Լիպարիտյանը՝ բանագնա՞ց
Պաշտոնական Երևանը դեռ չի հանրայնացնում, թե ո՞վ է լինելու Հայաստանի պաշտոնական ներկայացուցիչ-բանագնացը Թուրքիայի հետ, այսպես կոչված, կարգավորման նոր գործընթացում:
Արդեն մի քանի օր է, ինչ հայտնի է, որ Թուրքիան այդ գործընթացում ներկայացնելու է 63-ամյա փորձառու թուրք դիվանագետ Սերդար Քըլըչը, ով ավարտել է Անկարայի համալսարանի քաղաքագիտության ֆակուլտետը, 1984 թվականից աշխատել է Թուրքիայի արտաքին գերատեսչությունում՝ զբաղեցնելով տարբեր պաշտոններ, 2006-2008 թվականներին նախարարության ՆԱՏՕ-ի հարցերով վարչության ղեկավարի օգնականն է եղել, 2008-2010 թվականներին Բեյրութում Թուրքիայի դեսպանի պաշտոնն է զբաղեցրել, 2010-2012 թվականներին եղել է Ազգային անվտանգության խորհրդի գլխավոր քարտուղար, 2012-2014 թվականներին՝ Տոկիոյում, 2014-2021 թվականներին՝ Վաշինգտոնում Անկարայի դեսպանը:
Տարօրինակ պատահականությամբ, այս օրերին, երբ Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուն հայտարարում է հայ-թուրքական երկխոսության մեկնարկի մասին, Հայաստանում է ամերիկաբնակ պատմաբան, դիվանագետ, 1991-97 թվականներին առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի խորհրդական, ապա նաև գլխավոր խորհրդական, հատուկ հանձնարարությունների գծով դեսպան, թուրքական կողմի հետ 1990-ական թթ. բանակցություններ վարած Ժիրայր Լիպարիտյանը, ով Թուրքիայի և Ադրբեջանի հետ առանց որևէ նախապայմանի հարաբերությունների կարգավորման գլխավոր քարոզիչներից է դեռևս 1990-ական թվականներից:
Օրերս նա Երևանում ներկայացրեց իր հեղինակած «Հայաստան-Թուրքիա. Պետականություն, պատմություն, քաղաքականություն» գիրքը, որը ներառում է նրա տարբեր տարիների հրապարակած հոդվածները, հարցազրույցները, վերլուծությունները, մեծ թվով այլ նյութեր: Գրքի շնորհանդեսի շրջանակում տված դասախոսությունից հետո Լիպարիտյանը պատասխանել էր հարցերի՝ նշելով, որ 30 տարի հայաստանյան քաղաքական միտքը՝ իշխանությունները, կուսակցությունները, շեշտը դրել էին ուժի վրա, որը հանգեցրեց պատերազմի, պարտության, իսկ ներկայումս շեշտը պետք է դնել դիվանագիտության և խաղաղության վրա, հայ ժողովրդին նվիրելով խաղաղություն: Թե ինչպես է դա հնարավոր անել՝ Լիպարիտյանը չի մանրամասնում, ճանապարհային քարտեզ չի ներկայացնում, միայն խոստովանում է, որ բարդ է լինելու:
«Պետք է ասենք՝ այդ մարդիկ (Թուրքիա, Ադրբեջան.- խմբ.) վատն են, զիջելու բան չունե՞նք, այսպես պահենք, անդադար կռվի մեջ մտնե՞նք, թե՞ փորձենք հարցերը լուծել, վերջապես այս ժողովրդին խաղաղություն տալ: Մենք կարող ենք ընտրել այն, ինչ կցանկանանք ընտրել, Էրդողանը պաշտոնական հայտարարության մեջ ասաց, որ մենք հարգում ենք Հայաստանի տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը, ասա՞ց, թե՞ ոչ: Իսկ միջանցքի կապակցությամբ դա պաշտոնական չէ, դա քաղաքական հայտարարություն է, և, թե ի՞նչ կնշանակի միջանցքը, մենք դեռ չգիտենք, հարցը ներկայացված է՝ որպես սև և սպիտակ: Ներկայացված է, որ միջանցք պետք է տանք, ինքնիշխանությունը հանձնենք կամ միայն սահմանները պետք է բացենք»,- ասել էր Լիպարիտյանը: Նա նաև չի հավատում, որ հայկական կողմը կարող է ընթանալ Արցախի անկախության ճանապարհով:
Լիպարիտյանի խոսքով՝ «30 տարի է, մեզ ասում են, որ Ղարաբաղն անկախություն չի ունենալու, Ադրբեջանն ասում է, Ռուսաստանն ասում է, Իրանն ասում է, Թուրքիան ասում է, ԵԱՀԿ-ն ասում է, ՄԱԿ-ն ասում է, Ամերիկան ասում է, Եվրոպան ասում է, մենք այդ բոլորը մի կողմ դրած՝ այլ տրամաբանությամբ գնացինք և պարտվեցինք: Հիմա պետք է նախ նոյեմբերի 9-ի հայտարարության այն մասերը, որտեղ անորոշություն կա, փորձենք առավելագույն ձևով օգտագործել և նվազագույն վնասով դուրս գանք»:
«Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում Լիպարիտյանը նույնիսկ խոստովանել էր, որ ԱՄՆ Պետդեպարտամենտում և Անվտանգության խորհրդում ունեցած հանդիպման ընթացքում ամերիկյան կողմին ասել է, որ սխալ է անում ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը, երբ հայտարարում է, որ կարգավիճակի հարցը լուծված չէ: Նա հորդորել է հույսեր չտալ հայկական կողմին, որովհետև ԱՄՆ-ը չի պաշտպանելու Արցախի անկախության պահանջը: Ի դեպ, վերջին շրջանում ամերիկյան կողմը նման ձևակերպումներով հայտարարություններ, անդրադարձներ չի անում: Ամերիկյան կողմը Արցախի կարգավիճակի լուծված չլինելու հարցը շեշտում էր պատերազմից հետո ընկած կարճ ժամանակահատվածում:
Ավելորդ է անգամ նշել այն, որ Լիպարիտյանն ըստ էության կողմ է Նիկոլ Փաշինյանի հայտարարած Խաղաղության դարաշրջանին, ավելին, Նիկոլ Փաշինյանը Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերություններում առաջորդվում է լիպարիտյանական դիրքորոշումներով: Լիպարիտյանը նույնիսկ չի թաքցնում, որ շփումներ է ունեցել Հայաստանի ու Ղարաբաղի իշխանությունների հետ, որի մասին խոսել է իր օրեր առաջ ունեցած դասախոսությունում:
Բացի գրքից ու հարցազրույցներից, Լիպարիտյանը նաև քաղաքական հանդիպումներ է ունենում Երևանում: Դեկտեմբերի 14-ին Լիպարիտյանը ԱԺ-ում իշխող «Քաղաքացիական պայմանագիր» (ՔՊ) խմբակցության պատգամավորների հետ փակ դռների հետևում հանդիպում էր ունեցել և ներկայացրել իր տեսլականը, ինչպես նաև իր հեղինակած «Սպիտակ թուղթ» աշխատությունը կրկին խաղաղասիրական շեշտադրումներով և, ըստ մի շարք տեղեկությունների, նույնիսկ խաղաղասեր ՔՊ-ականների համար էին Լիպարիտյանի դիրքորոշումները չափազանց արտասովոր դիտարկվել:
Եվ ուշագրավ կերպով Երևանը, որը, ըստ մի շարք տեղեկությունների, իր բանագնացի անունը պետք է հայտարարեր Անկարայի հետ զուգահեռ, դեռ չի հայտարարում, թե ով է ստանձնելու Թուրքիայի հետ բանակցություններ վարելու պատմական պատասխանատվությունը ծանրքաշային դիվանագետ Քըլըչի հետ:
Ըստ տեղեկություների՝ թերևս այս գործը, ըստ ՀՀ ներկայիս իշխանությունների, ինչպես նաև Թուրքիայի իշխանությունների, հիանալիորեն կարող է կատարել հենց այս քաղաքականության կնքահայր Ժիրայր Լիպարիտյանը, ով ունեցել է նախկինում նման փորձ, ով Քըլըչի գրեթե սերնդակիցն է, ով հավատում է հայ-թուրքական հարաբերությունների պայծառ ապագային առանց պատմական խնդիրների, և ով նաև լավագույնս տիրապետում է անգլերենին: Այստեղ ուշագրավ է նաև այն հանգամանքը, որ Լիպարիտյանն ընդունելի ֆիգուր է՝ ինչպես Ադրբեջանում, այնպես էլ՝ Թուրքիայում, ում հրավիրում են դասախոսությունների, հարցազրույցների, և ում նույնիսկ հայաստանյան հարցազրույցներին հղում են կատարում Թուրքիայում, Ադրբեջանում, և ում թեկնածությանը հեշտությամբ համաձայնություն կտան Անկարայից: