Հիշեցում նորընտիր ՄԻՊ-ին՝ վաղը կերտվում է այսօրվանից
«Ես հասկանում եմ, որ քաղաքական գործիչների կողմից տված քաղաքական գնահատականներին պաշտպանի թեկնածուի կողմից ուղիղ արձագանքներ չունենալը կարող է որոշակիորեն հիասթափություն առաջացնել, բայց դա չի նշանակում, որ թե պաշտպանը, և թե պաշտպանի թեկնածուն մտնեն այդ քաղաքական գնահատականների տիրույթ»,- «Ազատության» եթերում ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ ասաց փետրվարի 24-ից Մարդու Իրավունքների պաշտպանի (ՄԻՊ) պաշտոնը ստանձնող Քրիստինե Գրիգորյանը՝ անդրադառնալով Ազգային ժողովի (ԱԺ) ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանի կողմից լրագրողներին «վերբալ մարմնավաճառներ» անվանելու շուրջ բարձրացված աղմուկին ու այն հարցին, թե ինչու այս և այլ հարցերի վերաբերյալ ԱԺ-ում տրված հարցերին ուղիղ չի պատասխանել:
Վերջինս նշեց, որ դահլիճում նստած է եղել, երբ Վահագն Ալեքսանյանն այդ ելույթն ունեցել է:
«Ես շատ ուշադիր եմ եղել. ինքը շատ հստակ, կոնկրետ շրջանակ է նշել՝ այն լրագրողները, ովքեր…»,- ասաց Քրիստինե Գրիգորյանը՝ ըստ էության լիովին արդարացնելով Վահագն Ալեքսանյանին:
Հիշեցնենք, որ նշված ելույթի մեջ Վահագն Ալեքսանյանը, առանց անուններ տալու, առանց կոնկրետ փաստական հանգամանքներ նշելու, առանց լրատվամիջոցը (ները) կոնկրետացնելու, հստակ հրապարակումներն իրենց վերնագրերով բարձրաձայնելու՝ ընդհանրական մի ձևակերպում է կատարում նոյեմբերի 9-ից հետո իբր ատելության խոսք տարածող լրագրողների վերաբերյալ ու նրանց անվանում «վերբալ մարմնավաճառներ»:
Այսինքն՝ փետրվարի 24-ից ՄԻՊ պարտականություններին անցնող Քրիստինե Գրիգորյանի կարծիքով՝ պատգամավորը կարող է իր ընդհանրական դատողություններով, նեղ խմբային կամ կուսակցական շահերից ելնելով, մի ողջ մասնագիտական հանրույթի անվանարկել, ու դա նորմալ է:
Վաղը Քրիստինե Գրիգորյանը, օրինակ, կարող է զարմանալ մամուլի՝ իր նկատմամբ դրսևորած վատ վերաբերմունքից, միայն թե նա, թերևս, պիտի իմանար՝ վաղը կերտվում է այսօրվանից:
Ինչ վերաբերում է «քաղաքական գործիչների կողմից տված քաղաքական գնահատականներին պաշտպանի թեկնածուի կողմից ուղիղ արձագանքներ չունենալը կարող է որոշակիորեն հիասթափություն առաջացնել» ձևակերպմանը, Քրիստինե Գրիգորյանն ակնհայտորեն նկատի ունի, այդ թվում՝ նաև ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանին, մինչդեռ նրա հարցերին ուղիղ պատասխանելն իրավամբ շահեկան էր առաջին հերթին ապագա ՄԻՊ-ի համար, ինչի մասին նշեց պատգամավորը:
«Հայաստանում կարելի՞ է կամ օրինակա՞ն է արդյոք դատարան շրջափակելը:
Հայաստանում կարելի՞ է կամ օրինակա՞ն է դատավորին դատարանի շենքի պատուհանից ցած նետել:
Հայաստանում կարելի՞ է կամ օրինակա՞ն է ԱԺ-ն շրջափակել, պատգամավորների հեռախոսահամարներ հրապարակելը, պատգամավորական գործունեության ընթացքում նրանց կամարտահայտության վրա ազդելը:
Հայաստանում կարելի՞ է կամ օրինակա՞ն է երկարաժամկետ խոչընդոտել ՀՀ քաղաքացիների տեղաշարժը:
Հայաստանում կարելի՞ է կամ օրինակա՞ն է մտնել պետական պահպանության տակ գտնվող հիմնարկ և որոշել սեփական գործողություններն այնտեղ, սեփական գործողությունների տևողությունն այնտեղ, ինչպես, օրինակ, Ռադիոտան դեպքում»,- այսպիսին էին Աննա Մկրտչյանի հարցերը, որոնք Քրիստինե Գրիգորյանը համարեց քաղաքական ենթատեքստ ունեցող հարցեր:
Միայն թե վերջինս մոռանում է, որ իր ասած «քաղաքական ենթատեքստ ունեցող» հայտարարությունների ու գործողությունների տակ մարդու իրավունքներ են խախտվել, ինչին էլ հենց ակնկալվում էր արձագանքել:
Բերենք մի օրինակ միայն. դատարաններն անգամ մի ժամով փակ պահելու արդյունքում հազարավոր մարդկանց իրավունքներ են խախտվել. մարդիկ են եղել, որոնք կալանքից չեն ազատվել, որովհետև դատական նիստը չի կայացել, այնինչ կալանավորման հետ կապված հարցերը անհապաղ քննվելու գործերի շարքից են:
Եվ այս պարագայում ապագա ՄԻՊ-ը փաստացի խնդիր չի տեսնում, հարցերին ուղիղ չի պատասխանում, մինչդեռ, ինչպես ճիշտ նկատեց պատգամավորը, դրանց ուղիղ չպատասխանելու դեպքում այդ հարցերը Քրիստինե Գրիգորյանին հետապնդելու են իր ողջ պաշտոնավարման ընթացքում:
Քրիստինե Գրիգորյանը նշված հարցերի վերաբերյալ նկատեց, որ իր գնահատականները պետք է հիմնված լինեն կոնկրետ փաստերի ուսումնասիրության վրա: Տարօրինակ է, որովհետև այդ փաստերը տեսանյութերի տեսքով հեղեղված են համացանցում, Նիկոլ Փաշինյանի կոչի տեսանյութերն առկա են, բուն գործողությունը՝ նույնպես. ի՞նչ փաստ չի տեսել Քրիստինե Գրիգորյանը, մնում է իր ենթագիտակցության տիրույթում: