Բաժիններ՝

Շեքսպիրյան 15-րդ միջազգային թատերական փառատոնը եզրափակվեց «Անսանձ կնոջ սանձահարումը» ներկայացմամբ

Շեքսպիրյան 15-րդ միջազգային թատերական փառատոնը հատեց եզրագիծը ռեժիսոր Կարո Բալյանի «Անսանձ կնոջ սանձահարումը» ներկայացմամբ: Այն հանդիսատեսի դատին հանձնեց Թաթարական պետական դրամատիկական թատրոնը նոյեմբերի 20-ին Երևանի Պատանի հանդիսատեսի թատրոնում:

Երեկոյին փառատոնի բոլոր մասնակիցներին հանձնվեցին դիպլոմներ: Փակման հանդիսավոր արարողության ժամանակ ամփոփվեց նաև «FestOFF» ծրագիրը, որը նախատեսված էր ուսանողների և անկախ թատերախմբերի համար, որոնք Հայաստանից և արտերկրից են: Հաղթող ճանաչվեց Մարիամ Հարությունյանը՝ «Շեքսպիրյան Տրիլոգիա» բեմադրությամբ։

Այս բեմադրությունն անգլիացի դրամատուրգի ստեղծագործությունների վառ հերոսուհիների՝ Ջուլիետի, Դեզդեմոնայի, Լեդի Մակբեթի սիրո և դրանց խոցելի կողմերի մասին է: Հաղթողին Երևանի Շեքսպիրյան 15-րդ միջազգային թատերական փառատոնը նվիրեց շեքսպիրյան թեմատիկայով նոր ներկայացման ամբողջական ֆինանսավորում:

Ծրագրի ժյուրիի նախագահը դրամատուրգ Կարինե Խոդիկյանն էր, ժյուրիի անդամները՝ թատերագետներ Տիգրան Մարտիրոսյանը, Հասմիկ Սեյմորը, Գայանե Թադևոսյանը, դրամատուրգ Էլֆիկ Զոհրաբյանը:

Շեքսպիրյան 15-րդ միջազգային թատերական փառատոնը մեկնարկել էր նոյեմբերի 15-ին՝ Կիևի ազգային ակադեմիական երիտասարդական թատրոնի «Ամառային գիշերվա երազը» ներկայացմամբ։

Փառատոնը հյուրընկալեց 7 երկրից ժամանած ավելի քան 100 մասնակցի և հյուրի, որոնց թվում՝ հեղինակավոր արվեստագետների, միջազգային փառատոնների տնօրենների՝ Ֆրանսիայից, ԱՄՆ-ից, Բուլղարիայից, Իրանից, Ուկրաինայից, ՌԴ-ից։ Երևանյան տարբեր բեմահարթակներում ցուցադրվեց շուրջ 15 ներկայացում:

Շեքսպիրյան միջազգային 15-րդ թատերական փառատոնի կայացման գործում ձեռք մեկնեցին անհատներ, այդ թվում՝ Հայկ Գրիգորյանը, Տիգրան Հարությունյանը եւ այլք: Փառատոնի հեդլայներներն էին «Թատրոն Կամրջի մոտ» («Театр у моста»)՝ «Մակբեթ» (ՌԴ, բեմադրիչ՝ Սերգեյ Ֆեդոտով) և Ռոդոփի դրամատիկական թատրոնի «12-րդ գիշեր» (Բուլղարիա) ներկայացումները։

Փառատոնի օրերին անցկացվեցին վարպետաց դասեր, որոնք վարեցին ՌԴ վաստակավոր արտիստ, Չեխիայի ազգային մրցանակի դափնեկիր, «Ոսկե դիմակ» փառատոնի դափնեկիր, ՌԴ պետական մրցանակի դափնեկիր Սերգեյ Ֆեդոտովը, «Կնեբել» թատրոնի և «MiSHiNLaB» թատերական լաբորատորիայի գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Միշինը (ՌԴ), դերասանուհի Աուրելիե Իմբերտը (Ֆրանսիա) եւ Նովոռոսիյսկի քաղաքային թատրոնի գեղարվեստական ղեկավար, «Տեատրալնայա Գավան» փառատոնի ղեկավար Եվգենի Կուշպելը (ՌԴ)։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս