Բաժիններ՝

«Հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձինք զրկված են իրենց եկամուտները, ներառյալ՝ կենսաթոշակը, ինքնուրույն տնօրինելու հնարավորությունից». Արման Թաթոյան

Շարունակելով պացիենտների կենցաղի կազմակերպման թեման հոգեբուժարաններում՝ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը նկատեց՝ Հոգեբուժական կազմակերպություններում պացիենտների և խնամարկյալների բժշկական օգնության և սպասարկման, ինչպես նաև խնամքի պատշաճ կազմակերպման գործում կարևոր բաղադրիչ է անձնական հիգիենայի ապահովումը։

«Հոգեբուժական կազմակերպությունների լոգարաններում արձանագրվել են անբավարար պայմաններ: Այսպես, Սևանի հոգեկան առողջության կենտրոնում և Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատում լոգախցիկները բաժանված չեն եղել միջնապատով կամ բաժանված են եղել ոչ ամբողջական պատով: Լոգախցիկները նաև չեն ունեցել դռներ: Մտահոգիչ է, որ Սևանի հոգեկան առողջության կենտրոնում բաղնիքը հանգստյան օրերին չի շահագործվում, իսկ աշխատանքային օրերին առաջանում են տաք ջրով ապահովման դժվարություններ՝ ջրատաքացուցիչ համակարգի ոչ արդյունավետ աշխատանքի հետևանքով: Ավելին, ստացված տեղեկությունների համաձայն՝ հաճախ ջուրը լոգանքի ժամանակ սկսում է սառել, և օրական հնարավոր է լինում կազմակերպել մեկ կամ առավելագույնը երկու բաժանմունքի լոգանք»,- ասաց Պաշտպանը:

Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատ այցի ընթացքում արձանագրվել է, որ տեղաշարժման խնդիրներ ունեցող խնամարկյալների լոգանքը կազմակերպվում է լոգարանում՝ սալիկապատ քարե նստարանին նստած վիճակում, որի սալիկները եղել են կոտրտված, և բարձր է եղել վնասվածք ստանալու հավանականությունը։

Կանխարգելման ազգային մեխանիզմը, ըստ ՀՀ ՄԻՊ-ի, արձանագրել է մտահոգիչ պրակտիկա հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց լոգանքի նախապատրաստական աշխատանքների հետ կապված:

«Այսպես, Սևանի հոգեկան առողջության կենտրոնի բաժանմունքներից մեկում հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձինք հագուստը փոխել են լոգանքից առաջ և մաքուր ու լվացված հագուստը հագել են մինչև բաղնիք գնալը: Ավելին, լոգանքի նախապատրաստումը կազմակերպվել է բաժանմունքի միջանցքում, որտեղ բոլոր պացիենտները միաժամանակ մերկացել են, հանել հագուստը և հագել նորը: Լվանալու ենթակա ողջ հագուստը հավաքվել է բաժանմունքի հատակին»,- իրավիճակը նկարագրեց Արման Թաթոյանը:

Հոգեբուժական կազմակերպություններում արձանագրվել են նաև հագուստի անհատականացման խնդիրներ, և մասնավորապես Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատի խնամարկյալներից շատերը չեն ճանաչել իրենց հագուստը և այդ պատճառով լվանալուց հետո ողջ հագուստը բաժանվել է պատահականության սկզբունքով: Սա խիստ անթույլատրելի վիճակ է, որ ոտնահարում է մարդու արժանապատվության, մասնավոր կյանքի իրավունքները և, իհարկե, պարունակում է վատ վերաբերմունքի տարրեր:

«Բավարար չափով և պատշաճ որակի սննդի տրամադրումը հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց նորմալ կենսագործունեության պարտադիր պայմաններից է, ուստի մշտադիտարկման ընթացքում հատուկ ուշադրություն է դարձվել հոգեբուժական կազմակերպություններում պացիենտների և խնամարկյալների սննդի ապահովման հարցին»,- նկատեց Պաշտպանը՝ հավելելով, որ խոհանոցում դարակների, պահարանների և այլ հարմարանքների բացակայությամբ պայմանավորված՝ խոհանոցային պարագաները տարբեր տեղերում խառը թափթփված են եղել: Որոշ կաթսաներ դրված են եղել հատակին:

«Այցի պահին խոհանոցում անսարք է եղել լվացարանի ջրի տաքացուցիչը (գեյզերը): Խոհանոցի մուտքի մոտ տեղադրված ախտահանիչ միջոցների դիսպենսերը եղել է դատարկ, և այնտեղ մուտք գործելիս ախտահանիչ այլ միջոցներ օգտագործելու հնարավորություն չի եղել»,- ասաց Պաշտպանը:

Պաշտպանի խոսքով՝ խնդրահարույց է մնում հոգեբուժական կազմակերպություններում պահվող հատուկ սննդակարգի կարիք ունեցող անձանց համար դիետիկ սնունդ նշանակելու և այն կազմակերպելու հնարավորության բացակայությունը:

«ՀՀ կառավարության 2021 թ. հոկտեմբերի 21-ի N 1724-Ն որոշմամբ որոշ սննդատեսակների օրական միջին չափաբաժինները նվազեցվել են՝ առանց պատշաճ հիմնավորման: Խիստ նվազել է տրամադրվող հացի, մսի, ձվի, կարագի, բուսական յուղի, բանջարեղենի և կարտոֆիլի կշիռը: Օրինակ, հացը երեխաների համար սահմանված 450 գրամից դարձել է 400 գրամ (300 գրամ սպիտակ և 100 գրամ II կարգի ալյուրից պատրաստված հաց) և մեծահասակների համար՝ 500-ից՝ 450 գրամ (300 գրամ սպիտակ և 150 գրամ II կարգի ալյուրից պատրաստված հաց), միսը՝ 120/125 գրամից (երեխաների /մեծահասակների չափաբաժիններ)՝ 30 գրամ, ձուն՝ շաբաթը 2 անգամից՝ օրական մեկ անգամ, կարագը՝ 30-ից՝ 15 գրամ, իսկ կարտոֆիլը՝ մեծահասակների համար՝ 300 գրամից` 200 գրամ: Այսպիսով, մսի չափաբաժնի քառակի կամ կարագի ու բուսական յուղի կրկնակի անգամ նվազեցումը չի կարող արդարացված լինել: Պարզ չէ նաև մեծահասակների համար կարտոֆիլի չափաբաժինը 100 գրամով նվազեցնելու պատճառը»,- թվային տվյալները ներկայացրեց Արման Թաթոյանը:

Նրա փոխանցմամբ՝ հոգեբուժական կազմակերպություններում սննդի ճաշացանկերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց առհասարակ չեն տրամադրվում ծովամթերք, մասուր և չորամրգեր (Սևանի հոգեկան առողջության կենտրոն, Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատ), ինչպես նաև մրգային հյութ, կաթ, կակաո և սուրճ (Լոռու մարզային հոգենյարդաբանական դիսպանսեր):

Պարզվել է նաև, որ հոգեբուժական կազմակերպություններում հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց ոչ բոլոր օրերին է տրամադրվել թթվասեր, կաթնաշոռ, մածուն, կարագ և թարմ միրգ այն պարագայում, երբ դրանք, ըստ նշված որոշման, պետք է տրամադրվեն ամեն օր:

«Ուսումնասիրված ճաշացանկերի համաձայն՝ միսը չի տրամադրվել ամեն օր, իսկ տրամադրված օրերին, երբեմն, սահմանված օրական նվազագույն չափաբաժնից եղել է ավելի քիչ (օրինակ՝ Սևանի հոգեկան առողջության կենտրոնում սահմանված 125 գրամի փոխարեն՝ այն տրամադրվել է ավելի քիչ՝ սկսած 49.4 գրամից, երբեմն էլ ավել՝ մինչև 170 գրամ չափաբաժնով)»,- ասաց Պաշտպանը:

Սևանի հոգեկան առողջության կենտրոնում և Լոռու մարզային հոգենյարդաբանական դիսպանսերում որպես ճաշասրահներ ծառայել են բաժանմունքների միջանցքները, որտեղ կազմակերպվում է նաև պացիենտների առօրյան: Բաժանմունքներում սնունդը բաժանվել է բաժանմունքների խոհանոցներից, որտեղ պահվել են նաև օրվա ընթացքում անհրաժեշտ հացն ու չոր սննդամթերքը: Հարկ է նշել, որ Սևանի հոգեկան առողջության կենտրոնի բաժանմունքների խոհանոցներում անհրաժեշտություն է եղել իրականացնել վերանորոգման աշխատանքներ: Դրանց պատերի ծեփամածիկը եղել է թափված, հատակը և գույքը՝ հնամաշ:

Արման Թաթոյանը շեշտեց՝ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց վերականգնման և սոցիալական ինտեգրման գործառույթների ապահովման տեսանկյունից կարևոր նշանակություն ունեն նրանց զբաղվածությանն առնչվող հարցերը: Կանխարգելման ազգային մեխանիզմը հոգեբուժական կազմակերպություններում մշտադիտարկում իրականացնելիս ուսումնասիրել է հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց զբաղվածությունը:

Ըստ նրա՝ ողջունելի է, որ նախորդ տարիների համեմատ հոգեբուժական կազմակերպությունները պացիենտների համար որոշ հնարավորություններ են ստեղծել կենսաթոշակները ստանալու և իրենց հայեցողությամբ տնօրինելու կապակցությամբ, այնուամենայնիվ շարունակում է մտահոգիչ մնալ այն, որ վերջիններիս դրամական միջոցներն ի պահ են հանձնվում բաժանմունքների բուժքույրերին կամ բուժակներին:

Լոռու մարզային հոգենյարդաբանական դիսպանսերի պացիենտներն իրենց մոտ գումար հիմնականում չեն պահում, և կենսաթոշակներն ի պահ են հանձնվում բուժակին, որն էլ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնդրանքով վերջիններիս համար կատարում է անհրաժեշտ գնումներ: Վերոգրյալի կապակցությամբ Լոռու մարզային հոգենյարդաբանական դիսպանսերի տնօրինությունը նշել է, որ գումարը հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց մոտ չթողնելու պատճառը պացիենտների շրջանում հաճախակի տեղի ունեցող գողություններն են:

«Վերոնշյալը չափազանց խնդրահարույց է և պարունակում է ռիսկեր՝ հոգեբուժական կազմակերպության աշխատակիցների կողմից հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց կենսաթոշակներն ի շահ վերջիններիս օգտագործելու նկատմամբ հսկողության բացակայության, հնարավոր չարաշահումների, տարբերակված վերաբերմունքի և այլ հարցերի հետ կապված:

Հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձինք զրկված են իրենց եկամուտները, ներառյալ՝ կենսաթոշակը, ինքնուրույն տնօրինելու հնարավորությունից, ինչը խիստ մտահոգիչ է»,- եզրափակեց ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս