«Եթե պատվաստումներն այդքան լավ են, այդ QR կոդի իմաստը ո՞րն է». «Ռեստորանների ասոցիացիա» հ/կ նախագահ
Առողջապահության նախարարն օրերս հայտարարել էր՝ շրջանառվում է նախագիծ, որով հունվարի 1-ից քաղաքացիները կկարողանան հանրային սննդի վայրեր, մշակութային վայրեր այցելել միայն ՊՇՌ թեստի բացասական արդյունքով կամ պատվաստված լինելու դեպքում:
Թե ինչ հնարավոր հետևանքներ կունենա այս որոշումը ռեստորանային բիզնեսի վրա՝ 168.am-ի հետ զրույցում թվերի տեսքով ներկայացրեց «Ռեստորանների ասոցիացիա» հ/կ նախագահ Աշոտ Բարսեղյանը:
«Այս սեզոնին հանրային սննդի ոլորտի տնտեսությունների շրջանառության 20 տոկոսի նվազումը մեր ոլորտի ցանկացած ներկայացուցչի համար նշանակում է զրկվել այն փոքր եկամուտից, որ դեռևս ունեն: Դրանից ավելի նվազումը նշանակում է կրել վնասներ և պարզապես փակվել,- նշեց Աշոտ Բարսեղյանը՝ հավելելով, որ նման նախագծի շրջանառումը անհասկանալի է նաև նախարարի հավաստիացումների համատեքստում.
«Տիկին նախարարն ասում է՝ ամեն ինչ շատ լավ է, միլիոնից ավելի մարդ է պատվաստվել. եթե պատվաստումների թվերն այդքան լավ են, այդ QR կոդի իմաստը ո՞րն է: Նախարարը նաև պնդում է, որ ոլորտը վնասներ չի կրելու. Ես ցանկանում եմ տեսնել այդ վստահության երաշխիքները՝ արդյո՞ք պետությունը պատրաստ է պետական երաշխավորություններ տալ ֆինանսական առումով, որ մեր ոլորտն իրենց ընդունած որոշման հետևանքով վնասներ չի կրի»:
«Ռեստորանների ասոցիացիա» հ/կ նախագահի համոզմամբ՝ եթե այդ երաշխիքները չկան, և նախարարի հավաստիացումներն ընդամենը ենթադրություններ են, ապա դա պաշտոնյայի դիլետանտիզմի դրսևորում է և ոչ պրոֆիլային նախարարի միջամտություն այլ պրոֆիլի նախարարության գործերին:
«Իսկ պրոֆիլային նախարարները, օրինակ՝ Վահան Քերոբյանը, չի զբաղվում իր տնտեսական հարցերով, գուցե ունակ էլ չէ զբաղվել այդ հարցերով, և դրա համար է թույլ տալիս, որ Առողջապահության նախարարությունը որերորդ անգամ ներխուժի տնտեսական բնագավառ: Ունենք այն, ինչ ունենք»,- շեշտեց Աշոտ Բարսեղյանը:
Հիշեցնենք՝ Առողջապահության նախարարի՝ սահմանափակումների մասին հայտարարությունից հետո «Ռեստորանների ասոցիացիա» հ/կ–ն կոչով դիմել էր ՀՀ Կառավարությանը և Առողջապահության նախարարությանը՝ հորդորելով զերծ մնալ անհիմն և բացասական հետևանքներ ունեցող նախաձեռնություններից:
«Խիստ անհամաձայնություն ենք հայտնում հնչեցված մտքի հետ և հայտարարում, որ գործարարները կնախաձեռնեն հակազդեցության քայլեր:
Ռեստորանային ոլորտը գտնվում է խիստ ծանր տնտեսական իրավիճակում, ապահովում է հիսուն հազար աշխատատեղ և չի պատրաստվում հնազանդվել ոլորտի համար կործանարար որոշումներին:
Մեկ անգամ ևս կոչ ենք անում պատասխանատու գերատեսչություններին՝ զբաղվել մասնագիտական խնդիրներով, մասնավորապես` առողջապահությամբ, զերծ մնալով գործարար աշխարհին միջամտելուց»,- նշված էր հ/կ տարածած հայտարարության մեջ: