«Մեր ազգային գիրը ոչ թե մտքի արգասիք էր, այլ սուրբ հոգու շնորհ» . Տեր Զարեհ քահանա Աշուրյան
Հիշողությունը շատ կարևոր հանգամանք է տեսակի պահպանման հարցում։ Որպես ազգ, մենք ունենք մեր պատմության բազմահազարանոց հիշողությունը, որը մեզ օգնել է բոլոր ժամանակներում։ Կար ժամանակ, երբ ազգը ինքնաոչնչացման եզրին էր կանգնած՝ պատմական հիշողությունից կտրվելու պատճառով։ Չունենալով գրի լեզուն՝ ազգը պատմական հիշողությունից կտրվում էր աստիճանաբար։
Բերանացի միմյանց փոխանցված պատմությունները պետք է, որ գրի առնվեր և պատմություն դառնար։ 5-րդ դարը, որը «Ոսկե դար» ենք կոչում նշանավորվեց հենց այդ կարևորությամբ, երբ որ հայ ազգը ունեցավ իր սեփական գիրն ու գրականությունը։ Գիտենք, որ այդ ժամանակաշրջանում և դրանից առաջ էլ մենք չունեինք սեփական գիրը ու դա լուրջ սպառնալիք էր մեր ազգի համար։ Այդ ճանապարհով երկար գնալու դեպքում անխուսափելի էր դառնալու ձուլումը՝ մի որևէ ազգի հետ։ Ուստի, շնորհակալ լինենք մեր թարգմանիչներին, ովքեր, որ ձեռնամուխ եղան ազգային գրի ստեղծմանը։
Ու մեր ազգային գիրը ոչ թե մտքի արգասիք էր, այլ սուրբ հոգու շնորհ էր, ինչը որպես պարգև տրվեց Աստծուց մեր ազգին։
Ուստի, թարգմանչաց տոնի կարևորագույն պատգամը նրանում է, որ մենք պետք է գիտակցենք, որ թշնամին մեր դեմ կռվում չի օգտագործում միայն զենք, այլև կռվում է բոլոր այն մեթոդներով, որոնք կկարողանան մեզ զրկել ազգային առանձնահատկություններից՝ մշակույթից, պատմությունից, գրից ու գրականությունից։ Այս առումով, թարգմանչաց տոնը չպետք է միայն հիշատակենք, որպես զուտ պատմական իրողություն, այլ նաև նշանավորենք մեր մեջ գրչության դերն ու կարևորությունը։
Խաչատուր Աբովյանն ասում է․ «Լեզուս մոռանամ, կրոնս ուրանամ, ինչո՞վ պիտի ասեմ, որ ես հայ եմ»։ Հայ տեսակի պահպանման համար մենք պետք է հավատարիմ մնանք մեր կրոնին՝ չուրանալով այն, պահելով այն որպես սրբություն։ Մեր ինքնության պահպանման ճանապարհին, բազմաթիվ նահատակներ ունենք և որպեսզի իրենց արժանավոր հետևորդները մեզ համարենք, պետք է այդ նույն նախանձախնդրությամբ պահենք այն, ինչ որ ժառանգել ենք մեր հայրերից։
Եկե՛ք, այսօր խնդրենք սուրբ թարգմանիչների բարեխոսությունը, որպեսզի Տերը մեր մեջից առաջ բերի այնպիսի իմաստուն առաջնորդների, որոնք կկարողանան թարգմանիչների օրինակով մեզ փրկել ինքնաոչնչացման ճանապարհից։