Ասք ընտրագրավի և անանասի մասին
Լուրը շատ արագ տարածվեց հարևանների շրջանում. նախագահի թեկնածու առաջադրվելու ցանկություն հայտնած մեր նորեկն ընտրագրավի հետ կապված խնդիրներ ունի: Թեև առավել հնաբնակներից մեկն ակնարկեց, թե «ուր է՝ խնդիրը միայն այս առումով լիներ», այսուհանդերձ, չբավարարող գումարը հարևաններով սահմանված ժամերի ընթացքում հավաքելու նախաձեռնությանն առարկողներ չեղան. 8 միլիոն դրամից պակասում էր հազիվ 22 հազարը, որը 40 բնակարանանոց շենքի համար լուծելի էր: Ինչեր չես անի ապագա Նախագահի հարևանությամբ ապրելու համար, թեև համոզված ես, որ ընտրվելու հաջորդ օրն իսկ կառավարական առանձնատուն է տեղափոխվելու: Բայց այս մասին չէ, որ պետք էր մտածել, այլ ընտրագրավը լրացնելու, ժամերի ընթացքում արգելքը հաղթահարելու, մեր միասնությունը ցուցադրելու, մի խոսքով, օգնելու, օժանդակելու, աջակցելու, հայի մեր տեսակը հաստատելու:
Բայց պարզվեց՝ «ուրբաթը շաբաթից շուտ եկավ» արտահայտությունը մեր հարևանության մասին էր նաև ասված: Հարևաններից 4-ի դռներն արդեն որերորդ տարին փակ էին, 2-ում բնակիչները վարձակալներ էին, որոնց մեր անհանգստությունը դժվար թե հետաքրքրեր: Այսուհանդերձ, նախաձեռնողներից Սարգիսը նրանցից մեկին շքամուտքում հանդիպել էր և առաջարկել մասնակցել. մարդը չէր մերժել և հազար դրամ տվել էր: Սաքոն հո հետը առևտուր չէ՞ր անելու, առաջնորդվել էր` գլխավորը մասնակցությունն է, այլ ոչ՝ գումարի չափը սկզբունքով:
Մտածեցինք, որ մինիմարկետի տեր 3-րդ հարկի Արտուշը, ում հիմա Արտաշեսով ենք դիմում, իր սովորության համաձայն՝ առատաձեռն կգտնվի և նախատեսվածից կրկնակին վճարելով՝ կմեղմի վիճակը: Արտուշ դու Արտուշ, հայտարարեց, որ հարևանության այս նախաձեռնությանն ընդհանրապես չի մասնակցի, քանզի հարգելով հարևան թեկնածուի խոստումները, ինքը նախընտրած և արդեն առաջադրված նախընտրելի թեկնածու ունի, որի հետ բիզնեսի ընդլայնման հարցեր է քննարկել:
Առաջին հարվածը ստացանք մշտապես առատաձեռն մեկից, երբ վարձակալը, թող որ փոքր գումարով, այսուհանդերձ, չմերժեց. ինչպե՞ս չհամաձայնվես հայերիս միաբանության շուրջ հնչող որոշ կարծիքներին, երբ նման դրսևորում տեսնում ես 40-ամյա հարևանության շրջանում:
Բայց սա դեռ սկիզբն էր: Պարզվեց, որ 5-րդ հարկի Գևորգը կուսակցական է, կոնկրետանալ չկամեցավ, հարևանության հետ հետագա հարաբերությունները չխաթարելու նպատակով. դե, ով ում ընտրեց, ձայներն այդկերպ փոշիացրեց, և նման բաներ: Իրենց կուսակցությունը հարգում է մարդկանց ազատ ընտրելու իրավունքը, ոչինչ չի թելադրում կամ պահանջում, ընտրեք խղճի մտոք:
7-րդ հարկի Հակոբ քեռու դրամահավաքին մասնակցելուց հրաժարվելու փաստարկն էլ էր ըմբռնման արժանի. օրգանում աշխատող տղան, որն ամեն շաբաթ «ՍԱՍ»-ի պարկերով բարեխղճորեն այցելում է ծնողներին, պատվիրել է հարևանների շրջանում դրական արտահայտվել հաղթելու միանշանակ հնարավորություն ունեցող թեկնածուի օգտին, ում անունը տալն անիմաստ է համարում:
Գործազուրկ Հասմիկը, որը հարսի ու զույգ թոռների հետ ապրում է Ռուսաստանում աշխատող ամուսնու և տղայի ուղարկած միջոցներով, դրամահավաքը՝ տեղին և իշխանափոխությունն անհրաժեշտ համարելով հանդերձ՝ պարտավորվեց գումարի չափին անդրադառնալ միայն թեկնածու հարևանի նախընտրական ծրագրին ծանոթանալուց հետո: Թե չէ մեզանում մի բան ասելով, այլ բան անելով՝ իշխանության մաս դառնալու օրինակներ ինչքան ուզեք: «Որքան հարևան, նույնքան կարծիք» մոտեցումը հարգելով՝ նախաձեռնողները շատերի դռները թակեցին, ներսուդուրս արին, ափսոսացին ու հպարտացան: Այսուհանդերձ, սահմանված ժամկետից ժամեր առաջ հաջողվեց 14 հազար դրամ հավաքել. 8 միլիոնից հազիվ 8 հազար էր պակասում: Այն հանձնեցինք հասցեատիրոջը, հույս տածելով, որ մնացած ժամերի ընթացքում պակասող գումարն ինչ-որ կերպ կգտնի:
Ոչ բառիս ուղղակի իմաստով, իհարկե, այլ՝ այլ միջոցներով, որոնց պետք է որ տիրապետի, թող որ փոքր որակվող մեր երկիրը ղեկավարելու հավակնություն ներկայացնող հարևանը: Դե նա փոքր ու միջին գործարարությունը խթանելուց է խոսում, հարկերի հավաքագրումը մեծացնելուց, գյուղացու հոգսերից ու ճյուղը տնտեսության գերակա ոլորտ հռչակելուց, առևտրում կարգուկանոն հաստատելուց, մի խոսքով, այն ամենից, ինչն այսօր հետաքրքրում ու մտահոգում է շարքային ընտրողներիս. այնպես որ, 8 հազարի պարագայում լուծում հաստատ կգտնի: Գումարը, «ափսոս» ասելով, վերցրեց ու անտրամադիր հեռացավ:
Սահմանված ժամին հեռուստացույցի առջև մի քանի հարևաններով նստած նրա ազգանունը թեկնածուների ցանկում հայտարարելուն էինք սպասում: Ավաղ… Երեկոյան պարզվեց, որ 8-ից 5 հազարը հայթայթել էր և ընդամենը 1 անանասի արժեքի գումարի պատճառով ձախողել: Ամանորի սեղանի համար 4500 դրամով գնած և դեռ չկտրած անանասը հետ էր տարել, ընդամենը 3000 դրամ խնդրել, մարկետում չէին ընդառաջել, օգնության ձեռք չէին մեկնել՝ իրենց ու մեզ զրկելով ընտրապայքարում արժանի ևս մեկ թեկնածու ունենալու հնարավորությունից. անհոգ մարդիկ:
Ահա այսօրինակ առօրյայով է սկսվում 2013-ի մերօրյա Հայաստանը, որի իրական թե զավեշտալի լինելն է ընդամենը խնդիրը:
Գեղամ Քյուրումյան