Սահմանադրական բարեփոխումների խորհուրդը՝ տնային տնտեսուհիների, վարորդների ու կոշկակարների հույսին

Սահմանադրական բարեփոխումների խորհրդի՝ փետրվարի 16-ին տեղի ունեցած 2-րդ նիստի ժամանակ Խորհուրդը նախագահող արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանն առաջարկեց Սփյուռքի անհատներին ու կազմակերպություններին հենց այդ օրվանից առաջարկներ ներկայացնելու թույլտվություն տալ ու դրա վերաբերյալ հայտարարություն անել:

«Ի՞նչը և ինչո՞ւ կուզեիք փոխել Հայաստանի Հանրապետության Սահմանադրության մեջ»,- այսպիսին էր այն հարցը, որի վերաբերյալ Խորհուրդը ցանկանում է ստանալ Սփյուռքի և տեղի մեր հայրենակիցների կարծիքները:

Չուշացավ նաև հայտարարությունը:

Փետրվարի 22-ին հայտարարվեց, որ կարևորելով հանրության կարծիքը և մասնակցությունը սահմանադրական բարեփոխումների ուղղությունները որոշելու հարցում` Սահմանադրական բարեփոխումների խորհուրդն իրականացնում է հանրային հարցում:

«Բոլոր առաջարկությունները կհավաքագրվեն և կներկայացվեն բարեփոխումների խորհրդի և մասնագիտական հանձնաժողովի քննարկմանը: Եթե ունեք առաջարկություններ կամ կարծիքներ սահմանադրական բարեփոխումների ուղղությունների հետ կապված, խնդրում ենք դրանք կից ձևաչափին համապատասխան ներկայացնել մինչև ս.թ. մարտի 31-ը` ուղարկելով [email protected] հասցեին: Անանուն հաղորդագրությունները չեն դիտարկվելու»,- ասվում էր Արդարադատության նախարարության տարածած հաղորդագրության մեջ:

Հրապարակվեց նաև ձևանմուշի օրինակը, թե ինչ կերպ պետք է ներկայացվեն սահմանադրական փոփոխությունների առաջարկները:

Երեկ Հանրային հեռուստաընկերության «Լուրեր» ծրագիրն անդրադարձել էր թեմային, զրուցել իրավասու անձի հետ, նշել, որ Հայաստանում և արտերկրում բնակվող յուրաքանչյուր հայ կարող է մասնակցել Սահմանադրության բարեփոխումների գործընթացին: Այս նպատակով սահմանադրական բարեփոխումների խորհուրդն իրականացնում է կարծիքների հավաքում: Արդարադատության նախարարությունն արդեն տասնյակից ավելի առաջարկներ է ստացել:

Արդարադատության նախարարության «Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամի տնօրեն Տիգրան Դադունցի խոսքով՝ առաջարկները խայտաբղետ են, սկսած Սահմանադրության մակարդակով դրոշը կամ լեզուն պաշտելու առաջարկից, վերջացրած՝ տարատեսակ, ավելի բովանդակային առաջարկներով:

«Բոլոր առաջարկները, որոնք կլինեն ռեալ, բովանդակային, այլ ոչ վերացական, ցանկության տեսքով, տարբեր ձևաչափերով կներկայացվեն հանրությանը: Միգուցե, օրինակ, քննարկման ժամանակ հարց բարձրացվի, որ հարցման մասնակիցների որոշակի տոկոս կարծում է, որ կարելի է այսպես անել»,- ասել է Տիգրան Դադունցը՝ հավելելով, որ այս պրոցեսի ողջ իմաստը մասնակցայնություն ապահովելն է:

Ուշագրավ է, որ Հանրային հեռուստաընկերությունը փորձել էր նաև քաղաքացիների տեսակետ լսել սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ, սակայն երևանյան փողոցներում այդպես էլ որևէ մեկը դրա առնչությամբ ոչինչ չասաց:

168.am Արդարադատության նախարարի խոսնակից փորձեց ճշտել՝ այս պահի դրությամբ քանի՞ մարդ է առաջարկ ներկայացրել, կա՞ն արդյոք նրանց մեջ հանրությանը հայտնի իրավաբաններ ու սահմանադրագետներ, հրապարակվելո՞ւ են արդյոք ներկայացված առաջարկները, և հանրայնացվելո՞ւ են արդյոք առաջարկներ ներկայացրած անձանց անունները:

Կարեն Անդրեասյանի խոսնակ Մարիամ Մելքումյանը, ի պատասխան մեր հարցերի, ասաց, որ մոտ 10 մարդ է առաջարկներ ներկայացրել, իսկ մնացած հարցերի վերաբերյալ Խորհուրդը պետք է որոշում կայացնի:

Վստահ ենք՝ Խորհուրդը թույլ չի տա ստանալ վերը նշված հարցերի պատասխանները մի պարզ պատճառով՝ Խորհուրդը չի կարող ասել, հարգելի քաղաքացիներ, մենք մնացել ենք տնային տնտեսուհիների, վարորդների, լրագրողների, կոշկակարների, կանաչապատման մասնագետների, գործազուրկների (ցանկը կարելի է լրացնել՝ ըստ յուրաքանչյուրի նախասիրության) հույսին, որովհետև ոչ մի լուրջ, կայացած իրավաբան չի ցանկանում մեզ հետ գործ ունենալ (ամենայն հարգանքով՝ վերը նշված մասնագիտական խմբերի անձանց նկատմամբ):

Սահմանադրական բարեփոխումների խորհրդի կազմը հետևյալն է.

Մարդու իրավունքների պաշտպան (Քրիստինե Գրիգորյան)

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար (խորհրդի նախագահ) (Կարեն Անդրեասյան)

Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ (Եղիշե Կիրակոսյան)

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ (Վլադիմիր Վարդանյան)

Հայաստանի Հանրապետության Բարձրագույն դատական խորհրդի անդամ Վիգեն Քոչարյան

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյան

«Լուսավոր Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Էդմոն Մարուքյան

«Հանրապետություն» կուսակցության ներկայացուցիչ Մասիս Մելքոնյան

«Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ Արթուր Սաքունց

«Իրավունքի Եվրոպա» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ Տիգրան Եգորյան:

«Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյան:

Այս կազմում որևէ սահմանադրագետ չկա: Ըստ ամենայնի, լուրջ մասնագետներ չեն լինի նաև սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովում: Մասնագիտական շրջանակներում բոլորն են տեղյակ՝ որևէ լուրջ մասնագետ, սահմանադրագետ չի ցանկանում մաս կազմել այդ գործընթացին:

Սահմանադրական փոփոխությունների խորհրդի նիստերն ուղիղ են հեռարձակվում, ու բոլորը կարող են տեսնել՝ ինչ որակի ու մակարդակի քննարկումներ են տեղի ունենում այնտեղ. ո՞ր իրեն հարգող մասնագետը կգնա ու կմասնակցի այդ անպտուղ քննարկումներին, որտեղ մի ամբողջ ժամ, օրինակ, կարող են քննարկել՝ ինչ է բարեվարքությունը, և ինչպե՞ս, ի՞նչ եղանակով ստուգել հանձնաժողովի անդամի թեկնածուի բարեվարքությունը՝ բալերո՞վ, թե՞ առանց բալերի, գնահատմա՞մբ, թե՞ առանց քննարկման ու քվեարկության:

Տեսանյութեր

Լրահոս