Արցախում շատ անհասկանալի շինարարական աշխատանքներ են կատարվում. Մետաքսե Հակոբյան
«ՀՀ իշխանությունները, մասնավորապես՝ Նիկոլ Փաշինյանը, առաջնորդվում է «ամեն ինչ հանուն խաղաղության» սկզբունքով՝ միաժամանակ ոտնահարելով ՀՀ, Արցախի Հանրապետության և ընդհանրապես հայ ազգի արժանապատվությունը: Խաղաղությունը, այո, արժեք է, որին պետք է ձգտի ցանկացած ողջամիտ հասարակություն ու պետություն, եթե այն չի ոտնահարում ազգային ու պետական արժանապատվությունը, անկախությունն ու ինքնիշխանությունը»,- «Պատերազմի քննիչ հանձնաժողովի անհրաժեշտությունը. հետպատերազմյան ապաքինում» թեմայով քննարկման ժամանակ ասաց Արցախի Հանրապետության ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը:
Պատգամավորի խոսքով՝ պատերազմից մեկ տարի անց Արցախում այժմ առկա խնդիրները 3 մասի են բաժանվում՝ անվտանգային, սոցիալ-տնտեսական և բարոյահոգեբանական, որոնց լուծումների հանդեպ, ըստ պատգամավորի, Արցախի իշխանությունների աչքերն ու ականջները փակ են:
«Անվտանգության բաղադրիչը միշտ եղել է Արցախի Հանրապետության գոյության իրավունքի կարևորագույն բաղադրիչը: Պատերազմից հետո այն մեզ համար դարձել է պարզապես գոյաբանական հարց, քանզի Արցախում բնակչությանը գումար բաժանելով հնարավոր չէ պահել: Դա կեղծ օրակարգ է, որին այսօր գնում են Արցախի իշխանությունները և ցույց են տալիս, որ դրանով լուծում են Արցախի հիմնական խնդիրները: Գումար բաժանելով, բնականաբար, չեն կարող ապագայի հանդեպ հույս ներշնչել»,- ասաց Մետաքսե Հակոբյանը՝ նշելով, որ առավելագույն կարճ ժամկետում անհրաժեշտ է մշակել ու կիրառության մեջ դնել Արցախի բանակի վերակենդանացման, վերազինման ու կատարելագործման ծրագիր:
Անդրադառնալով Արցախում առկա սոցիալ-տնտեսական խնդիրներին՝ պատգամավորն ասաց, թե Արցախում կա սոցիալական լարվածության մեծ աճ, վտանգի ուժգնացող զգացողություն ու արտագաղթի մեծ ծավալ: Հակոբյանի փոխանցմամբ՝ կատարվել են ու շարունակում են կատարվել սոցիալական ծրագրեր՝ «հիմնականում փող բաժանելու ձևով, իսկ հիմնական շահառուն, ինչպես եղել է, այնպես էլ շարունակում է մնալ խնամի-ծանոթ-բարեկամ» մեթոդը:
«Կատարվում են շատ անհասկանալի շինարարական աշխատանքներ: Իհարկե, առաջին հայացքից անհասկանալի, բայց դրանք կատարվում են հիմնականում անօթևան մնացած, բռնի տեղահանված մեր հայրենակիցներին տանիքով ապահովելու քողի տակ: Շատ դեպքերում ինչ-որ շենքերի հարդարումներ են կատարվում, ասֆալտապատման երբեմն՝ իմաստ ունեցող, երբեմն՝ անիմաստ աշխատանքներ, բնակելի տարածքներից բավականին հեռավորության վրա լուսավորման աշխատանքներ, որոնք նույնիսկ այսօր տնտեսապես զարգացած երկրներում նման բաներ իրենց իշխանությունները թույլ չեն տալիս կատարել»,- ասաց Մետաքսե Հակոբյանը:
Ըստ պատգամավորի՝ Արցախի իշխանությունները չեն ստեղծել պայմաններ, որպեսզի բոլորը կարողանան աշխատել, այլ ոչ թե սպասեն հերթական 68 հազարին կամ 25 հազարին:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում