Նշվել են մթերքներ, որոնք կարող են երկարացնել կյանքը տասը տարով
Բերգենի համալսարանի գիտնականները պարզել են, որ լոբազգիների, ընկուզեղենի և ամբողջական ձավարեղենի օգտագործումը, ինչպես նաև կարմիր մսից և վերամշակված մթերքներից հրաժարումը կարող են զգալիորեն երկարացնել կյանքը: Հետազոտությունը հրապարակվել է PLOS Medicine ամսագրում, հաղորդում է ScienceDaily-ն։
Նշվում է, որ սննդակարգի հետ կապված ռիսկի գործոններն ամեն տարի միլիոնավոր վաղաժամ մահերի պատճառ են դառնում: Ժամանակակից «արևմտյան դիետան», որը ներառում է վերամշակված մթերքներ, բարձր ճարպեր և պարզ ածխաջրեր, առաջացնում է բազմաթիվ հիվանդություններ և վտանգում է առողջությունը:
Նոր ուսումնասիրության մեջ հետազոտողներն օգտագործել են մետավերլուծությունների և Հիվանդությունների գլոբալ բեռի ուսումնասիրության տվյալները՝ ստեղծելու համար մի մոդել, որը կգնահատի կյանքի տևողության և սննդակարգի մի շարք փոփոխությունների միջև կապը:
Այս մոդելն այժմ հասանելի է՝ որպես Food4HealthyLife առցանց հաշվիչ:
Ինչպես պարզվել է՝ 20 տարեկանից սկսած օպտիմալ սննդակարգին անցնելը կյանքի տևողությունը կերկարացնի 10-13 տարով, 60 տարեկանից՝ 8-9 տարով, իսկ 80 տարեկանից հետո՝ երեք տարով։
Պատրաստեց Անի Գաբուզյանը