ՀՀ բնակչությունը լավ վիճակում չէր անցած տարի, լավ վիճակում չէ այսօր և վաղը նույնպես ավելի լավ վիճակում չի լինելու. Դավիթ Պիպոյան
«Հայաստանի Հանրապետությունը հացահատիկ հիմնականում ներմուծում է ՌԴ-ից: Ուկրաինան հացահատիկի արտադրությամբ և մատակարարմամբ զբաղվող խոշորագույն երկրներից է: Երբ մատակարար երկիրն ինչ-ինչ պատճառներով (այս դեպքում՝ պատերազմ) չի արտահանում հացահատիկը, չի բավարարում պահանջարկը, միջազգային բորսայում ցորենի գինն ավտոմատ բարձրանում է: Այս տարի արդեն այդ գինը հասել է 400 դոլարի: Հետևաբար, եթե Հայաստանը հացահատիկի ուղղակի ներկրում չի իրականացնում Ուկրաինայից, դեռ չի նշանակում, որ չի ենթարկվելու դրա ազդեցությանը»,- 168.am-ի հետ զրույցում նշեց ՀՀ ԳԱԱ Էկոկենտրոնի սննդի շղթայի ռիսկերի գնահատման կենտրոնի ղեկավար Դավիթ Պիպոյանը:
Նրա խոսքով, հացահատիկի դեֆիցիտ չի կանխատեսվում, բայց ցանկացած երկրից հետագայում ձեռք բերվող հացահատիկը պահանջարկի ավելացման հետևանքով կունենա բարձր գին: Իսկ թանկ գնով ձեռք բերված հացահատիկը իր բացասական ազդեցությունը կունենա սննդակարգի և սպառողների առողջության վրա, որովհետև սննդակարգից առաջին հերթին դուրս են գալիս մսամթերքը, կենդանական ծագման մյուս մթերքները։
Հայաստանն ունի կերային պաշարների խնդիր: Իսկ Ուկրաինան նաև անասնակեր արտադրող և արտահանող երկիր է: Եթե բարձրացավ ներկրվող անասնակերի գինը, մեխանիկորեն կբարձրանա թռչնամսի, կենդանական ծագում ունեցող մթերքների գինը:
Ըստ Դավիթ Պիպոյանի, Հայաստանի բնակչությունը լավ վիճակում չէր անցած տարի, լավ վիճակում չէ այսօր և այս տենդենցներով վաղը նույնպես ավելի լավ վիճակում չի լինելու: Անգամ Ֆրանսիայից արդեն հնչում է ահազանգ, որ շուտով Եվրոպան կարող է բախվել պարենային անվտանգության խնդրին:
Դավիթ Պիպոյանն անդրադարձել է նաև խանութներում վերջին օրերին տիրող խուճապային տրամադրություններին:
Մանրամասները՝ տեսանյութում
Աննա Դեմիրճյան