Մենք պետք է թույլ չտանք, որ Հայաստանը դառնա «պրոխոդնոյ դվոռ» պանթյուրքիզմի համար. Էդուարդ Շարմազանով

«Հայաստանի Հանրապետական կուսակցության 17-րդ համագումարը տեղի է ունենում Հայաստանի ժամանակակից պատմության ամենաողբերգական շրջափուլում. շուրջ երեքուկես տարի առաջ իզմեր չունեցող իշխանատենչները պատանդ վերցրին ՀՀ-ն, նրանք մերժեցին մեր ավանդական արժեքները՝  եկեղեցին, ընտանիքը, Արցախյան հաղթանակները»,- իր ելույթում նշեց ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը:

Էդուարդ Շարմազանովը նախ  հիշեցրեց, որ 2018 թվականի գարնանից սկսած՝ հանրապետականներն էին, որ պայքարում էին պետության ազատագրության, ավանդական արժեքների համար, ապա շեշտեց, որ  որպես պայքարի կուսակցություն ստեղծված ՀՀԿ-ի  ակունքները գալիս են դեռևս Ազգային Միացյալ կուսակցությունից:

«2018 թ.-ին պայքարողները՝ ես և իմ ընկերները, գիտակցում էինք, որ մենք պարտք ունենք տալու Աշոտ Նավասարդյանի, Անդրանիկ Մարգարյանի, Սպարապետ Վազգենի և Արցախյան հերոսամարտերում զոհված մեր նահատակների հիշատակի առջև:

2018 թվականի ապրիլ 24-ին Ծիծեռնակաբերդում ասել եմ՝ Հանրապետականը կա ու լինելու է ազգային պետության կերտման կուսակցություն: Այն ժամանակ շատերը կասկածանքով ընդունեցին իմ այդ խոսքերը, բայց ձեզնից շատերի պայքարի արդյունքում Հանրապետականն այսօր կա և հանդիսանում է Հայաստանի քաղաքական դաշտի ամենակայացած քաղաքական ուժերից մեկը»,- հիշեց քաղաքական գործիչը:

Ինչ պետք է անել՝ հարցի պատասխանը, Էդուարդ Շարմազանովի համոզմամբ, պայքարելն է. այդ պայքարը, ըստ նրա, երկարատև է լինելու՝  ինչպես մարաթոնյան պայքարը, երբ հաղթում է նա, ով ուշ է հոգնում:

«Մենք պետք է թույլ չտանք, որ Հայաստանը դառնա «պրոխոդնոյ դվոռ» պանթյուրքիզմի համար, մենք պետք է թույլ չտանք, որ Արցախի ինքնորոշման իրավունքի իրացումը լինի ընդամենը հիշողություն:

Հայաստանի Երրորդ Հանրապետությունը ծնվել է Արցախյան հերոսամարտից, արցախյան պայքարից, հետևաբար՝ կլինի Արցախը՝  կլինի նաև Հայաստանը, չի լինի Արցախը՝ չի լինելու Հայաստանը. սա պետք է մենք գիտակցենք:

Ինչ չպետք է անենք մենք. չպետք է լինենք անտարբեր, քանի որ անտարբերությունը հատուկ է 30 արծաթով ստամոքսը լցնողին, մենք չպետք է հուսահատվենք, քանզի հուսահատությունը մեղք է և մեղք է նաև մեր նահատակված հերոսների հիշատակի առջև:

Մենք չպետք է անհամբեր լինենք. մենք պետք է համբերատար պայքարենք, և միայն այս դեպքում լույսը կհաղթի խավարին, հավատը՝ կռապաշտությանը, հույսը՝ կասկածամտությանը, և սերը՝ ատելությանը:

Հույս հավատ և սեր»,- եզրափակեց Էդուարդ Շարմազանովը:

Տեսանյութեր

Լրահոս