Բաժիններ՝

12-ամսյա գնաճը կմոտենա 4 % ցուցանիշին, տնտեսական աճի կանխատեսումները 5.3 %  փոխարեն՝ իջեցվել են մինչև 1.6 տոկոսի. ԿԲ

«Ստեղծված իրավիճակում ԿԲ խորհուրդը նպատակահարմար է գտնում համեմատաբար մեծ քայլով բարձրացնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը: Խորհուրդը գնահատում է, որ տնտեսական հեռանկարի հետ կապված անորոշության և գնաճային սպասումների ավելացման ռիսկերի պահպանման դեպքում, առաջիկայում ևս կդիտարկվի դրամավարկային պայմանների հնարավոր խստացման անհրաժեշտությունը։ Քաղաքականության նման գործողությունների արդյունքում 12-ամսյա գնաճն աստիճանաբար կնվազի և կանխատեսվող հորիզոնում կմոտենա նպատակային 4% ցուցանիշին»,- այսօր հրավիրված ասուլիսում անդրադառնալով ԿԲ կողմից վերաֆինանսավորման տոկոսադրույքի՝ 1.25 կետով բարձրացմանը, նշեց ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը:

ԿԲ խորհուրդը գնահատում է, որ աշխարհաքաղաքական զարգացումներով պայմանավորված՝ մակրոտնտեսական հեռանկարի հետ կապված անորոշությունը էականորեն ավելացել է, և միաժամանակ, կանխատեսված ուղեգծից գնաճի շեղման ռիսկերը հիմնականում հավասարակշռված են։

ԿԲ նախագահը վստահեցրեց, որ ռիսկերի որևէ ուղղությամբ դրսևորման պարագայում խորհուրդը համարժեքորեն կարձագանքի և կապահովի գների կայունության նպատակը:

Լրագրողների հարցերին ի պատասխան՝ Մարտին Գալստյանը նաև տեղեկացրեց, որ ՀՀ կենտրոնական բանկը վերանայել է տնտեսական աճի կանխատեսումը. 2022-ի համար կանխատեսվում է 1.6 տոկոս տնտեսական աճ:

«Տնտեսական աճի հետ կապված կանխատեսումները նախկին՝ 5.3 տոկոսի փոխարեն՝ իջեցվել են մինչև 1.6 տոկոս,- ասաց նա՝ նկատելով, որ դա հիմնականում պայմանավորված է արդյունաբերության ճյուղում որոշակի նվազեցմամբ,- Մենք կանխատեսում էինք, որ արդյունաբերության ճյուղը պետք է 2022-ին աճեր 1.6 տոկոսով, այնինչ նոր զարգացումների ներքո, երբ տեսնում ենք, որ կան որոշակի խնդիրներ հանքարդյունաբերությունում, մշակող արդյունաբերությունում, արդյունաբերության ճյուղի -4.7 տոկոս աճ է դրված: Որոշակի նվազում կա նաև շինարարության ճյուղում: Միակը, որն ավելի դրական զարգացում է ունենալու նախկին կանխատեսումների համաձայն՝ գյուղատնտեսության ճյուղն է»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս