«Վարչապետը ռեալ ինֆորմացիան տվել է՝ ոչ մի փաստաթուղթ չի ստորագրելու, և մենք մեր պարտականությունը պետք է կատարենք». Սյունիքի մարզպետ

Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց, որ Սյունիքի անվտանգությանն առնչվող հարցերն ամեն օր քննարկում են, որպեսզի խնդրին լուծում տան։

«Մենք պետք է սահմանամերձ գյուղերը համաչափ զարգացնենք, և պաշտպանությունը, և բարոյահոգեբանական վիճակը։ Իսկ հույսներս մենք մեր վրա պիտի դնենք, ես դա եմ տեսնում։ Երբ մեր խնդիրը կատարենք փառքով, պատվով, որևէ բան չի լինի, 100 տոկոսով բան եմ ասում։ Այնպես չէ, որ թշնամին մեզանից ուժեղ է, մենք այսօր կոտորվել ենք, որովհետև միասնական չենք, կոտորվել ենք, որովհետև գաղտնիության ռեժիմը չենք պահպանում, դրա համար ենք կոտորվել, բայց կգա ժամանակը ամեն ինչ կանենք»,- ասաց Մելիքսեթ Պողոսյանը։

Ըստ նրա, պետք է պահպանել գաղտնիության ռեժիմը, որպեսզի սահմանին կանգնած զինվորը, սպան լավ բան լսեն, լավ բաներ կատարեն։

Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի և Սյունիքի համայնքապետերի հանդիպմանը և Գորիսի փոխքաղաքապետ Կարեն Քոչարյանի հայտնած մտահոգություններին, Մելիքսեթ Պողոսյանն ասաց, որ Կարեն Քոչարյանն այնքան զենք-զինամթերք ունի, որ իր պարտականությունը կատարի, իրենք էլ ամեն ինչով պատրաստ կլինեն։

«Որպես Սյունիքի ԵԿՄ նախագահ և մարզպետ՝ այս պահին ես կարող եմ գնահատել, իրենք պատրա՞ստ են պայքարել, թե՞ ոչ։ Դա ասելով չէ, խոսքն ուրիշ բան է, պատրաստակամությունը՝ այլ։ Այնքան սուտ-մուտ են խոսել, որ մենք մեր աչքով տեսնենք, թե ինչի են պատրաստ, ում հետ են համագործակցում։ Խոսելով չեն է՜ պատրաստ, պետք է գործով պատրաստ լինեն։ Հանդիպումից հետո հարցեր չեն առաջացել, պարոն վարչապետը ռեալ ինֆորմացիան տվել է, որ ոչ մի փաստաթուղթ չի ստորագրելու, ոչ մի փաստաթուղթ չկա ստորագրելու, և մենք մեր պարտականությունը պետք է կատարենք»,- շեշտեց մարզպետը։

Ինչ վերաբերում է սահմանազատմանն ու սահմանագծմանը, Մելիքսեթ Պողոսյանն ասաց, որ սահմանագծում հասկացողություն դեռևս չկա։

Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որ 2020 թվականի դեկտեմբերի 18-ին իր որոշմամբ է հայկական զորքը հետ քաշվել Սյունիքի դիրքերից, Մելիքսեթ Պողոսյանն ասաց, որ ոչ մեկն էլ չի ուզել հետ քաշվի։

«Պարոն վարչապետը, որ եկել է Գորիսում խորհրդակցություն է արել, ասել է՝ անցեք Սյունիքի պաշտպանության։ Հետո մեկ-մեկ նպաստավոր բարձունքների վրա անցել ենք պաշտպանության՝ Նռնաձորից մինչև Խոզնավար։ Մոտավորապես 3 հազար մարդ Սյունիքից դուրս է եկել ու կատարել է ինժեներական աշխատանք, պաշտպանել իր հողը։ Խնդիրն այն է եղել, որ մենք մեկ ամիս համագործակցել ենք, որ չեզոք զոնան պահենք, 3 անգամ պոստերն առաջ ենք տվել։ Հետո ՌԴ-ն չի համաձայնել, մենք պետք է զբաղեցնեինք մեր Խորհրդային Միության դիրքերը։ Հանձնաժողով է եղել, ՌԴ-ի ու Ադրբեջանի հետ քննարկել են, որպեսզի սահմանները մնան նույն տեղում, չեն համաձայնվել, դրա համար մենք եկել ու զբաղեցրել ենք ԽՍՀՄ սահմանները»,- եզրափակեց Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս