թե «ցունամին» Հայաստանի տնտեսությանը կշրջանցի:

Ի պատասխան հարցին, թե ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկի կառավարությունը, Սուրեն Պարսյանը հետևյալ դիտարկումներն արեց. «Արտահանման առումով շատ կարճ ժամանակ ունենք. պետք է այլընտրանքային արտահանման շուկաներ գտնենք՝ կլինեն արաբական կամ ԵՄ երկրները:

Պետք է մտածենք դրամի արժեզրկման ուղղությամբ, որ մեր արտահանողների ապրանքը կարողանա մրցունակ լինել: Մենք պետք է հասկանանք, որ դրամ-ռուբլի այս փոխարժեքով մենք չենք կարող մրցունակ լինել ռուսական շուկայում,կամ ընդհանրապես պետք է հրաժարվենք ռուսական շուկայից:

Կառավարությունը արտահանողներին պետք է ուղղակի աջակցություն ցուցաբերի՝ կլինի մասնաբաժնի ձեռքբերման տեսքով, դրամաշնորհային, սուբսիդավորման ծրագրերի միջոցով, բայց ոչ վարկային տոկոսադրույքների ֆինանսավորման միջոցով, որըողջ 2020 թվականի ընթացքում կատարեցին, սակայն բավականին անարդյունավետ էր (դրանից շահեցին միայն բանկերը):

Եվ երկարաժամկետում՝ կառավարությունը պետք է ֆինանսավորի, աջակցի բիզնեսի արդյունավետության, արտադրողականության աճը»:

«Մենք պետք է հասկանանք՝ այս տնտեսական պատժամիջոցների պատերազմը մեկ-երկու ամիս չի լինելու. սա տարիներ է տևելու, և մենք այս իրավիճակում պետք է ապրենք, մտածենք ինքնաբավությունն ավելացնելու մասին՝ ցորենի, հավի մսի, եգիպտացորենի: Մենք ունենք այդ ռեսուրսը, բայց չենք օգտագործում»,- եզրափակեց տնտեսագետը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս