
Դատական գործերի մակագրման համակարգի առգրավված բանալիները վերադարձվել են Դատական դեպարտամենտին

ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում քննվող քրեական գործով առգրավված՝ դատական գործերի մակագրման համակարգի գործարկման և շահագործման առգրավված բանալիները վերադարձվել են։ «Ֆեյսբուք»-ի իր էջում այս մասին գրել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։ Նա նշել է, որ և ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավարին հայտնվել է, որ մակագրման համակարգը կարող է վերագործարկվել։
«Հաշվի առնելով դատական գործերի համակարգչային մակագրման համակարգի կարևոր նշանակությունը արդար դատաքննության ապահովման համար՝ ՀՀ դատախազությունն անհրաժեշտ միջոցներ է ձեռնարկել քննությանն անհրաժեշտ տվյալները հնարավորինս սեղմ ժամկետում ստանալու և համակարգի գործարկման խոչընդոտները բացառելու ուղղությամբ։
Մասնավորապես, քրեական գործով նշանակված փորձաքննությունը կատարող փորձագետի կողմից արդեն իսկ ուսումնասիրվել են հետազոտման ենթակա օբյեկտները, և համակարգի վերագործարկումն ու շահագործումը չի կարող բացասաբար անդրադառնալ փորձաքննության օբյեկտիվության և լիարժեքության վրա։
Հետևաբար քրեական գործով առգրավված՝ համակարգի գործարկման և շահագործման առգրավված բանալիները վերադարձվել են, և ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավարին հայտնվել է, որ մակագրման համակարգը կարող է վերագործարկվել»,- գրել է Աբրահամյանը։