Բաժիններ՝

Իտալացի հանրահայտ տենորը Երևանում կհնչեցնի ստեղծագործություններ սիրո մասին

Հանրահայտ իտալացի տենոր Ալեսանդրո Սաֆինան, որին Հայաստանում մեծ ճանաչում բերեց «Luna» երգը, հանդես կգա Երևանում: Երգիչը ելույթ կունենա Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ՝ դիրիժոր Նիկոլա Սիմոնի ղեկավարությամբ: Մենահամերգին, որը տեղի կունենա փետրվարի 13-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում, Սաֆինան կկատարի իր՝ բոլոր ժամանակների հանրածանոթ և գեղեցիկ սիրո երգերը:

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում «Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի տնօրեն, համերգի հովանավոր «Սոնատի» ընկերության համահիմնադիր Սոնա Հովհաննիսյանն ասաց, որ Սաֆինան Երևանում ելույթ է ունեցել 9 տարի առաջ, և նրան մեր երկրում շատ ջերմ են ընդունել:

Հովհաննիսյանի խոսքով՝ «Երևանյան հեռանկարներ» փառատոնն անցկացվում է նաև այլ երկրներում, և Սաֆինայի համերգը նախատեսված էր «Լոս Անջելես. հեռանկարներ» փառատոնին, սակայն համավարակով պայմանավորված սահմանափակումների պատճառով ԱՄՆ-ում այն չի կայացել, և կազմակերպիչները որոշել են տոն նվիրել Հայաստանի երաժշտասերներին՝ Ալեսանդրո Սաֆինային հրավիրելով Երևան:

«Տոմսեր գրեթե չկան. երաժշտասերները ծարավով են սպասում համերգին, և մենք շատ ուրախ ենք: Հայ հանդիսատեսն այդպիսին է. եթե նրան ինչ-որ բան շատ դուր չի գալիս, նա դրա հետևից չի գնում: Այն, որ Սաֆինայի համերգին արագ արձագանքեց, փաստում է, որ Սաֆինան մեր երկրում շատ սիրված է»,- նշեց Հովհաննիսյանը:

Դիրիժորին, որը ղեկավարելու է համերգը, հրավիրել է Սաֆինան, քանի որ նրա հետ հաճախ է ելույթներ ունենում: Երգիչն է հրավիրել նաև հարվածային գործիքներ նվագող Պաոլո Պրիզոային:

Անդրադառնալով «Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի շրջանակում առաջիկայում հյուրընկալվելիք արտիստներին՝ Հովհաննիսյանն ասաց, որ բանակցում են դաշնակահարներ Դենիս Մացուևի, Եֆիմ Բրոնֆմանի, օպերային երգչուհի Սեսիլիա Բարտոլիի հետ:

Ալեսանդրո Սաֆինան «Սի-Էն-Էն» ամերիկյան հեռուստաընկերության կողմից ճանաչվել է աշխարհի փոփ-օպերային ժանրի երեք ամենահայտնի տենորներից մեկը, իսկ «Սանդեյ Մեյլ»-ը նրան դասել է աշխարհի ամենահայտնի տենորների շարքը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս