«Բռնապետությանը բնորոշ նախագիծ». Շարքային քաղաքացին՝ Կառավարության հաստատած Աշխատանքային օրենսգրքի փոփոխության մասին

Կառավարությունը նոյեմբերի 4-ի նիստում չզեկուցվող հարցերի շարքում հավանության էր արժանացրել «Աշխատանքային օրենսգրքում», ինչպես նաև «Հանրային ծառայության մասին» օրենքում լրացումներ ու փոփոխություններ կատարելու մասին նախագծերի փաթեթը, առաջարկվող փոփոխությունները համարելով անհետաձգելի: Այս նախագծերի համաձայն՝ գործատուները հնարավորություն են ստանում լուծել աշխատանքային պայմանագիրն աշխատողի հետ, եթե աշխատողը չի ներկայացնում COVID-19-ի դեմ պատվաստված լինելու մասին տեղեկանքը կամ 14 օրը մեկ հանձնված ՊՇՌ թեստի բացասական պատասխանը:

Կառավարությունն Աշխատանքային օրենսգրքում այս փոփոխությունը նախաձեռնեց, երբ առողջապահության նախարարի հոկտեմբերի 1-ի ուժի մեջ մտած հրամանի վերաբերյալ իրավաբանները բարձրացնում էին այն հարցը, որ մասնավոր ոլորտում, եթե աշխատակիցը չցանկանա ներկայացնել հրամանով սահմանված տեղեկանքներից որևէ մեկը՝ բժշկական գաղտնիք լինելով պայմանավորված, ապա գործատուն ոչինչ անել չի կարողանա:

Կառավարության հաստատած նախագծով գործատուն իրավունք կունենա աշխատակցին չթողնել աշխատանքի, չվճարել նրա աշխատավարձը, եթե աշխատակիցը չի ներկայացնում պատվաստված լինելու մասին տեղեկանք, ՊՇՌ թեստի բացասական արդյունք կամ պատվաստման հակացուցման մասին տեղեկանք:
Եթե 30 օր անընդմեջ կամ վերջին 12 ամսում 50 օր աշխատողին այս հիմքով չթույլատրվի աշխատել, ապա գործատուն իրավունք է ստանում լուծել աշխատանքային պայմանագիրը: Գործատուին նաև իրավունք է տրվում աշխատանքային պայմանագիրը լուծել՝ առանց աշխատողին ծանուցելու:

Նախագծերը երկու շաբաթ (08.10-25.10) շրջանառության մեջ էին դրվել Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում՝ դրանով կարծիք, առարկություններ ներկայացնելու լայն հնարավորություն տալով քաղաքացիներին, հասարակական կազմակերպությունների: Բազմաթիվ առաջարկներ ու դիտարկումներ ներկայացվել էին, նախագծին կողմ էր քվեարկել 700 օգտատեր, դեմ՝ 332-ը: Հավանաբար կողմ քվեարկածների թիվն էլ հիմք է հանդիսացել, որպեսզի Կառավարությունը հաստատի նախագիծը՝ առանց հաշվի առնելու որևէ դիտարկում կամ առաջարկ:

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ն հորդորել էր շրջանառությունից հանել փոփոխության նախագծերը, փոխարենը՝ շահագրգիռ կողմերի հետ քննարկել կանխարգելիչ միջոցառումների կիրառման հարցերը՝ «բացառելու մարդու իրավունքների չհիմնավորված սահմանափակումները, այդ թվում՝ խտրականության և աշխատանքային իրավունքների խախտումների հնարավորությունը»:

Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի աշխատողների ճյուղային հանրապետական արհմիությունը դեմ էր արտահայտվել նախագծին՝ նշելով, որ փոփոխության նախագիծը փաստում է, որ մինչ այդ ընդունված ՀՀ Առողջապահության նախարարի 2021թ․ օգոստոսի 20-ի թիվ 65-Ն հրամանը և Հանրային ծառայության մասին օրենքում փոփոխությունների կատարելու մասին օրենքի նախագիծը հակասում են ՀՀ օրենսդրությանը, և դրանք օրինականացնելու անհրաժեշտություն կա։ Արհմիությունն առաջարկել էր ՊՇՌ հետազոտությունն իրականացնել պետության հաշվին, այն էլ՝ ավելի հաճախ, քան 14 օրը մեկ: «Եթե այդ պարագայում աշխատողը դրանից հրաժարվի, ապա ընդունելի ենք համարում տվյալ աշխատողին աշխատանքի չթույլատրելը՝ հեռավար եղանակով աշխատանքը կազմակերպելու անհնարինության դեպքում»,- գրված է արհմիության առաջարկություններում:

Արհմիությունը ուշադրություն էր հրավիրել նաև այն փաստին, որ նախագծի ընդունմամբ աշխատակիցը գործատուին պարտավորվում է ներկայացնել անձնական բնույթի տեղեկությունը, ինչն անթույլատրելի է աշխատողների անձնական տվյալների պահպանության տեսանկյունից:

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի դիտարկման համաձայն՝ պարտադիր պատվաստման կամ թեստավորման վերաբերյալ փաստաթղթերը չներկայացնելու դեպքում աշխատողին, հանրային պաշտոն զբաղեցնող անձին պաշտոնից ազատելու կամ հանրային ծառայողի լիազորությունները դադարեցնելու կարգավորումները խնդրահարույց են աշխատանքի ընտրության ազատության բաղկացուցիչ մաս կազմող աշխատանքից կամայականորեն չզրկվելու իրավունքի տեսանկյունից։ Առանձին խումբ հանրային պաշտոն զբաղեցնող անձանց նկատմամբ հակահամաճարակային սահմանափակումների չկիրառումը անտրամաբանական է և խտրական:

Ի պատասխան օգտատերերի այս դիտարկումներին՝ հեղինակները գրել էին, որ դրանք չեն ընդունվում, «քանի որ նախագծերի վերաբերյալ ներկայացված չէ բովանդակային առաջարկություն»:

Հարթակում ծավալված քննարկմանը մասնակցած որոշ օգտատերեր էլ պարզապես ափսոսանք ու դժգոհություն էին հայտնել, կամ իրենց կարճ գնահատականը տվել նախագծին:

Վահե Եղոյան օգտատերն ափսոսանք էր հայտնել՝ այս կառավարությանը վստահելու համար:

Օգտատեր Կարեն Մարկոսյանի բնորոշմամբ էլ՝ առաջարկվող փոփոխությունները «Բռնապետությանը բնորոշ նախագիծ» է:

«Ուղղակի բռնապետական կարգեր, ուրիշ ոչինչ, փոքրոգի եք: Ոնց եմ փոշմանում, որ այս կառավարության համար իմ թանկ ժամանակն եմ կորցրել` փողոց դուրս գալով։ Ուղղակի ամո՛թ ձեզ, չնայած դուք չգիտեք ամոթն ինչ է»,- գրել էր Նարե Կարապետյան օգտատերը:

Ի վերջո, Կառավարությունն անցած շաբաթ հաստատեց նախագծերը և որպես անհետաձգելի հարց ներկայացվեցին Ազգային ժողովին:

Փոփոխությունները ուժի մեջ են մտնելու պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից և գործելու են մինչև ՀՀ-ում կորոնավիրուսային հիվանդությամբ (COVID-19) պայմանավորված` արտակարգ դրության և (կամ) կարանտինի ավարտը: Իսկ կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված կարանտինը ՀՀ ամբողջ տարածքում վերջին անգամ սահմանվել է 2020թ. սեպտեմբերի 11-ից, ժամը 17:00-ից մինչև 2021թ. դեկտեմբերի 20-ը ներառյալ: Չի բացառվում, որ քննարկման առարկա դարձած նախագծերին զուգընթաց՝ Ազգային ժողով ուղարկվի նաև կարանտինը ինչ-որ ժամանակով երկարացնելու մասին նոր նախագիծը:

Տեսանյութեր

Լրահոս