ԲՀԿ-ին տեռորի՞ են ենթարկել
Համեմատելի ռեսուրսներին տիրապետելով՝ միայն ԲՀԿ առաջնորդը կարող էր մրցակցություն ստեղծել գործող իշխանությանը՝ փետրվարին կայանալիք նախագահական ընտրություններում: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՔՄ նախագահ Հմայակ Հովհաննիսյանը: Նրա խոսքով՝ նախագահական ընտրություններին ԲՀԿ չմասնակցությունը թեպետ արտաքուստ նման է պասիվ բոյկոտի, սակայն իրականում Սերժ Սարգսյանին աջակցություն են ցուցաբերում:
«Մրցակցություն չկա: Այս ամենի հետ մեկտեղ՝ ընտրությունների լեգիտիմությունը դրված է կասկածի տակ: 43 տոկոս քվե ստացած քաղաքական ուժերն, ակնհայտ է, որ դիմել են բոյկոտի: Ըստ էության, քաղաքական այդ ուժերի չմասնակցությունը բոյկոտ է: Բոյկոտն, առհասարակ, լինում է երկու տեսակի՝ ակտիվ ու պասիվ: Երբ ընդդիմությունը բոյկոտում էր Սահմանադրության հանրաքվեն, դա ակտիվ բոյկոտ էր: Իսկ հիմա ընդդիմադիր ուժերն ընտրել են պասիվ բոյկոտը»,- ասաց նա:
Հարցին, թե ինչո՞ւ խորհրդարանական երեք ուժերը, մասնավորապես՝ ԲՀԿ-ն, ընտրեցին պասիվ բոյկոտը, Հմայակ Հովհաննիսյանը պատասխանեց. «Նրանց վախեցրել են: Հսկան, որը իր բիցեպսներով ահ ու սարսափ է ներշնչում, լավ տրամադրությամբ գնում է Բրյուսել, որտեղ տեղի է ունենում նրա բենեֆիսը, նրան անվանում են որպես արժանի թեկնածու, հանկարծ վերադառնալով Հայաստան՝ հրաժարվում է մասնակցել ընտրություններին: Հիմա էլ Ծառուկյանը, երկու ամիս է՝ պապանձվել է ու ոչ մի բան չի ասում: Նրան կա՛մ իսկապես տեռորի են ենթարկել, ահաբեկել են, կա՛մ նրա հետ կա պայմանավորվածություն՝ մասնակցելու մտադրությունից հետ քաշվելու քայլի հիմքում»:
Հմայակ Հովհաննիսյանն ընդգծեց նաև, որ ինքը հակված է երկու տարբերակներից ընտրել առաջինը՝ «եթե պասիվ բոյկոտն են նախընտրել, ուրեմն՝ ահ ու սարսափն էր գործել»: