«Զանգեզուրի միջանցքի» հետ կապված՝ թուրքական կողմը նոր պահանջներ է հուշում Ադրբեջանին

Պատերազմի օրերին, երբ Ադրբեջանը հասցրել էր արդեն մի շարք կարևոր բնակավայրեր և շրջաններ գրավել, Նիկոլ Փաշինյանը ժողովրդին վստահեցնում էր, թե «պատերազմը մտել է մի փուլ, երբ դրա շարունակության ամեն վայրկյանը տեղապտույտի մեջ է գցում ամեն անգամ հրադադարն ուխտադրուժ կերպով խախտող հակառակորդին՝ փլուզելով նրա ունեցած իլյուզիաները»:

Եվ անգամ, երբ պատերազմի ելքը ցույց տվեց, որ Նիկոլ Փաշինյանն ի զորու չէ, ավելի ճիշտ՝ ցանկություն չունի փլուզելու թուրք-ադրբեջանական տանդեմի իլյուզիաները, Փաշինյանի իշխանությունը շարունակում է իլյուզիաներով ապրել և սնուցել ժողովրդին: Մասնավորապես այն, որ ապաշրջափակումից հետո Հայաստանը կարողանալու է, կամ Ադրբեջանը թույլ է տալու, որ շատ հանգիստ Հայաստանը օգտվի իր ճանապարհային ենթակառուցվածքներից՝ ելնելով զուտ 2020-ի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ հայտարարություններից:

Բայց մինչ ՀՀ «իմքայլական» իշխանություններն ապրում են պատրանքներով և հավատով առ թուրք-ադրբեջանական բարեկամություն, Ադրբեջանը և Թուրքիան շարունակում են գործել և նոր պլաններ մշակել մեր երկրի դեմ:

Թուրքիայի ներքին գործերի նախկին նախարար Սադեթթին Թանթանն ադրբեջանական «Թուրան» գործակալությանը տված հարցազրույցում ասել է.

«Զանգեզուրն այսօր փակ տարածաշրջան է  ոչ միայն Ադրբեջանի և Թուրքիայի, այլև ամբողջ թյուրքական աշխարհի համար: Դրանով ցամաքա-օդային-երկաթգծային միջանցքի անցկացումը նշանակում է՝ ճանապարհ բացել Թուրքիայից Նախիջևան, իսկ այնտեղից՝ թյուրքական աշխարհ: Միաժամանակ, դրանից կկարողանան օգտվել նաև եվրոպական երկրները: Բայց միջանցքը պետք է ամբողջովին գտնվի Ադրբեջանի վերահսկողության տակ»:

Այս համատեքստում Թանթանը շեշտել է, որ Ադրբեջանի խորհրդարանը և նախագահն առանց ժամանակ կորցնելու՝ պետք է համապատասխան որոշում,  հրաման ընդունեն՝ Լեռնային Ղարաբաղից ՌԴ զինված ուժերի և սահմանապահների դուրսբերման վերաբերյալ:

«Կարծում եմ, որ Զանգեզուրի միջանցքի բացումը մեծ ներդրում է լինելու  տարածաշրջանի բազմակողմանի և համապարփակ զարգացման համար: Միջանցքի օգտագործման սահմանափակումների բացակայության և  իր «հնագույն հողի»  նկատմամբ Ադրբեջանի վերահսկողության  իրականացման  պարագայում,  տարածաշրջանի բնակչությունը կբարգավաճի: Ես գտնում եմ, որ առաջին հերթին անհրաժեշտ է վերանայել ՌԴ-ի կողմից տարածաշրջան մուտքի և ելքի նկատմամբ հսկողության հարցը»,- շարունակել է թուրք նախկին պաշտոնյան:

Նշենք, որ Ադրբեջանի և Թուրքիայի նախագահները երեկ  մասնակցել են Հորադիզ-Ջաբրայիլ-Զանգելան-Ագբենդ  ավտոճանապարհի հիմնարկեքի արարողությանը, որը համարվում է Զանգեզուրի միջանցքի բաղադրիչը:

Իլհամ Ալիևը և Ռեջեփ Թայիբ Էրդողանն Արցախի օկուպացված տարածքներում ծանոթացել են նաև Ահմադբեյլի-Վարանդա (Ֆիզուլի)-Շուշի ավտոմայրուղու շինարարական աշխատանքների ընթացքին։

Ադրբեջանի ճանապարհների պետական գործակալության նախագահ Սալեհ Մամեդովն ավտոմայրուղու հիմնարկեքի արարողության ժամանակ նրանց տեղեկացրել է ընթացիկ աշխատանքների մասին։

«Դուք գնում եք մինչև Հայաստանի հետ սահման, այնպես չէ՞: Դուք կգնա՞ք ավելի հեռու»,- հարցրել է Էրդողանը:

«Այո, այնտեղից մենք կգնանք այն կողմ: Ալլահի օգնությամբ կհասնենք Ստամբուլ, Եվրոպա»,- պատասխանել է Մամեդովը։

Այսինքն, ինչպես վերևում նշեցինք, թուրք-ադրբեջանական տանդեմի նպատակը Հայաստանի նկատմամբ, բնավ, բարիդրացիական չի, ինչպես կաշվից դուրս գալով՝ փորձում է համոզել Նիկոլ Փաշինյանը, նրա կինը և նրա թիմը՝ խաղաղասիրական կոչերով,  և որի թեթև ձեռքով  Հայաստանը շուտով հայտնվելու է առավել վտանգավոր «աքցանի» մեջ:

168.amգրել էր, որ եռակողմ հայտարարության նախնական տարբերակի ապաշրջափակման մասին կետը սրբագրվել է:

Մասնավորապես, Հայաստան-Ադրբեջան-Ռուսաստան նոյեմբերյան համաձայնագրի 9-րդ կետում ասվում է.

«Տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակվում են: Հայաստանի Հանրապետությունը երաշխավորում է տրանսպորտային կապերի անվտանգությունը Ադրբեջանի Հանրապետության արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև` երկու ուղղություններով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և ապրանքների անխոչընդոտ տեղաշարժը կազմակերպելու համար: Տրանսպորտային հաղորդակցության հսկողությունն իրականացնում են ՌԴ ԱԴԾ Սահմանապահ ծառայության մարմինները»:

(Разблокируются все экономические и транспортные связи в регионе. Республика Армения гарантирует безопасность транспортного сообщения между западными районами Азербайджанской Республики и Нахичеванской Автономной Республикой с целью организации беспрепятственного движения граждан, транспортных средств и грузов в обоих направлениях. Контроль за транспортным сообщением осуществляют органы Пограничной службы ФСБ России).

Սակայն, հիշեցնենք, որ  եռակողմ հայտարարության նախնական տարբերակում հետևյալ  ձևակերպումն  է եղել.

«Տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակվում են: Հայաստանի Հանրապետությունը ապահովում է տրանսպորտային հաղորդակցությունը Ադրբեջանի Հանրապետության արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև` երկու ուղղություններով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և ապրանքների անխոչընդոտ տեղաշարժը կազմակերպելու համար: Տրանսպորտային հաղորդակցության հսկողությունն իրականացնում են ՌԴ ԱԴԾ Սահմանապահ ծառայության մարմինները»:

(Разблокируются все экономические и транспортные связи в регионе. Республика Армения обеспечивает транспортное сообщение между западными районами Азербайджанской Республики и Нахичеванской Автономной Республикой с целью организации беспрепятственного движения граждан, транспортных средств и грузов в обоих направлениях. Контроль за транспортным сообщением осуществляют органы Пограничной службы ФСБ России).

Ապահովել նշանակում է՝

– Որևէ բանի իրականացման, կենսագործման անհրաժեշտ պայմաններ ստեղծել:

Երաշխավորել՝

 Երաշխավորություն տալ ինչ-որ բանի համար։

Առաջին հայացքից գուցե որոշ դեպքերում երաշխավորելն ու ապահովելը կարելի է հոմանիշներ համարել, բայց տողատակում դրանք նաև այլ գործողություններ են պարունակում…

Հավելենք, որ «Ալիք Մեդիան»՝ հղում անելով «դիվանագիտական վստահելի աղբյուրներին», հայտնել էր, որ նոյեմբերի 9-ին Հայաստանը և Ադրբեջանը Մոսկվայում երկու նոր փաստաթուղթ են ստորագրելու, որից մեկը, որի շուրջ  գրեթե վերջնական պայմանավորվածություն է ձեռք բերվել հայ-ռուս-ադրբեջանական՝ փոխվարչապետների մակարդակով վերջին հանդիպման արդյունքներով, վերաբերում է տարածաշրջանում հաղորդակցությունների ապաշրջափակմանը, մասնավորապես՝ ճանապարհ-միջանցքների, այդ թվում՝ Ադրբեջանի և Նախիջևանի միջև հաղորդակցության հաստատման մանրամասներին:

Տեսանյութեր

Լրահոս