Մաթեմատիկական մտքի գիգանտ Վահան Քերոբյանի օլիմպիական «նվաճումները»
Երեկ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը «շռնդալից» հարված էր հասցրել իրեն քննադատողներին, թեպետ ինքը համարել էր, որ իրեն ծաղրում են: Ու միգուցե չէր սխալվել: Ամեն դեպքում Վահան Քերոբյանն այնպիսի ծիծաղելի մտքերի հեղինակ է դառնում ժամանակ առ ժամանակ, որ դրանք բավականին երկար ընթացք դառնում են ամենատարատեսակ մեմերի, անեկդոտների թեմա:
«Իմ դեմքը, երբ Հայաստանը միջազգային մաթեմատիկական օլիմպիադաներում ներկայացրած և ԵՊՀ մաթեմատիկայի ֆակուլտետը գերազանցության դիպլոմով ավարտած մարդուն համբակաները (թերուսները) ծաղրում են «սխալ հաշվարկների համար»:
Հ.Գ. Իմ ավարտական դիպլոմայինը մաթտրամաբանության չլուծված խնդրի լուծում էր»,- գրել էր էկոնոմիկայի նախարարը:
Մի կողմ թողնելով հանգամանքը, որ թերարժեքության բարդույթը համենայն դեպս նախարարի համար կոնկրետ ախտորոշում է, անդրադառնանք այդ գրառման արձագանքների փաստական հանգամանքներին (ամենևին չենք ուզում ծաղրել մտքի գիգանտ էկոնոմիկայի նախարարին, դրա համար էլ չենք հրապարակում ամենաթրենդային մեկնաբանությունները):
Ադրբեջանի հարցերով փորձագետ Արմինե Ադիբեկյանը չի ալարել և փնտրել ու գտել է Վահան Քերոբյանի մասնակցությամբ միջազգային մաթեմատիկական օլիմպիադաների արդյունքները պատկերող աղյուսակները:
«Գտա միջազգային մաթեմատիկական օլիմպիադայի արդյունքները, ուր մեր Քրոբ-Պերելմանը, այսպես ասենք, չի փայլում:
Տղան Հայաստանից ընդհանուր առմամբ օլիմպիադաներին մասնակցած 175 անձանցից արդյունավետությամբ 163-րդ հորիզոնականն է զբաղեցնում, իսկ լուծած խնդիրների քանակով՝ 175-ից 171-րդը՝ 3 լուծած խնդիրներով: Համեմատության համար նշենք, որ առաջին տեղը զբաղեցրած Վահե Փոլադյանը 34 խնդիր է լուծել:
Կարգը՝ 339, ի հակադրություն առաջին տեղը կարգային հաշվարկով զբաղեցրած Ներսես Սրապիոնյանի, ով ունի 511 միավոր:
Տոկոսային ցուցանիշները՝ 17.96 %: Առաջին տեղում Արթուր Բարխուդարյանն է՝ 93.45%-ով: Միգուցե այս տղաներին հրավիրենք զբաղեցնելու վարչապետի և էկոնոմիկայի նախարարի պաշտոննե՞րը…»,- գրել է Արմինե Ադիբեկյանը: