«Այսօր Արցախում խաղաղություն չէ, լռություն է». Արցախի ԱԺ նախագահ

Փետրվարի 18-20-ն Արցախի Հանրապետությունում էր գտնվում Հայաստանից ժամանած մտավորականների պատվիրակությունը, որն իր հետ տարել էր հատուկ ուղերձ։ Օրը պատահական չէր ընտրված, քանի որ 34 տարի առաջ՝ 1988 թվականի փետրվարի 20-ին, արցախահայությունը ոտքի կանգնեց իր իրավունքները պաշտպանելու համար։

Արցախի Հանրապետության իշխանության տարբեր ներկայացուցիչների հետ հանդիպումից հետո մտավորականությունն Արցախից հնչեցրեց հատուկ ուղերձ։

Հայաստանից ժամանած  «Արցախի պաշտպանության մտավորականների խորհուրդ» ՀԿ ներկայացուցիչներին ընդունեց Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը, ներկա էին նաև ԱԺ խմբակցությունների ղեկավարները։

Ներկաներին այցի նպատակների մասին ներկայացրեց ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը՝ նշելով, որ իրենց առաքելության նպատակն է՝ ստեղծել մտավորականների խումբ՝ մինչև հարյուր հոգի, որն անընդհատ կբարձրաձայնի, որ Արցախի հարցը լուծված չէ, և հարցի վերջնական լուծման ճանապարհը քաղաքական է:

«Արցախի հարցը շարունակում է չլուծված մնալ։ Իրական քաղաքականության մեջ փոփոխուիթյուններ են լինելու, անցում է կատարվելու գլոբալ աշխարհից դեպի ռեգիոնալ աշխարհ։ Այս անցման մեջ մենք, բնականաբար, պետք է լինենք այնտեղ, որտեղ պետք է լինի Արցախի հարցի լուծումը։

Այսօր մենք դիտարկում ենք, որ այս տարածաշրջանում Արցախի հարցը լուծելու է կա՛մ Թուրքիան, կա՛մ Ռուսաստանը, հետևաբար՝ մեր խորհուրդն ինտենսիվորեն պետք է աշխատի Ռուսաստանի հետ, մենք չենք կարող աշխատել Թուրքիայի հետ. հեռանկար չկա։

Ես այսօր էլ եմ համարում, որ մեզ օգնելը շատ դժվար է, բայց համարում եմ, որ մենք արժանի ենք օգնության, արժանի ենք օգնության, եթե կարողանում ենք ճիշտ դիմադրություն ցույց տալ, մեզ միշտ գտնելու են, եթե ճիշտ կարողանում ենք դիմադրել թուրքական աշխարհին, մեզ գտնելու են մեր բարեկամները։ Եթե չունենք Արցախ՝ չունենք թիկունք»,- իր խոսքում նշեց Հրանտ Բագրատյանը։

Արցախի ԱԺ նախագահը նախ շնորհավորեց արցախյան շարժման 34-ամյակի կապակցությամբ, ապա ընդգծեց, որ Հայաստանից ցանկացած այց կարևոր է Արցախի համար։

«Արցախի և մեր երկրի զարգացման հարցում մեր դիրքորոշումը նույնն է, ավելին՝ մշտապես ասել եմ, որ այն իշխանությունը, որն իր թիկունքում չի զգում ընդդիմության շնչառությունը, նա տապալված իշխանություն է, չի կարող իր երկրում զարգացում ապահովի։

Արցախի հարցի լուծման հետ կապված՝ պետք է ասեմ, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը միակ մանդատն է, որին հավանություն են տվել պաշտոնական Երևանը, Ստեփանակերտը և Բաքուն։ Չնայած դրան, Բաքուն հայտարարում է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը պետք է գնա թոշակի, բայց ԵԱՀԿ Մինսկի խմբի մանդատը կա, այն պետք է պահպանվի։

Այսօր Արցախում լռություն է, խաղաղություն չէ, խաղաղություն կլինի այն ժամանակ, երբ Արցախի հարցը ստանա քաղաքական լուծում։ Իսկ ո՞վ պետք է տա այդ լուծումը՝ բնականաբար, ԵԱՀԿ Մինսկի խումբը։ Մենք այսօր պետք է առաջարկենք այն, ինչ առաջարկել են ադրբեջանցիները 1994 թվականի մայիսի 12-ից հետո՝ հողերի վերադարձ, փախստականների վերադարձ, հողերի դեօկուպացիան մենք, ի դեպ, օրենքով արդեն ընդունել ենք։ Մենք մի բան էլ ունենք՝ մշակութային ցեղասպանության հարց։ Այն քայլերը, որոնք Ադրբեջանն արել է Նախիջևանում, այսօր անում է օկուպացված տարածքներում, որտեղ հայեր չեն ապրում»,- նշեց Արթուր Թովմասյանը։

Հայաստանի Դեմոկրատական կուսակցության հիմնադիր Արամ Սարգսյանն էլ ընդգծեց․

«Մինսկի խմբի մանդատով հարցի լուծումը քաղաքական լուծումն է։ Այս պահին հայությունը նորից պետք է ոտքի կանգնի և պաշտպանի Արցախը, մենք պետք է ցույց տանք, որ հայությունը չի հրաժարվել Արցախից։ Արցախն Ադրբեջանի կազմից դուրս է եկել օրինական ճանապարհով, և այսօր բոլորս էլ հասկանում ենք, որ Արցախում լռություն է, այլ ոչ թե՝ խաղաղություն» ։

Հանդիպման ավարտին Արթուր Թովմասյանը Հրանտ Բագրատյանին ապակե փոքր տարայով Արցախի հող նվիրեց, որի վրա թափվել է բազմաթիվ հերոսների արյունը։

Տեսանյութեր

Լրահոս