«Կարմիր գիծ գծվեց. Նիկոլ Փաշինյան բրենդն այլևս չի ապահովում անվերապահ հաղթանակ». Վիգեն Հակոբյան

Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանի կարծիքով՝ այն վարքագիծը, որ իշխանությունները դրսևորում են ԱԺ-ում, իր մեջ պարունակում է թրոլինգի էլեմենտներ, և այդպիսով փորձում են հասարակությանը շեղել կարևոր թեմաներից:

«Փորձում են նմանատիպ հնարքներով, որոնք որոշակի տեխնոլոգիական զինանոցի մի մասն են, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման երկխոսության մեկնարկի թեմայից շեղել: Եթե շատ էլ ցանկանան, չեն կարող մանրամասներ հաղորդել, որովհետև պայմանավորվածություններ ունեն Թուրքիայի հետ, և հանդիպման փակ հատվածի մասին ինֆորմացիա չեն կարող տալ: Իսկ երբ ինֆորմացիա չես կարողանում տալ, կասկածներ են առաջանում, այն էլ՝ այս իշխանության պարագայում: Սա այն իշխանությունն է, որն Արցախի հարցի բանակցությունների վերաբերյալ ասում էր, որ բանակցում են այն, ինչ ուզում են, որևէ ինֆորմացիա չեն տալու: Եվ երբ Թուրքիայի հետ բանակցություններում գրեթե նույն վարքագիծն է ընտրվում, հասկանալի է, որ կասկածներն ավելի քան տեղին են»,- 168TV«Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:

Նրա խոսքով՝ իշխանությունը կարողացել է հասարակության որոշակի շերտի ադապտացնել.

«Հասարակության մի զգալի մասը հոգնեց 30 ավանդական օրակարգերից, այսինքն՝ անվտանգության խնդիրներ, սոցիալական խնդիրներ և այլն, և մեծ հաճույքով թույլ տվեց, որ իրեն խաբեն: Իշխանությունը առանձնապես մեծ ջանքեր չթափեց՝ խաբելու համար, հասարակության մի մասը պատրաստ էր և մեծ հաճույքով թույլ տվեց, որ իրեն խաբեն, փորձեց իրականությունից հեռանալ, ձև տվեց, որ իբր հավատում է, որ առկա բոլոր խնդիրները պայմանավորված են առաջինը՝ Արցախով և արցախցիներով, երկրորդը՝ նախկինների գործոնով: Ըստ նրանց՝ եթե այդ երկու գործոններն օրակարգից հանվում են, ապա դրանից հետո Հայաստանը ծաղկելու է, բարգավաճելու է, և այլն: Ես կարծում եմ՝ Փաշինյանը և իր թիմը կամ ուղղակի, կամ քողարկված ձևով 3 տարի շարունակ փորձում էր այդ գաղափարները հրամցնել, որ եթե մենք այս երկու խնդիրներից ազատվում ենք, ապա այլևս որևէ խնդիր չունենք, և ինչպես հիմա են ասում՝ խաղաղության դարաշրջան են բացում, ճանապարհներ են ապաշրջափակում, բիզնեսը ծաղկելու է, և այլն»:

Ըստ քաղտեխնոլոգի՝ 2021թ. արտահերթ խորհրդարանական ընտրություններում Փաշինյանի ընտրազանգվածը վերջին քայլն արեց Փաշինյանի համար՝ փորձելով վերջնականապես մերժել նախկիններին.

«Այսինքն՝ Փաշինյանի՝ լավ կյանքի անցնելու երկրորդ նախապայմանն էլ կատարել. Առաջինը գուցե լավ չստացվեց, բայց 2020թ. Արցախի հարցը համատեղ ուժերով փորձեցին փակել, երկրորդ՝ նախկիններին վերջնականապես մերժեց այդ 680 հազարը, բայց դրանից հետո նրանց համար հոգեբանական մի կարմիր գիծ գծվեց: Նրանք համարում են, որ այլևս ոչ մի բան Նիկոլ Փաշինյանի իշխանության համար չեն կարող անել: 3 տարի շարունակ Փաշինյանի բոլոր հորդորներին արձագանքել են, հիմա ասում են՝ էլ ի՞նչ պետք է անենք, որ լավ ապրենք: Դրանից հետո առաջին հստակ մեսիջները ՏԻՄ ընտրություններն էին, որոնց ցույց տվեցին, որ Նիկոլ Փաշինյան բրենդն այլևս չի ապահովում անվերապահ հաղթանակ»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս