Ո՞վ է վախեցրել Գագիկ Ծառուկյանին

ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ՝ անդրադառնալով «Մեդիամաքսին» տված ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցին՝ ասաց, թե դժվարանում է մեկնաբանել նրա հայտարարությունները, որովհետև, ըստ նրա՝ նախորդ նախագահների խոսքերը թե՛ լուսաբանելը, թե՛ գնահատելը դժվար է:

«Մանավանդ հիմա քաղաքական դաշտի խնդիրներն այլ տրամաբանության են, և մենք չենք պատրաստվում դրանք վերլուծել: Նախկին նախագահների խոսքը հարկավոր է հարգել: Նա տրամաբանորեն բացատրել է, թե ինչո՞ւ չի մասնակցել քաղաքական գործընթացներին: Չեմ կարծում, որ այստեղ տրամաբանորեն վերլուծելու խնդիր կա: Կարելի է ուղիղ հասկանալ»,- մասնավորեցրեց Գ. Սահակյանը:

Հարցին՝ համամի՞տ եք քաղաքագետների այն կարծիքին, թե սա Ռոբերտ Քոչարյանի հայտն էր հաջորդ նախագահական ընտրություններում մասնակցելու վերաբերյալ, քանի որ հիմա չի ցանկանում խանգարել Սերժ Սարգսյանին, Գ. Սահակյանը պատասխանեց. «Ցանկացած նախագահական ընտրություններից հետո առաջանում է նոր իրավիճակ, և դժվար է կանխատեսումներ անել հաջորդ նախագահական ընտրությունների մասին: Նախագահական ընտրություններից հետո քաղաքական դաշտին անհրաժեշտ է նոր մոդելավորում»:

Այսօր ՀՔՄ նախագահ Հմայակ Հովհաննիսյանը հայտարարել էր, թե ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին «վախեցրել» են, «տեռորի» են ենթարկել, և դա է պատճառը, որ նա չի առաջադրվել նախագահական ընտրություններում: Լրագրողները Գալուստ Սահակյանից հետաքրքրվեցին՝ Դուք չգիտե՞ք՝ ո՞վ է վախեցրել նրան, ինչին ի պատախան՝ ՀՀԿ պատգամավորն ասաց. «Հմայակ Հովհաննիսյանը»:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս