«Կարծում եմ՝ գերիների վերադարձի գործընթացի հետագա շարունակությունն այն է լինելու, որ Հայաստանը Հունգարիայի հետ վերականգնի դիվանագիտական հարաբերությունները». Էդգար Ղազարյան

Դեկտեմբերի 29-ին ՀՀ արտաքին գործերի նախարարության խոսնակ Վահան Հունանյանը տեղեկացրել էր, որ Հունգարիայի կառավարության միջնորդությամբ հայրենիք են վերադարձել 5 հայ ռազմագերիներ։

Նշենք, որ 5 հայ ռազմագերիները նոյեմբերի 16-ին Սյունիքի մարզի Սիսիանի հատվածում գերեվարված զինվորներից են։

Հիշեցնենք, որ Հայաստանի ու Հունգարիայի միջև 2012 թվականից դադարեցվել են դիվանագիտական հարաբերությունները՝ 2004 թվականին Հունգարիայում հայ սպա Գուրգեն Մարգարյանի սպանության համար դատապարտված ադրբեջանցի Ռամիլ Սաֆարովի արտահանձնումից հետո, ինչը տեղի է ունեցել 7 միլիոն դոլարի չափով կաշառքի դիմաց։

Ի՞նչ նպատակ է հետապնդում Հունգարիայի այս քայլը, որի հետ Հայաստանի դիվանագիտական հարաբերությունները սառեցված են։

168.amի հետ զրույցում ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար, Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան Էդգար Ղազարյանն անդրադառնալով հարցին, նախ հիշեցրեց, որ գերիների վերադարձից առաջ տեղեկություն տարածվեց, որ Հունգարիան ՀՀ կառավարությանը տրամադրել էր 100.000 դեղաչափ «ԱստրաԶենեկա» պատվաստանյութ, որն օդանավակայանում դիմավորել էր ՀՀ փոխարտգործնախարարը։

«Այս երկու տեղեկատվությունը միաժամանակ տարածվեցին։ Այս համատեքստում վերհիշենք, որ հայ-հունգարական դիվանագիտական հարաբերությունները խզվել են այն պահից, երբ Հունգարիան գաղտնի պայմանավորվածություններով ու անազնիվ կերպով Ադրբեջանին փոխանցեց ՄԻԵԴ-ում դատարանի որոշմամբ դատապարտված և պատիժը կրող մարդասպանին՝ Ռամիլ Սաֆարովին, ով սպանել էր հայ սպա Գուրգեն Մարգարյանին։

Ընդ որում, Հունգարիան Հայաստանին վստահեցրել էր, որ երբեք այդ քայլին չի գնա, և Սաֆարովը ցմահ իր պատիժը կկրի միայն Հունգարիայի բանտում։ Հետագայում պարզվեց, որ այդ քայլն ունեցել է նաև ֆինանսական փոխհատուցում, այսինքն՝ տեղեկություններ տարածվեց, որ Ադրբեջանը գնել է հունգարական արժեթղթեր, մոտավորապես մի քանի հարյուր մլն դոլարով, ներդրումների խոստումներ է տվել, և այլն։ Այսինքն՝ եղել է անազնիվ առևտրի դրսևորում։ Այս ամենը հունգարական իշխանությունների համար եղել է խարան, հետաքրքրական է, որ այդ ժամանակից ի վեր կառավարությունը նույնն է, դեռևս պաշտոնավարում է նույն վարչապետը, որը կայացրել էր այդ որոշումը։ Սա ամբողջ եվրոպական ու դիվանագիտական հարաբերությունների իմաստով դիտարկվել է՝ որպես Հունգարիայի անազնիվ վարքագծի դրսևորում, ինչն էլ խարան է եղել Հունգարիայի և՛ պետության և՛ գործող կառավարության համար»,- նշեց Էդգար Ղազարյանը։

Ըստ նրա, Հունգարիան մշտապես փորձել է ազատվել այդ խարանից, սակայն մշտապես արժանացել է հայկական դիվանագիտության կոշտ արձագանքին։

Էդգար Ղազարյանի բնորոշմամբ, այժմ շատ տարօրինակ է․ եթե պետությունների միջև սառեցված են դիվանագիտական հարաբերությունները, ապա հարց է առաջանում՝ ի՞նչ խողովակներով են եղել շփումները, քանի որ ինչ-որ ձևով շփումներ եղել են, որ պայմանավորվածություններ ձեռք բերեն։

«Պատվաստանյութը Հայաստանում արժանացել է պաշտոնական ընդունելության, ինչը նշանակում է, որ նախնական պայմանավորվածություններ են եղել, որի մասին մեր կառավարությունը չի բարձրաձայնում ու հրապարակում։ Այսինքն՝ գաղտնի որոշակի գործընթացներ են տեղի ունեցել, և ակնհայտ է, որ այդ մարդասիրական քողի տակ կազմակերպված արարներն ուղղակի մեկ նպատակ ունեն՝ արդարացնել Հունգարիայի հակամարդկային, հակաիրավական վարքագիծը, որը, տևական ժամանակ է՝ որպես խարան՝ մնացել է նրա վրա։

Ստացվում է, որ ՀՀ ներկայիս կառավարությունն ակնհայտորեն աջակցում է, ընդ որում՝ փոխգործակցությամբ Ադրբեջանի հետ, որովհետև Հունգարիան ի՞նչ կապ ունի հայ գերիներին վերադարձնելու հետ։ Ակնհայտորեն շահարկվում է գերության մեջ հայտնված մարդկանց հանգամանքը, այսինքն՝ մեր գերիները դարձել են դիվանագիտական շահարկման, առք ու վաճառքի առարկա»,- շեշտեց նա։

Նա նաև հիշեցրեց, որ Հայաստանն Ադրբեջանին է վերադարձրել ռազմավարական նշանակության ականապատ տարածքների քարտեզները և դրա դիմաց վերադարձրել է միայն ռազմագերիների մի մասին։

Էդգար Ղազարայանի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանը նախապես հայտարարել էր, որ այդ մարդիկ «հանցագործներ» են՝ գերեվարման հանգամանքները չպարզած։

«Չեմ զարմանա, եթե մի օր պարզվի, որ Հայաստանում պետական քարոզչության մակարդակով մեղադրում են Գուրգեն Մարգարյանին, որ նա ավելորդ հայրենասիրություն է դրսևորել,  և Ռամիլ Սաֆարովի մոտ առաջացել է օբյեկտիվ ատելություն, ինչն էլ նրան դրդել է մարդասպանության։ Այսինքն՝ սկսեն արդարացնել Ռամիլ Սաֆարովին կամ փորձեն նրան Հայաստանում արդարացնել այնպես, ինչպես անում են Ադրբեջանում։

Կարծում եմ՝ գերիների վերադարձի գործընթացի հետագա շարունակությունն այն է լինելու, որ Հայաստանը Հունգարիայի հետ վերականգնի դիվանագիտական հարաբերությունները, տրամաբանությունն այդպես է հուշում։

Ակհայտ է, որ դրանով ստեղծում են այն միջավայրը, որը պետք է հանգեցնի դիվանագիտական հարաբերությունները վերականգնելուն։ Սա էլ այն դեպքում, որ Հունգարիան մինչև հիմա պաշտոնապես ներողություն չի խնդրել գոնե Գուրգեն Մարգարյանի ընտանիքից»,- եզրափակեց Էդգար Ղազարյանը։

Տեսանյութեր

Լրահոս