Ի՞նչ դիտել հանգստյան օրերին. աշուն, Նյու Յորք, Վուդի Ալեն
Եթե ունեք Նյու Յորքով զբոսնելու անհագ ցանկություն, առաջարկում ենք ճամփորդել 168.am-ի հետ: Դե, ավելի ճիշտ կլինի ասել, Վուդի Ալենի հետ: Նշանավոր ռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր, դերասան, գրող, երաժիշտ, իսկ որ պակաս կարևոր չէ, նյույորքցի Վուդի Ալենը մի քանի տարի առաջ նկարահանեց իր հերթական սիրո խոստովանությունը Նյու Յորքին, որը էկրաններ բարձրացավ 2019 թվականին և կրում է «Անձրևոտ օր Նյու Յորքում» անվանումը:
Կինոնկարն իր շուրջն է համախմբել երիտասարդ դերասանական կազմի՝ Թիմոթի Շալամեի գլխավորությամբ, առանց որի վերջին տարիների հնարավոր չէ պատկերացնել ժամանակակից կինեմատոգրաֆը:
Գլխավոր հերոսը՝ Գեթսբի Ուելսը (Թիմոթի Շալամե), սովորելու մեծ ցանկություն չունի, սակայն շարունակում է ուսումը ընկերուհու՝ Էշլիի (Էլ Ֆանինգ) պատճառով, ով մեկնում է Նյու Յորք՝ ռեժիսոր Ռոլան Փոլարդից (Լև Շրայբեր) հարցազրույց վերցնելու համար, ում էլ միանում է գլխավոր հերոսը՝ սիրելիին քաղաքը ցույց տալու և նրա համար ռոմանտիկ ժամադրություններ պլանավորելու համար:
Բայց, ինչպես ասում է Միք Ջագերը՝ դու միշտ չէ, որ կարող ես ստանալ այն, ինչ ուզում ես… հատկապես Նյու Յորքում: Ռոմանտիկ արկածների, աշխատանքային վազվզոցների և բազմաշերտ հարաբերությունների քաղաքն այլ բան էր պլանավորել երիտասարդների համար… նոր հանդիպումներ, անսպասելի սյուժետային բեկումներ, սեր, բաժանություն, անձրև և անասելի հմայքով քաղաք՝ վուդիալենական հայացքի ներքո:
Ֆիլմում, որում ձևավորում է սիրային եռանկյունի, մեծ դերակատարում ունի Սելենա Գոմեսը: Երեք երիտասարդ դերասաններից միայն նա է իր սեփական վերաբերմունքը ցուցադրում, այլ չի արտացոլում այն ընտրությունը, որը Թոնի Ռոբերթսը և Դայան Կիտոնը կարող էին անել չորս տասնամյակ առաջ:
Կիրակին իդեալական է Վուդի Ալենի ռոմանտիկ կադրերի համար, որը աշնանային ջերմությամբ կլցնի հոգին և կտրամադրի միտքը գալիք աշխատանքային շաբաթվան:
Հեղինակ՝ Անի Գաբուզյան