Մարտեր առանց կանոնների՝ Սասուն Խաչատրյանի, Արթուր Դավթյանի, Գագիկ Ջհանգիրյանի, Նիկոլ Փաշինյանի միջև

168.am-ի տեսադաշտում այսօր հայտնված մի քանի իրադարձություններ հիմք տվեցին եզրակացնել, որ ցավալիորեն մեր երկրի կառավարումը պայմանավորված է իշխանության մարմինների գլխավոր դերակատարների անձնական շահերով, վրեժխնդրությամբ կամ ներանձնային փայլուն հարաբերություններով ու դրանց հետևանքներով:

 Երկրի իրավական քաղաքականության կուրսը՝ ուժային կառույցների ղեկավարների գզվռտոցի արանքում

Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյան-գլխավոր դատախազ Արթուր Դավթյան արդեն բացահայտ գզվռտոցը թեև ծիծաղելի, բայց նույնքան ողբերգական է ընդհանուր երկրում տիրող իրավիճակի համատեքստում, բայց, որ դրա արդյունքում կարող են, օրինակ, դրական տեղաշարժեր լինել, ինչ խոսք, բավականին հաճելի անակնկալ է:

Բայց ամեն ինչի մասին՝ հերթով:

Սասուն Խաչատրյան-Արթուր Դավթյան «սուսերամարտի» ամեն հերթական դրվագ նոր հարցեր է առաջացնում, տալիս դիրքավորումների պատասխաններ, լուծում կամ առաջ բերում նոր խնդիրներ:

Դեռ չեն դադարել նախկին վարչապետ, Ազգային ժողովի (ԱԺ) նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանի տան վաճառքի հետ կապված պատմությունները, երկու իրավապահ կառույցների ղեկավարների՝ միմյանց հասցեին հնչեցված մեղադրանքները, բայց այս ձնագնդին այնքան արագ է մեծանում, որ անգամ անկանխատեսելի իրադարձություններ են տեղի ունենում:

Սասուն Խաչատրյանի մեղադրյալ մորեղբոր որդին՝ ՔԿԾ շտաբի պետ

Այսօր, օրինակ, հայտնի դարձավ, որ Քրեակատարողական ծառայությունում փոխատեղումների շքերթ է սկսվել:

Այսպես՝ Սասուն Խաչատրյանի՝ քրեական գործով անցնող, մեղադրյալի կարգավիճակ ունեցող մորեղբոր որդին, ով ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի պետն էր, ում, չնայած ԱԱԾ-ի ու գլխավոր դատախազության ջանքերին, այդպես էլ աղմկահարույց գործով չկարողացան կալանավորել, քանի որ ուներ Սասուն Խաչատրյանի ու Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) անդամ Դավիթ Խաչատուրյանի նման եղբայրներ, և ում լիազորություններն անգամ չկասեցվեցին, նշանակվել է Քրեակատարողական ծառայության (ՔԿԾ) շտաբի պետ:

Մի կողմ թողնենք այն հանգամանքը, որ ՔԿԾ շտաբը Ծառայության ծանրագույն ստորաժանումներից է, պահանջում է մասնագիտական բարձր գիտելիքներ, լուրջ որակավորում ու փորձ, իսկ Արտակ Սարգսյանի գիտելիքները, հմտություններն ու շփման ունակությունները, կազմակերպչական և առարկայական այլ կարողությունները ոչ մի կերպ չեն համապատասխանում այդ պաշտոնին: ՔԿԾ շտաբը համակարգում է միջազգային կազմակերպությունների հետ աշխատանքը, գերատեսչական կապերի հաստատումը, վերլուծական բազայի ձևավորման աշխատանքները, համակարգում է հաշվետվությունների թվային տվյալները, ունի շատ տարատեսակ զբաղվածություն ու գործառույթներ, իսկ Սասուն Խաչատրյանի ազգականը, դատելով նրա՝ համակարգում «փորձառությունից» և հանրային կարծիքի ուսումնասիրությունից, բոլորովին իր տեղում չի լինելու: Բարեբախտաբար, շտաբում կան փորձառու, խելացի ու կազմակերպված աշխատակիցներ, որոնք թույլ չեն տա, որ շտաբը կազմաքանդվի, բայց դա չի նշանակում, որ ինչ-որ տեղ նստած «պետը» կոմպետենտ է ու կարող է որոշումներ կայացնել:

Բայց այստեղ մի նրբություն կա. Սասուն Խաչատրյանի ուժի ցուցադրության հերթական դրսևորումը հերթական հարվածն է գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի վարկանիշին: Սրանով Սասուն Խաչատրյանը բացահայտ ասում է՝ ոչ միայն չի՛ կալանավորվելու, այլև այլ աշխատանքի է տեղափոխվելու, այս անգամ՝ կենտրոնական մարմնում:

Շարունակելով փոխատեղումների թեման՝ նշենք, որ Նիկոլ Փաշինյանի մտերիմ Աղասի Խաչատրյանը «Նուբարաշեն» ՔԿՀ պետի պաշտոնից տեղափոխվեց ղեկավարելու «դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ն: Շատ կարճ ժամանակով ՔԿԾ շտաբի պետ դարձած, արդեն իսկ փակված «Կոշ» ՔԿՀ-ի պետ Մանուկ Պողոսյանն էլ նշանակվել է «Գորիս» ՔԿՀ-ի պետ, իսկ «Գորիսի» նախկին պետ Կարեն Խաչատրյանին էլ նշանակել են «Նուբարաշեն» ՔԿՀ-ի պետ: Ռոտացիաները, իհարկե, սովորական ու անհրաժեշտ գործընթաց են ՔԿ Ծառայության համակարգում, եթե, իհարկե, դրանք շղարշ չեն առավել քողարկված պրոցեսների համար:

Դատախազությունը՝ պահանջել, իսկ ԱԱԾ-ն էլ դեմ չի եղել վերադարձնել քրեական գործերի մակագրման ավտոմատ համակարգի բանալիները

Ինչևէ, Սասուն Խաչատրյանի այս, ըստ էության, նեղ ընտանեկան հարց լուծող քայլին հաջորդեց գլխավոր դատախազության բավականին ազդեցիկ հարվածը, այս անգամ՝ Բարձրագույն դատական խորհրդին (ԲԴԽ) կամ ի դեմս ԲԴԽ-ի:

Այսօր առավոտյան հայտնի դարձավ, որ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում քննվող քրեական գործով առգրավված՝ դատական գործերի մակագրման համակարգի գործարկման և շահագործման առգրավված բանալիները վերադարձվել են։

«Հաշվի առնելով դատական գործերի համակարգչային մակագրման համակարգի կարևոր նշանակությունն արդար դատաքննության ապահովման համար՝ ՀՀ դատախազությունն անհրաժեշտ միջոցներ է ձեռնարկել քննությանն անհրաժեշտ տվյալները հնարավորինս սեղմ ժամկետում ստանալու և համակարգի գործարկման խոչընդոտները բացառելու ուղղությամբ։ Մասնավորապես, քրեական գործով նշանակված փորձաքննությունը կատարող փորձագետի կողմից արդեն իսկ ուսումնասիրվել են հետազոտման ենթակա օբյեկտները, և համակարգի վերագործարկումն ու շահագործումը չի կարող բացասաբար անդրադառնալ փորձաքննության օբյեկտիվության և լիարժեքության վրա։ Հետևաբար՝ քրեական գործով առգրավված՝ համակարգի գործարկման և շահագործման առգրավված բանալիները վերադարձվել են, և ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավարին հայտնվել է, որ մակագրման համակարգը կարող է վերագործարկվել»,- գրել էր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։

Թե ի՞նչ է սա նշանակում, կարծում ենք՝ դատաիրավական համակարգին մոտ կանգնած անձինք շատ լավ են պատկերացնում: ԲԴԽ-ի ու, մասնավորապես, Գագիկ Ջհանգիրյանի համար ուրախալի օրեր չեն սպասվում: Քրեական գործերի մակագրման ավտոմատ համակարգի վերադարձն այն առգրավելուց 10 ամիս անց նշանակում է, որ այլևս կամայականորեն մարդիկ չեն կալանավորվելու, դատարանների նախագահները, ըստ իրենց նախընտրությունների ու հարմարությունների, գործեր չեն մակագրելու, և համակարգը քիչ թե շատ կսկսի շնչել: Իսկ սա, բնականաբար, բոլորովին դուր չի գա՝ հատկապես Նիկոլ Փաշինյանին, ու Գագիկ Ջհանգիրյանը ստիպված պետք է լինի «խնդրի լուծման այլ տարբերակներ» գտնել: Այստեղ ուշագրավ է ԱԱԾ-ի առերևույթ չեզոք պահվածքը, քանի որ բոլորն են հասկանում՝ ուժային կառույցների հակամարտության մեջ ԱԱԾ-ի դերակատարումը նույնիսկ շատ որոշիչ կարող է լինել:

Հատկանշական է, որ գլխավոր դատախազությանն իրավական գրագիտության դասեր տվող ու դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատական ակտեր կատարող Հակակոռուպցիոն կոմիտեն իր այդ գործառույթը կատարում է ընտրողաբար: Դրան դեռ առանձին կանդրադառնանք մեր հաջորդ հրապարակման մեջ կոնկրետ օրինակով:

Այսօրվա առանց կանոնների մարտերը՝ դատախազի վաղվա աթոռի համար

Ամիսներ անց Արթուր Դավթյանը հրաժեշտ կտա իր պաշտոնին. լրանում է որպես գլխավոր դատախազ պաշտոնավարելու՝ նրա 6-ամյա ժամկետը: Բնական է, որ նա կցանկանա թողնել իրավահաջորդ: Այս պահին այդ դերին լավագույնս համապատասխանում ու դրան հավակնում է գլխավոր դատախազի տեղակալ Գևորգ Բաղդասարյանը:

Անզեն աչքով անգամ Գևորգ Բաղդասարյանի վարքագծի փոփոխությունը տեսանելի է: Ռոբերտ Քոչարյանի և Արմեն Գևորգյանի գործով վերջին դատական նիստը դրա վառ ապացույցն է, երբ, ինչպես և սպասվում էր, Արմեն Գևորգյանը չէր կարողացել ներկայանալ դատական նիստին, և ամբաստանյալի բացակայության հիմքով դատական նիստը պետք է հետաձգվեր, իսկ դատավորի գործողությունների դեմ Գևորգ Բաղդասարյանի արձագանքը սպասելիներից չէր:

Մեղադրող դատախազ Գևորգ Բաղդասարյանը հայտարարությամբ հանդես եկավ՝ անհամաձայնություն հայտնելով դատավորի գործողությունների դեմ։

«Հարգելի դատարան, այն, ինչ հիմա կասեմ, խնդրում եմ՝ նեղանալով չընդունեք, ինչ ասում եմ՝ դատարանի հեղինակության համար եմ ասում»,- նշել էր Բաղդասարյանը՝ հիշեցնելով, որ դատարանը նաև քննարկել է Արմեն Գևորգյանի ներկայության հնարավորությունը՝ ԵԽԽՎ նիստի մասնակցության համատեքստում, ինչը ենթադրում է, որ դատավորը հնարավոր է համարել, որ Արմեն Գևորգյանը մասնակցի ԵԽԽՎ նիստին, և դատական նիստով դա չխոչընդոտվի։

«Ժամը 13:00-ին դատական նիստն ընդմիջել, 16:00-ին բոլորս էլի ներկայանանք և արձանագրենք, որ Արմեն Գևորգյանի ներկայությունը հնարավոր չէ, դա ինչի՞ համար է։ Վստահ եմ, որ Դուք և դատավարության մասնակիցները պետք է շահագրգիռ լինեն, որ դատական նիստերը կայանան, և հետաձգումները, ընդմիջումները պետք է ենթադրեն բացառապես այդ նպատակը։ Ենթադրենք՝ ժամը 16:00-ին Արմեն Գևորգյանը կկարողանար ներկայանալ։ Այսինքն՝ մենք ամբաստանյալի՝ ԵԽԽՎ նիստի մասնակցության ընդմիջման ժամանակն օգտագործում ենք՝ վազվզելով դատական նիստին գալու համար, որ հնարավոր դարձնենք, ընդ որում՝ այն դեպքում, որ կասկածելի է՝ մենք մասնակցությունը հնարավոր կդարձնե՞նք, թե՞ ոչ։ Ընդմիջում հայտարարելու ժամանակ տիկին Սահակյանը փորձում էր արձագանքել, որ ժամը 16:00-ին ԵԽԽՎ նիստի հետաձգման դեպքում այս նիստը չէր կարող կայանալ, որովհետև ճանապարհին սպառվող ժամանակը թույլ չի տալու, որ նիստը կայանա»,- նշել էր ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնի հավակնություններ ունեցող Գևորգ Բաղդասարյանը՝ ընդգծելով, որ դատարանը պետք է որոշի այն սահմանները, որտեղ պետք է ապահովվի Արմեն Գևորգյանի՝ պատգամավորական գործունեության մասը, դատական նիստերը պետք է նշանակվեն ճկուն՝ շաբաթական յոթ օր, որ դատական նիստերը կայանան, ոչ թե նշանակվեն այն օրերին, երբ առերևույթ անհնարին է Գևորգյանի մասնակցությունը։

Հատվածը թողնենք առանց մեկնաբանության. վերջին տարիներին Գևորգ Բաղդասարյանի գործունեությանն ու հռետորաբանությանը ծանոթ ցանկացած ոք ինքը կարող է նկատել այն փոփոխությունը, որը տեղի է ունեցել Գևորգ Բաղդասարյանի դատախազական վարքագծում:

Միամտություն կլիներ, սակայն, մտածել, որ այդ պաշտոնին հավակնողների պակասություն կզգացվի, և, որ այդ ցանկում չի լինի Սասուն Խաչատրյանի անունը: Հակակոռուպցիոն կոմիտեն այսօր կա, վաղը կարող է չլինել, եթե ինչ-որ մի պահի դժգոհություններն այնքան շատ լինեն այս կառույցի էֆեկտիվությունից, որ որոշեն այն փակել, իսկ ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնը հատկապես հավասարակշռված իշխանություն ունենալու պարագայում երաշխավորված 6 տարվա պաշտոնավարում է: Այնպես որ, անտրամաբանական կլիներ, եթե Սասուն Խաչատրյանը չցանկանար դառնալ գլխավոր դատախազ: Հետևաբար՝ այսօրվա հարձակումներն Արթուր Դավթյանի ուղղությամբ կարող են ոչ այնքան նրա անձով պայմանավորված լինել, որքան հետագայի համար դիրքերի ամրացման միտումով:

Բացի դրանից, շատ մեծ ցանկության դեպքում գլխավոր դատախազի համար մեծ դժվարություն չէ Հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավարի համար քրեաիրավական խնդիրների ստեղծումը, և այս առումով նույնպես գլխավոր դատախազը շահեկան դիրքում է:

Տեսանյութեր

Լրահոս